▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնակիչներին համոզելո՞վ են լռեցրել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի՝ սեպտեմբերի 18-ի հրապարակումներից մեկում գրել էինք, որ Ռուբինյանց 13/5 շենքի բակում դեղատուն է կառուցվելու, որն անխուսափելիորեն փակելու է բնակիչների ճանապարհը՝ անանցանելի դարձնելով հրշեջ եւ շտապօգնության մեքենաների երթեւեկությունը: Երեկ այս խնդիրը լուծվեց. բնակիչներն ու դեղատուն կառուցողը փոխհամաձայնության եկան: Դեղատան շինարարական աշխատանքները, հավանաբար, այսօրվանից կսկսվեն:

Հիշեցնենք, որ շինարարության առթիվ մեծ աղմուկ բարձրացրեցին շրջակայքի բնակիչները եւ նրանց ու տարածքի սեփականատեր Արմեն Հարությունյանի միջեւ բախում տեղի ունեցավ: Այս մասին առաջինը «Ժողովուրդ»-ը բարձրաձայնեց եւ բնակիչները տեսնելով, որ խնդիրը չի լուծվում՝ ստիպված դիմել էին Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին: Վերջինս էլ Երեւանի քաղաքապետին էր նամակ գրել՝ armlur.am-ի տեսանյութը կցելով, որպեսզի նրա ուշադրությունը հրավիրի խնդրի վրա:

Իհարկե, մեր հրապարակումից հետո ապօրինի շինարարությունը որոշ ժամանակով դադարեցվեց: Երեկ պարզեցինք, որ Ռուբինյանց 13/5 շենքի բնակիչներն ու դեղատուն կառուցողը՝ Արմեն Հարությունյանը, «բարիշել» են:

Նշված հասցեի բնակիչներից Լուսինե Եղիկյանն ասաց. «Մեզ ասացին, որ մենք այլ տարբերակ չունենք, որովհետեւ այդ տարածքն արդեն իսկ աճուրդով վաճառված է եղել եւ սեփականատեր ունի: Մենք ոչ մի կերպ չենք կարող պայքարել: Կես մետր դեղատան սեփականատերը մեր տարածքից հետ է գնում եւ շինարարությունն ավարտելուց հետո մեր ճանապարհն էլ ավելի է լայնացնելու: Ճիշտ է, ողջ շինարարության ընթացքում մեր հաշվին ճանապարհը կնեղանա, բայց ավարտից հետո այն նորից կլայնացնեն»:

Ի դեպ, երեկ նշված շենքի բակ են այցելել նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Ղազարյանը եւ թաղապետարանից այլ ներկայացուցիչներ, ովքեր բացատրական աշխատանքներ են տարել բնակիչների հետ: Ավելի ուշ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեղատուն կառուցողը խոստացել է բնակիչներին միաժամանակ բարեկարգել իրենց շենքի բակը՝ երեխաների համար սղարաններ տեղադրել, իսկ ծերերի համար՝ զրուցարաններ: Ավելին՝ նա երեկ այս շենքի բակում նստարաններ է տեղադրել: 

Այսքանից հետո մնում է զարմանալ, թե ինչու է Երեւանի քաղաքապետարանն առանց համապատասխան պայմանները հաշվի առնելու հենց այնպես տարբեր մարդկանց տարածքներ հատկացնում ու շինթույլտվություններ տալիս: Եվ ամենակարեւորը, որ երեկ պարզվեց. եթե կարելի էր դեղատունը կառուցել նախատեսվածից փոքր-ինչ այն կողմ ու դրանով չխանգարել բնակիչների անդորրը, ինչո՞ւ դա չէր արվել: 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին