▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխային տարել էր փողի համար. «Ժողովուրդ»

Հունվարի 29-ին Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում արտառոց դեպք էր տեղի ունեցել: Գյուղի բնակիչներից մեկն առեւանգել էր իր համագյուղացու 15-ամյա որդուն եւ այդ կերպ պահանջել իր 2000 դոլար պարտքը:

Armlur.am-ի հետ զրույցում Մարմարաշենի գյուղապետ Էդվարդ Հակոբյանը պատմեց դեպքի մանրամասները: Ըստ նրա՝ Մարմարաշենի բնակիչ, ազգությամբ եզդի Մայիս Մստոյանն առեւանգել է իր համագյուղացու 15-ամյա որդուն. «Երեխայի անունը հարգելի պատճառներով չեմ ասում: Ուրեմն Մստոյանը մեր գյուղում առավել հայտնի է Պիտո մականվամբ ու անասնապահությամբ է զբաղվում: Իր ծանոթ ընկերոջ հետ պարտք ու պահանջ են ունեցել: Չեն կարողացել իրենց հաշիվները մաքրեն: Արդյունքում Պիտոն որոշել է իր ծանոթի երեխուն վերցնել ու տանել իր տուն: Բա ի՞նչ աներ, 2000 դոլարի պարտք ուներ էդ երեխու ընտանիքը Պիտոյին: Երեխուն տարել է իր տուն, տաք-տաք պահել ա, կերցրել, խմցրել»:

Սակայն, ինչպես պարզեցինք գյուղապետից, անչափահաս երեխայի ծնողները՝  տեսնելով, որ իրենց երեխան չկա, շտապ դիմել են ոստիկանություն. «Ծնողները ոստիկանության հետ գնացել են Պիտոյի տուն եւ երեխուն հետ են վերցրել: Ախր դա անելու բան ա՞: Դա շանտաժ ա, կլյաուզնիկություն, հասկանալի է՝ պարտք կա, բայց սա էլ արարք չի»:

Մեզ հաջողվեց զրուցել նաեւ երեխային առեւանգողի հետ: Վերջինս վստահեցրեց, որ ինքը չէր առեւանգել երեխային, քանի որ նրա ընտանիքի հետ հաց է կիսել եւ իր տանը մնալու տեղ է տվել: «Կատարվածն անչափահասի ծնողների երեւակայության արդյունքն է: Մեր երեխան է: Մեր տանը տեղ ենք տվել: Այդ օրն էլ իրար հետ իջել էինք ֆերմա, հաց կերել, մեկ էլ տեսնենք՝ հայրն ու մայրը ոստիկանների հետ մտան ներս: Էրեխուն վերցրին, գնացին: Էդ ընտանիքը մեր հայաթի հարեւանն է, իմ մոտ են աշխատում, կովերս են պահում»:

Ավելին՝ անասնապահ Մայիս Մստոյանը նկատեց, որ եթե որեւէ մեկին առեւանգում են, ապա. «Չեն տանում տանը պահում: Ասում եմ՝ ինչի՞ ես ոստիկանություն դիմել, ասում է, թե բա փո՞ղը: Ամեն ինչ նորմալ ա, թյուրիմացություն ա եղել, կանցնի»:

Նշենք, որ անչափահաս երեխայի ծնողները ոստիկանությունից հետ են վերցրել իրենց բողոքը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին