▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության համար սննդամթերքի անվտանգությունը նշանակություն չունի՞

Մի քանի տարի առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էապես կրճատեց սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող պետական մարմնի լիազորությունները:

Ամենայն հավանականությամբ իրազեկված լինելով, որ տվյալ մարմնի աշխատակիցների շրջանում լայնորեն տարածված է կոռուպցիան, վարչապետը կադրային ճիշտ քաղաքականության և կոռուպցիայի դեմ ճիշտ, իրական և արդյունավետ պայքարի փոխարեն, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությանը, որի իրավահաջորդն այժմ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է, որոշմամբ արգելեց տարեկան մինչև 70 մլն դրամի շրջանառություն ունեցող առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում ստուգումներ կատարելը` առանց իրեն դիմելու, իր գիտության և թույլտվության:

Վերոնշյալը նույնիսկ այն դեպքը չէ, երբ կարելի է ասել, որ վարչապետը գլխացավը բուժելու փոխարեն, որոշեց գլուխը կտրել, որովհետև, ինչպես վկայում են փաստերը, տվյալ ոլորտում կոռուպցիան դրանից հետո էլ չվերացավ: Միաժամանակ փաստ է նաև այն, սննդամթերքի անվտանգության ոլորտում խայտառակ վիճակ է, և թեկուզ միայն պաշտոնապես արձանագրված խախտումները զանգվածային բնույթ ունեն:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը միայն 2012 թ. սեպտեմբերի 3-7-ը, ընդամենը 4-5 օրում սննդամթերքի դիտարկումներով և ուսումնասիրությամբ Երևանում հայտնաբերել է «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի ձվեր` պիտանիության ժամկետը լրացած (2 խանութում), անընթեռնելի մակնշումով (9 խանութում), անընթեռնելի արտադրության օրվա մակնշումով (1 խանութում), մակնշման անհամապատասխանությամբ (21 խանութում): Այս վերջինը նշանակում է, որ ձվերի կամ արտադրության, պիտանիության ժամկետը չի համապատասխանել դրանց իրական արտադրության, պիտանիության ժամկետին, կամ էլ ձվի չափը թե քաշը ցույց տվող տեսակավորման համարը չի համապատասխանել ձվերի իրական չափերին կամ քաշին:

Ծառայությունը հայտնաբերել է նաև ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ իրացվող «Արզնի» ընկերության ձվեր` պիտանիության ժամկետը լրացած (2 խանութում), անընթեռնելի մակնշումով (10 խանութում), մակնշման անհամապատասխանությամբ (16 խանութում), դարձյալ նույն կերպ իրացվող «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերության ձվեր` պիտանիության ժամկետը լրացած (1 խանութում), անընթեռնելի մակնշումով (16 խանութում), անընթեռնելի արտադրության ամսաթվով (4 խանութում), մակնշման անհամապատասխանությամբ (22 խանութում), «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի ձվեր` պիտանիության ժամկետը լրացած (1 խանութում), մակնշման անհամապատասխանությամբ (8 խանութում), մակնշման խախտմամբ (16 խանութում), «Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերության արտադրած ձվեր` մակնշման անհամապատասխանությամբ (7 խանութում), մակնշման անհամապատասխանությամբ, պիտանիության ժամկետի անընթեռնելիությամբ, անընթեռնելի մակնշմամբ` համապատասխանաբար «Թերս», «Գժուկ», «Նոր Գեղի» ընկերությունների արտադրած ձվեր:

Ընդգծենք, որ այս ամենը դեռ միայն օրենսդրության պահանջների խախտմամբ իրացվող, դեռ միայն Երևանում և ընդամենը 4-5 օրում հայտնաբերված-արձանագրված ձվերին է վերաբերվում: Իսկ մարզերում հայտնաբերվա՞ծը, մյուս սննդամթերքնե՞րը... Հայտնաբերված բոլոր խախտումներին, որոնց քանակը հսկայական է, ծավալի պատճառով հնարավոր չէ մեկ լրագրային հրապարակմամբ անդրադառնալ:

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ մոտ մեկ տարի առաջ` 2012 թ. մարտի 24-ին, ՀՀ կառավարության նիստը բացելով և անդրադառնալով սննդամթերքի անվտանգության խնդրին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է.

«Սննդամթերքի անվտանգությունը մեզ համար ունի էական նշանակություն, և Եվրամիության հետ համագործակցության մեր 4 ուղղություններից մեկը հենց վերաբերում է սննդի անվտանգությանը: Մենք պետք է կարողանանք պատշաճ կանոններ հաստատել, որոնք կհամապատասխանեն Եվրոպայի լավագույն ստանդարտներին«որպեսզի սննդամթերքի համար բացվեն եվրոպական շուկաների ճանապարհները: Անհրաժեշտություն կա, որպեսզի 6 ամիս անց մենք ևս մեկ անգամ կրկնենք այս գործառույթը և տեսնենք, թե վերացվե՞լ են թե ոչ նախորդ ստուգումներով բացահայտված խախտումները, թերությունները, որովհետև այն փաստերը, որ արձանագրվել էին, խիստ վտանգավոր էին և մտահոգիչ»:

Ինչպես փաստեցինք, խախտումները չեն վերացվել, զանգվածային բնույթ ունեն ու մտահոգիչ են: Կան նաև էլ ավելի վտանգավոր խախտումներ, որոնց առաջիկայում դեռ կանդրադառնանք: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետը տեղյակ է վերոնշյալ փաստերին, բայց ի՞նչ օգուտ դրանից, ինչպես ասում են, հետո ի՞նչ... Սոսկ ձևականության, տպավորություն ստեղծելու, յուրօրինակ շոուի համար չէ՞ Տ. Սարգսյանի մեջբերված խոսքը:

Հենց վարչապետի հիշյալ որոշման պատճառով է, որ հիշյալ խախտումների համար վերը նշված ընկերությունները չեն տուգանվել. սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սննդամթերքի դիտարկման և ուսումնասիրության արդյունքում նրանց չի կարող տուգանել, կարող է տուգանել միայն ստուգման արդյունքում, ինչը չի արել: Ակնհայտ է, որ վարչապետը, հիշյալ ծառայությունն ու նրա պետը Հայաստանում սննդամթերքի անվտանգությունն ապահովելու համար կամ ունակ, պիտանի չեն, կամ էլ իրականում պարզապես չունեն դրա, այսինքն` անցավ գլուխը ցավի տակ դնելու ցանկությունը: Գարունը մոտ է, ուզում ենք այս անգամ լավատես լինել ու չմտածել կոռուպցիայի մասին:

 

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան

«Հայացք» թերթ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին