▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշացած կոչեր...«Ժողովուրդ»

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռուսական Regnum լրատվական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, թե քանի որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, Մոսկվան իրավաբանորեն ամրագրված պարտավորություններ ունի ՀՀ ռազմական անվտանգությանն աջակցելու գործում: Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծ քանակությամբ ռազմատեխնիկա վաճառելուն՝ նա նշել է, որ սա մեզ համար չափազանց նուրբ հարց է: «Մի կողմից մենք հասկանում ենք, որ ցանկացած ինքնիշխան պետություն իրավունք ունի զբաղվել զենքի առք ու վաճառքով, սակայն կարծում ենք, որ ռազմավարական գործընկերների շահերն ու մտավախությունները եւս պետք է հաշվի առնվեն: Հույս ունեմ, որ մեր ռուս գործընկերներն անդադար հետեւում են Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակությանը եւ ջանում են չափավորել մեր հարեւանի «զենքային մոլուցքը»»,- ասել է Օհանյանը:

ՀՀ ՊՆ նախարարի այս հայտարարությունները բավականին ուշագրավ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված Օհանյանը միանգամայն այլ հայտարարություններ էր անում` շեշտելով, թե դա  բիզնես է, եւ Հայաստանը որեւէ խնդիր չի տեսնում այն բանում, որ Ռուսաստանը գործում է իր  բիզնես շահերին համահունչ: Ավելին՝ ՀՀ ՊՆ բազմաթիվ ռազմական փորձագետներ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ավելի քան չորս միլիարդի զենքի վաճառքը փորձում էին արդարացնել այն հանգամանքով, թե Հայաստանին առավել ձեռնտու է, որ Ադրբեջանը զինվի ռուսական, քան, օրինակ, իսրայելական զենքով, քանզի որեւէ երկրից գնված ռազմական տեխնիկայի շահագործումը նշանակում է կախվածություն տվյալ երկրից: Ուստի մեր դաշնակից Ռուսաստանը որոշակի վերահսկողության հնարավորություն է ձեռք բերում ադրբեջանական զինուժի վրա` ռուսական զինտեխնիկայի շահագործման հետ կապված մշտական խորհրդատվությունների եւ մասնագետների պատրաստման առումով:

Եվ հիմա այն, որ մշտապես Ռուսաստանի շահերի պաշտպանության դիրքերից խոսող Օհանյանը սկսել է բարձրաձայնել «ռազմավարական գործընկերների շահերն ու մտավախությունները եւս հաշվի առնելու» Ռուսաստանի պարտավորության մասին, արդեն իսկ ցույց է տալիս, որ Ռուսաստանը հատել է Հայաստանի շահերի ոտնահարման` անգամ Օհանյանի համար ընդունելի շեմը: Սակայն արդյոք ՀՀ ՊՆ նախարարի այս ուշացած դժգոհությունն ու Ռուսաստանին ուղղված հանդիմանանքը կարող են որեւէ արդյունք ունենալ. բնականաբար` ոչ: Դրանք արդեն նման են ճաշից հետո մանանեխի:

Մինչդեռ, եթե ՀՀ իշխանությունները ի սկզբանե փոքր-ինչ ավելի արժանապատիվ կեցվածք ունենային եւ  Ռուսաստանին իր «ռազմավարական գործընկերների շահերն ու մտավախությունները եւս  հաշվի առնելու» անհրաժեշտության մասին հիշեցնեին, Ադրբեջանը, միգուցե, այսօր զինված չէր լինի ռուսական գերժամանակակից, չորս միլիարդանոց արսենալով:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին