▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերմինե Նաղդալյան. Մի կոպեկ թալանել են, սարքել եք եսիմինչ...«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի հետ։ Հատվածներ այդ հարցազրույցից` ստորև.

 

-Տիկին Նաղդալյան, Ձեր կարծիքով, ինչո՞ւ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության առիթով նման աղմուկ բարձրացավ, ի վերջո, այդ հաշվետվությունը նախևառաջ ներկայացվել է երկրի նախագահին և բոլոր գերատեսչություններին, որոնց ղեկավարներն էլ ծանոթացել են և հիմնականում համաձայնել այդ փաստաթղթի բովանդակության հետ։

 

-Ուրեմն տեսեք ինչ եղավ, ՎՊ– ն, ինչպես յուրաքանչյուր ստուգող կազմակերպություն, բնականաբար, չի կարող ստուգել բոլոր բացարձակ ծավալները, բոլոր ծրագրերը, այլ ստուգում է 1, 2, 3, 5, 10 ծրագրեր, ուղղություններ, ձեռնարկություններ կամ պրոյեկտներ և փորձում է այստեղից էքստրապոլացիա անելով՝ դուրս գալ ընդհանուր ծավալների վրա և դուրս գալ ընդհանուր գնահատականների վրա։ Ես կարծում եմ, որ այս հնչեղությունն առաջին հերթին հենց այստեղից առաջացավ։ Որպես ստուգող կազմակերպություն՝ ՎՊ– ն պետք է վարվեր բացարձակապես մեկ փաստի շրջանակներում։ Բայց քանի որ ՎՊ-ն ցանկություն ուներ և ճիշտ ցանկություն, որպեսզի ոչ միայն փաստեր վեր հաներ, ոչ միայն փաստեր այս կամ այն երևույթի կամ ծրագրի վիճակը, այլ նաև հետևություն աներ ավելի գլոբալ երևույթների մասին, այստեղից առաջացավ իրենց այս գայթակղություն ասեմ, թե մոտեցում ասեմ՝ էքստրապոլիացիա անելու։ Այսինքն, մեկ երևույթի տակ կա՞ արդյոք սրա կրկնումը այլ տեղեր։


-Հետաքրքիր է իմանալ, իսկ ԱԺ մեծամասնությունը, ի դեմս ԱԺ խոսնակի, տեղյա՞կ չէր ՎՊ Ձեր ասած էքստրապոլիացիայի սկզբունքին։ Դուք իշխող կուսակցության այն ներկայացուցիչներից եք, ովքեր բուռն արձագանքեցին ՎՊ հաշվետվությանը, որոշները «թալանչիների» և բյուջեն «լափողների» որս հայտարարեցին։

 

-Մեկ փաստից էքստրապոլիացիայի սկզբունքով գալիս ես երևույթները գնահատելու, առաջանում են մեծ թվեր, մեծ թվերի տպավորությունը, բնականաբար, ծանր է։ Ես կարծում եմ, որ այդ մեծ թվերի հնչեղության տակ շատ տպավորված էր ոչ միայն ԱԺ-ն, այդ թվում և քաղաքական մեծամասնությունը, այլև ողջ հանրությունը, որովհետև եթե իսկապես դու պատկերացնես, որ այսքան շատ են հանցագործություններն ու չարաշահումները մեր պետական միջոցների մեջ, ապա դա իսկապես շատ վատ է, և, արդարացիորեն յուրաքանչյուր մարդու, այդ թվում և քաղաքական մեծամասնության ներկայացուցչի կողմից շատ բուռն արձագանք կարող է ունենալ։ Կարծում եմ՝ Աժ-ն քաղաքական գնահատականների հարթակ է, և քաղաքական գնահատականները, բնականաբար, ունեն անցում ավելի բարձրագոչ, ավելի գլոբալ գնահատականների։ ՀՀ նախագահի վերաբերմունքը հետևյալն էր. նա ասեց՝ կա փաստաթուղթ, կան կոնկրետ փաստեր, եկեք նախևառաջ կոնկրետ փաստերին կոնկրետ գնահատական տալ։

 

-Տիկին Նաղդալյան, մեր մասնավոր զրույցում խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի մասին, ասացիք, որ հավատում եք վարչապետին, և նա ամենաճիշտ քայլն արել է՝ դիմել է դատախազությանը և շահագրգիռ է, որ բացահայտվի այդ պատմությունը։ Բայց օրեր առաջ Կիպրոսի դատախազը հայտարարեց՝ անհնար է, որ իրենց երկրում առանց որևէ մեկի գիտության նման կազմակերպություն գրանցվի։

 

-Ես չեմ կարող գնահատել Կիպրոսի կամ այս, կամ այն երկրի պաշտոնյայի մեկնաբանությունները, միակ բանը, որ Ես կարող եմ անել՝ իմ կուսակիցների քայլերը գնահատելն է, իսկ էդ քայլը (նկատի ունի դատախազություն դիմելու.խմբ.) ես ճիշտ քայլ եմ համարում և վստահում եմ նման քայլին։

 

-Դուք, փաստորեն, չեք հավատում Կիպրոսի դատախազին։

 

-Ես ասում, որ չեմ կարող գնահատել Կիպրոսի գլխավոր դատախազին, և նրա հայտարարությունները գնահատելը Կիպրոսի նախագահի ֆունկցիան է։ Փոխանակ դուք բոլորդ ձվի մեջ մազ ման գանք և եզի տակ՝ հորթ, փոխանակ ժամանակի էս ընթացքում նոր-նոր ալիքներ, նոր-նոր գնահատականներ, երևույթներ, չգիտեմ՝ բաներ ման գանք, ավելի լավ է մի քիչ սպասեք ու տեսնեք, թե ինչ գնահատականներ կտան մեր իրավապահ մարմինները։ Իիիինչ եք անընդհատ փորում, փորում,
փորում, ձվի միջի էդ մի մազը ման գալիս, չկա ձվի մեջ մազ, ձուն մաքուր ա։

 

«ՀԳ - Հարցազրույցից հետո տիկին Նաղդալյանն ավելի վրդովվեց, թե ինչ եք կպել էս խնդիրներին, մի կոպեկ թալանել են, սարքել եք եսիմինչ...»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին