▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում երեխաների վրա են հարձակվում. «Ժողովուրդ»

Գյումրիի տնակային թաղամասի բնակիչները մի քանի օր է՝ խուճապի մեջ են: Նրանց  խոսքերով՝ վերջերս ավազակային հարձակումների թիրախ են դարձել հենց տնակները, քանի որ դրանք մուտք գործելու առումով մատչելի են: Ընդամենը երկու  օր առաջ ավազակային հարձակման դեպք գրանցվեց Գյումրու Ավտոկայան թաղամասի տնակներից մեկում: «ժողովուրդը» փորձեց պարզել դեպքի մանրամասները:

Գյումրու Կումայրի ոստիկանության բաժնից տեղեկացանք, որ նոյեմբերի 24-ի գիշերը՝ ժամը 3:30-ի սահմաններում, 2 դիմակավորված անձ, ներկայանալով որպես  ոստիկանության աշխատակիցներ, մուտք են գործել 104/004 տնակ՝ 28-ամյա միայնակ մայր Հայարփի Մինասյանի բնակարան: Կապկպելով կնոջը` նրանք   գումար եւ ոսկեղեն են պահանջել: Տնակում գտնվող 7 տարեկան Խաչատուրն աղմուկից արթնացել է: Ավազակային հարձակում կատարած անձինք Հայարփի Մինասյանին հարվածելուց հետո դանակով վնասել են փոքրիկի ձեռքը: Նրանց հաջողվել է բնակարանից հափշտակել 2 մլն 409.000 դրամի գույք եւ 4.000 ԱՄՆ դոլար:

Ավազակների հեռանալուց հետո Հայարփին հարեւանի օգնությամբ հաղորդագրություն է ներկայացրել ոստիկանություն:

Մեզ հետ զրույցում հարեւանները նշեցին, որ ավազակային հարձակում կատարած անձինք իրենց ձեռքի տակ շշով բենզին են ունեցել, սակայն բարեբախտաբար այն չեն գործածել: Փոքրիկ Խաչատուրի ձեռքը վիրակապել են, սակայն բուժզննությունը պարտադիր է: Նշենք, որ կատարվածից հետո Խաչատուրը հրաժարվում է տնակում գիշերելուց: Նախկինում փոքրիկին առնետներն էին անհանգստացրել, հիմա էլ նրա այդ վախին նորն է ավելացել: Իսկ Խաչատուրի միայնակ մայրը գումար էր տնտեսել, որպեսզի գոնե մեկ սենյականոց բնակարան գներ:

Դեպքի հետ կապված Շիրակի մարզի քննչական բաժնի հատուկ կարեւոր գործերով ավագ քննիչ Արթուր Նահապետյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերի համաձայն: Ներկա պահին կատարվում է նախաքննություն:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Գյումրի

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին