▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց դեպք Արմավիրի մարզի Գայ համայնքում. «Ժողովուրդ»

«Արմավիրի մարզի Գայ համայնքում արտառոց դեպք է տեղի ունեցել: Գյուղի բնակիչներն անելանելի վիճակում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ շատ բնակիչներ «Կամուրջ» վարկային կազմակերպությունից վարկ են վերցրել և ամեն ամիս մարել այն՝ գյուղապետարանի աշխատակից Տաթևիկին փոխանցելով: Եվ ահա հուլիսի 29-ին Տաթևիկը հերթական անգամ հավաքել է վարկի մարման գումարները՝շուրջ 3,5 միլիոն դրամի չափով նստել գյուղի տաքսիներից մեկը և Արմավիրի մարզի Չոբանքյարա կոչվող ճանապարհահատվածում վթարի ենթարկվել: Վարորդն ու Տաթևիկը հիմա հիվանդանոցում են, իսկ գումարը անհետացել է: ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ վթարի առթիվ ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Իսկ անհետացած գումարի հարցը, փաստորեն, դեռ մնում է օդում կախված»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում


Այս հոդվածը կարող եք կարդալ նաև ստորև. 

ԱՎՏՈՎԹԱՐԸ, ՏՈՒԺԱԾ ԳԱՆՁԱՊԱՀԸ ԵՎ ԱՆՀԵՏԱՑԱԾ ՄԻԼԻՈՆԸ

 

Արմավիրի մարզի Գայ համայնքում արտառոց դեպք է տեղի ունեցել: Գյուղի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում: Բանն այն է, որ հուլիսի 29-ին Արմավիրի մարզի Չոբանքյարայի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, վթարից հետո մեքենայից անհետացել է գյուղի բնակիչների վարկը` շուրջ 3 միլիոն 200 հազար դրամ եւ 520 դոլար:

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 29-ին գյուղի մի խումբ բնակիչներ իրենց վարկերի հավաքագրման պատասխանատու Տաթեւիկին են տրամադրել  «Կամուրջ» Ունիվերսալ Վարկային կազմակերպությունից վերցված վարկի մարման գումարը, որպեսզի վերջինս այն վճարի  կազմակերպությանը:  Տաթեւիկն էլ, որ այդ աշխատանքն իրականացնում է արդեն 4 տարի, նշված օրը իրենց գյուղից մի տաքսի է նստել եւ ուղեւորվել Երեւան` վճարումներ կատարելու: Սակայն գյուղից մոտ 7կմ հեռավորության վրա` Չոբանքյարայի ճանապարհին, ավտովթարի է ենթարկվել: Գյուղի բնակիչները տեղեկանալով կատարվածի մասին, շտապել են դեպքի վայր: Տուժածներին տեղափոխել են  հիվանդանոց, իսկ ահա մի փոքր ուշ մարդիկ հասկացել են, որ Տաթեւիկի մոտ հավաքված մոտ 3 միլիոն 200 դրամը, ինչպես նաեւ 520 դոլարն անհետացել է: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ բնակիչների մեծ մասը տոկոսով գումար է վերցրել, որպեսզի կարողանան կազմակերպության վարկը մարեն, սակայն արդյունքում կանգնել են լուրջ խնդրի առաջ: Գյուղում շրջանառվող լուրերի համաձայն,  դեպքի վայրում մի հովիվ հավաքվածներին ասել  է, թե ինքը տեսել է՝ ինչպես է ինչ-որ մեկը մեքենայից վերցրել մի տոպրակ ու գնացել:

Ավելին՝ երեկ մի խումբ բնակիչներ արցունքակալած աչքերով բողոքի ակցիա են կազմակերպել գյուղապետարանի շենքի մոտ՝ խնդրելով գյուղապետից աջակցել իրենց:

Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գայ համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանի հետ, ով ասաց, թե իսկապես Տաթեւիկն աշխատում է գյուղապետարանում որպես օպերատոր, սակայն այդ վարկի գումարի հետ համայնքապետարանը որեւէ առնչություն չունի. «Դեպքը տեղի է  ունեցել, գումարը կորել է: Որքան գիտեմ՝  մոտ 3 միլիոն 200 հազար դրամ եւ 520 դոլար  է եղել:  Ոստիկանությանը կատարվածի մասին տեղյակ ենք պահել: Տաթեւիկը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում է, ոսկորները փշրվել էր, բավականին երկար վիրահատել են: Տեսնենք՝ ինչ կլինի: Տուժած  բնակիչները գալիս են ինձ մոտ, իսկ ես էլ ոչինչ չեմ խոստանում, բայց ինձնից ինչ կախված է կանեմ»:

Գյուղապետը նաեւ կարծիք հայտնեց, որ նման դեպքերում ճիշտ չէ` այդքան գումարով, այն էլ միայնակ, ճանապարհ ընկնել. «Օրինակ, երբ մենք գյուղապետարանից  պետք է մուծում անենք, անպայման մեր գանձապահի հետ նաեւ հաշվապահին եմ տանում»:

Փնտրեցինք եւ գտանք նաեւ «Կամուրջ» Ունիվերսալ Վարկային կազմակերպության վարկառուներից Արմանին (նրա մոր անունով է ձեւակերպված վարկը): Արմանը մեզ հետ զրույցում ասաց, որ Տաթեւիկը մինչ այդ նորմալ կատարել է  իրենց վարկի վճարումները եւ որեւէ խնդիր չի եղել. «Վթարի ժամանակ հազար մարդ է հավաքվել, չգիտենք, թե հիմա ինչպես է անհետացել այդ գումարը: Տաքսու վարորդն էլ է մեր գյուղից, նա էլ է կոտրվածքներ ստացել, ինֆարկտ տարած տղա է: Վարկային կազմակերպության գործակալներից եկել էին հիվանդանոց՝ Տաթեւին տեսակցության, ու երբ նրան տարել են վիրահատարան, գործակալներից մեկն ասել է,  թե՝ Տաթեւ ջան, ոչ մի բանի մասին մի մտածի, ամեն ինչ նորմալ է: Այդքան բան, չգիտենք, թե ինչ կլինի մեր գումարների ճակատագիրը, պարզ չէ»:

Ի՞նչ է սպասվում տուժած բնակիչներին. արդյո՞ք բանկը կընդառաջի եւ ժամանակ կտա բնակիչներին, մինչ նրանք կկարողանան անհետացած գումարը հայտնաբերել, թե՞ ընդհանրապես կհամարի այն մարված գումար: «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան «Կամուրջ» Ունիվերսալ Վարկային կազմակերպությունից պատասխանեցին. «Մեզ ժամանակ է հարկավոր այս դեպքին արձագանքելու եւ որոշում կայացնելու համար, քանի որ խոսքը վարկառու խմբի մասին է»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ վթարի առթիվ ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Իսկ անհետացած գումարի հարցը դեռ մնում է օդում կախված:

Հեղինակ` ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին