▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ է ներկայացվել

2000 թվականից ի վեր, երբ ընդունվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, այն արդեն 29 անգամ ենթարկվել է փոփոխության։
Երեկ լրագրողական երեք կազմակերպություններ՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն», «Երևանի մամուլի ակումբը» և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» Ազգային ժողովի «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի» մշտական հանձնաժողովին են  ներկայացրել ամբողջությամբ նոր օրենքի նախագիծը։ Ըստ վերոնշյալկազմակերպությունների ղեկավարների՝ մեզանում այս օրենքը  ընդունումից ի վեր ունեցել է և այսօր շարունակում է ունենալ շատ բացեր։
«Իր դարն ապրած լիցենզավորման ծանր ընթացակարգից պետք է հրաժարվել և անցում կատարել այնպիսի ընթացակարգի, որը կզարգացնի ոլորտում մրցակցությունը»,-ասում է «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ավելացնելով, որ նախագիծն ունի որոշ շտկումների և միջազգային փորձագետների կողմից ուսումնասիրության կարիք։

 


Ըստ նոր օրենքի՝ նախատեսվում է մասնավոր մուլտիպլեքսի ստեղծման հեշտացում, որը հատկապես մարզային ալիքների զարգացման վրա դրական ազդեցություն կունենա։
Կարևոր կետերից մեկն էլ հեռուստաընկերությունների սեփականության թափանցիկության ստեղծումն է։ Ըստ Աշոտ Մելիքյանի՝ այսօր գործող օրենքում այն առկա է, բայց կան բացեր, բացի այդ էլ՝ այն «ձևական բնույթ է կրում»։
Ըստ  Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի՝ օրենքի փոփոխությունը հատկապես այս պահին կարևոր է, քանի որ 2021 թվականին հայտարարվելու է հեռուստատեսության լիցենզավորման մրցույթ․
«Եթե մրցույթը հայտարարվի այս օրենքի շրջանակներում, դա կնշանակի, որ մենք ևս 10 տարով կաթվածահար կանենք ամբողջ ոլորտի զարգացման հնարավորությունները, և դա ոլորտի համար կնշանակի վերջնական փակուղի»,- ասում է Բորիս Նավասարդյանը։
Օրենքի նոր նախագիծը հավանության է արժանացել հանձնաժողովի կողմից, եւ առաջիկայում նախատեսվում է քննարկում անցկացնել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին