▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղնախարարի ներկայացրած «վարդագույն» պատկերը շատ հեռու է իրականությունից.«Ժողովուրդ»

Օրերս ՀՀ Կառավարությունում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացնելով 2014թ. իրականացված աշխատանքները, նշեց, որ հաշվետու տարում ՀՀ համախառն ներքին արդյունքի մեջ արձանագրվել է գյուղատնտեսության մասնաբաժնի աճ: Սակայն ՀՀ գլխավոր գյուղատնտեսի ներկայացրած տվյալները հակասական են: 

 Սերգո Կարապետյանի խոսքով՝ բուսաբուծության համախառն արտադրանքի ծավալն աճել է 6.9 տոկոսով, անասնապահությանը՝ 7.8 տոկոսով:

Նկատենք, որ նախորդ տարին գյուղատնտեսության համար առանձնապես բարենպաստ չէր ցրտահարությունների պատճառով: Օրինակ` հայկական հիմնական ապրանքանիշը՝ ծիրանը, նախորդ տարի չկար: Ավելին՝ այն նույնիսկ ներմուծվում էր ՀՀ եւ շուկայում վաճառվում մինչեւ 2000 դրամով: Իսկ դա նշանակում է, որ ծիրանի առումով արտահանման եւ ներքին շուկայի պահանջարկի սպասելիքները չարդարացվեցին: Իհարկե, տարին բարեբեր էր միայն դեղձի համար, բայց արդյոք  դեղձի տվյալներով հնարավոր է աճ ապահովել:

Անդրադառնալով բուսաբուծության աճին՝ նշենք, որ տարին բարեբեր չէր նաեւ կարտոֆիլի բերքի տեսանկյունից, մինչդեռ Հայաստանը մշտապես համարվել է կարտոֆիլի մշակությամբ զբաղվող կենտրոն: Այսինքն՝ մեր երկրի՝ հատկապես որոշակի տարածաշրջաններում կարտոֆիլի աճի համար բավական բարենպաստ պայմաններ են ստեղծված: Այս առումով դեռեւս խորհրդային տարիներին Հայաստանը համարվել է ինքնաբավ երկիր, եւ ներքին շուկայի ամբողջ պահանջարկը հնարավոր է եղել բավարարել: Իսկ այսօր կարտոֆիլի շուկայում անհեթեթ իրավիճակ է ստեղծվել: Վերջին երկու տարիներին կարտոֆիլի գինը երեք անգամ բարձրացել է, այսինքն՝ այսօր տեղական շուկայում միջինը 250 դրամով վաճառվող կարտոֆիլը նախկինում հնարավոր էր գնել 80-100 դրամով: Մինչդեռ սա ապրանքատեսակ է, որը ո՛չ ներկրվում է, ո՛չ էլ դոլար-դրամ փոխարժեքի հետ կապ ունի: 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2014 թվականի հունվարից մինչ տարեվերջ Հայաստանից արտահանվել է մոտ 21 հազար 100 տոննա կարտոֆիլ, իսկ 2013-ի նոյեմբերի տվյալներով՝ այն կազմել է մոտ 11 հազար 700 տոննա: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը դեռեւս նախորդ տարի գրել էր, որ 2014 թվականին արտահանված 20 հազար 600 տոննա կարտոֆիլը եղել է 2013 թվականի բերքը: Մինչդեռ Սերգո Կարապետյանի պնդմամբ՝ բուսաբուծության համախառն արտադրանքի ծավալն աճել է 6.9 տոկոսով:

Այս խնդիրներից բացի՝ հայ գյուղացին անցած տարի տուժեց նաեւ տարերային աղետներից՝ կարկուտից, ցրտահարությունից: Արմավիրի, Արարատի մարզերում հարյուրավոր հեկտարներով պտղատու այգիներ վնասվեցին, սակայն նրանց սեփականատերերի  մի մասի համար, միայն որպես փոխհատուցում, կրճատվեցին ջրի եւ հողի հարկերը: Այն դեպքում, երբ գյուղացիների կրած վնասներն անհամեմատ ավելին էին:

Անդրադառնանք անասնապահությանը. ՀՀ գլխավոր գյուղատնտես Սերգո Կարապետյանի խոսքով՝ անասնապահությունն աճել է 7.8 տոկոսով, ինչը եւս բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Ի վերջո, եթե իրոք նման աճ կա, ապա ինչու են ե՛ւ մսամթերքը, ե՛ւ կաթնամթերքը շարունակաբար թանկանում, այն դեպքում, երբ չի արտահանվում: Ավելին՝ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները կաթնամթերքի թանկացումը պատաճառաբանում են կաթի գնի բարձրացումով, որն էլ կաթի պակասի պատճառով է ստեղծվում:

Այս փոքրիկ անդրադարձն անգամ ակնհայտ է դարձնում, որ ՀՀ գյուղնախարարի  ներկայացրած «վարդագույն» պատկերը շատ հեռու է իրականությունից: Եվ չնկատել դա, ուղղակի հնարավոր չէ:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին