▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ի ուշագրավ հայտարարությունը հատուկ գործողության վերաբերյալ.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ն հետեւել է հայկական ուղղաթիռի դուրսբերման գործողություններին։ Այս հայտարարությունն անկասկած ունի մանրամասն ճշգրտումների կարիք, ինչի հնարավորությունն, իհարկե, չկա, որովհետեւ պատքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը բավարարվել է դրանով։

Սակայն այն, ինչ ասվել է, արդեն իսկ բավական է անսպասելի եւ շատ հետաքրքրական լինելու համար, որովհետեւ ասվածը, ըստ էության, հանդիսանում է յուրօրինակ աջակցություն Հայաստանին, հայկական զինված ուժերին։ Որովհետեւ եթե հետեւել են, ուրեմն կարող էին նաեւ խանգարել ցանկության դեպքում։ Աննախադեպ է սակայն հենց այդ մասին հայտարարելը, ինչը, ըստ էության, վկայում է նոր իրավիճակի մասին, կամ որով, ըստ էության, նոր իրավիճակ է ձեւավորվում։ ԱՄՆ-ը բացահայտորեն հայտարարում է տարածաշրջանում իր որոշակի ռազմական ներկայացվածության մասին։ Այս կոնտեքստում, բնականաբար, առաջին հարցը, որ առաջանում է, նման հայտարարության պատճառներն են եւ բնականաբար Ռուսաստանի հնարավոր արձագանքները։ Միանգամից պետք է արձանագրել, որ միամտություն կլինի կարծել, թե Ռուսաստանի համար այդ ամենն անակնկալ է։

Պարզապես Մոսկվան էլ հասկանում է, որ ԱՄՆ տեխնոլոգիական զարգացվածության մակարդակը հնարավորություն է տալիս նմանօրինակ ներկայացվածություն ամբողջ աշխարհում, եւ սրա դեմ պարզապես անհնար է հակազդեցության որեւէ միջոց, եւ մնում է ընդամենը համակերպվել: Հետեւաբար, Մոսկվայի առանձնահատուկ արձագանք սպասել, թերեւս, պետք չէ: Հավանական է, որ Ռուսաստանն էլ ինչ-որ կերպ կհայտարարի, որ ինքն էլ է հետեւել գործողություններին: Թեեւ այստեղ, իհարկե, հայտարարության կարիք, երեւի թե, չկա, քանի որ քչերը կարող են  կասկածի տակ առնել այն, որ Հայաստանի զինուժը նման մասշտաբի եւ բնույթի գործողություններ կարող էր իրականացնել առանց Ռուսաստանի իմացության:

Եվ այս տեսանկյունից, իհարկե, պետք է արձանագրել նաեւ, որ փաստորեն Ռուսաստանն էլ չի խանգարել։ Թե ինչու՝ դժվար է ասել, քանի որ միջադեպն ամբողջությամբ վարագույրի հետեւում իսկապես շատ բաներ ունի, որոնց մի մեծ մասին մենք այդպես էլ չենք ծանոթանա կամ՝ առավելագույնը տասնամյակ կամ տասնամյակներ անց»։

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր

«Ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին