▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 9-ի և մարտի 1-ի տարբերությունը

Առաջին մտածումը, որը լուսարձակի տակ պետք է բերել «Ազատություն»-«Բաղրամյան»-Ծիծեռնակաբերդ-հաղթանակ ժողովրդային շարժման ողղության վրա արձանագրված միջադեպերի սահմանափակ մնալու կարեւոր երեւութին է վերաբերվում։ Այլապես, ժողովրդային ցասման, դեպի նախագահական պալատ բազմամարդ քայլերթի, տրամադրությունների շիկացման ամբոխային երեւույթները շատ արագ համոզում էին, որ երկրորդ «մարտի մեկը» պատրաստ ենթահող ուներ Երևանի փողոցներում։

Այս պահին եւս երկկողմանիորեն նկատվեց նման պատահարներ բացառելու պատասխանատու մոտեցումը։  Թեեւ թե ցուցարարների եւ թե ոստիկանների շարքերում գտնվեցին տարրեր, որոնք կարմիր գծերը շրջանցելու դրսեւորումներ ունեցան։ Այստեղ թե Րաֆֆի Հովհաննիսյանի եւ թե ոստիկանապետ Գասպարյանի համատեղ ճիգերը դրական հետեւանք ունեցան դեպքերի զարգացումը վերահսկողության տակ պահելու առումով։  Հարկ է  ընդգծել, որ իրենց տեսակով, հարցերը դիմակայելու կամ միջադեպերի դիմաց հակազդելու իրենց եղանակներով ընդդիմադիր առաջնորդն առաջին նախագահը չէ, ոչ էլ գործող նախագահը՝ Հայաստանի երկրորդ նախագահը:

Հիմա գանք ժողովրդային հիասթափությանը: «Հիմա»-ի տրամաբանությունը ապրիլի 9-ին գերակշիռ էր ժողովրդի մոտ։ Տարբեր հանգամանքներով է բացատրվում ամբոխավարական ալիքի դրսեւորումն ու մանաւանդ շրջադարձային անմիջական փոփոխություն բերելու ակնկալիքի տարածումը:

Նախ անշուշտ` իշխանափոխության տարերային պահանջի առկայությունը, նախագահական ընտրությունների արդյունքների մշուշոտ լինելը, շատերի մոտ այդ ընտրություններին ընդդիմադիր թեկնածուի հաղթած լինելու համոզումը, այլոց մոտ իշխանափոխություն իրականացնելու առիթը բաց չթողելու մոտեցումը. այս բոլորի վրա աւելանում է նաեւ վճռորոշ հայտարարությունների, ժողովուրդը պայքարունակ պահելու միտումով հարցը տաք կրակի վրա պահելու եւ դեպի շրջադարձային փուլ առաջնորդելու կոչերը։

Նախագահական առումով նախընտրական եւ հետընտրական փուլերին ընդդիմությանը չէր հաջողվել համախմբվել առաջիկա անելիքների, ռազմավարական եւ հայեցակարգային ընդհանուր համաձայնական եզրերի շուրջ։ Փուլ առ փուլ անելիքների քարտեզը հստակ չէր։ Կային հանկարծակի պահանջներ, չխորհրդակցված, չքննարկված եւ չհամաձայնեցված առաջադրանքներ, որոնք իրականացնելու համար պիտի գործեր ուժերի միջեւ համակարգված մեքենականությունը։ Մինչեւ ապրիլի 9-ի սպասված շրջադարձը եւս` այդ ենթահողի ձեւավորման  նպաստող քայլ չառնվեց։

Համակարգային փոփոխությունը, երկարաշունչ պայքարի հետեւողականություն ենթադրող առաջադրանք է։ «Հիմա»-ի տրամաբանությունը չպետք է ճնշի կազմակերպվելիք գործողությունների համար ճշտվող մարտավարական սկզբունքների վրա։ Բայց երկարաշունչին առընթեր, ռազմավարական հայեցակարգի մշակումը, իրականացնելի գործողությունների եւ նրանց ժամանակացույցի ճշտումը պարտադիր են դուրս գալու համար պատահականության եւ հանկարծակիության գործոնի առաջացրած իրավիճակից։

Ապրիլի 9-ից ավելի կարեւոր կարող է նկատվել մայիսի 5-ը՝ Երևանի քաղաքապետական ընտրություննների օրը։ Ճիշտ է, որ ընդդիմությանը այս հանգրվանի համար եւս չհաջողվեց միավորվել եւ առաջադրել միասնական թեկնածու։ Այսուհանդերձ, քաղաքական օրակարգերի ճշտումն ու համատեղ խորհրդակցություններից եւ քննարկումներից բխած համակարգված աշխատանքներն են միայն, որոնք կարող են հաջողվել եւ  հանգել էական փոփոխութիւնների։ Այլապես, անջատ քայլերը, չհամադրված եւ չհամաձայնեցված որոշումներն ու հայտարարությունները ուժերի մասնատման կարգով  կջլատեն շարժումը։

Մինչեւ մայիսի  5-ը եւ դրանից հետո անշուշտ` ընդդիմադիր դաշտում քաղաքական օրակարգի շուրջ համաձայնությունը կարող է որակական փոփոխություն բերել, նոր հուսադրումների առաջնորդել եւ շարժմանն ապահովել նպատակաուղղված, հետեւողական եւ երկարաշունչ աշխատելաձեւի նոր եղանակներ։ Ա՜յս  գործընթացն է, որը բացառապէս կարող է ձեռք բերել տեսանելի արդյունքներ։

 

 Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի  գլխավոր խմբագիր 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին