▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զանգվածային կրճատումներ. «Ժողովուրդ»

Հրազդանում գործող «Հրազդան ՋԷԿ»-ում վերջին ամիսներին լարված իրավիճակ է. աշխատողներին մասսայաբար կրճատում են` առանց ներկայացնելու որեւէ հիմնավորում: Մեր տեղեկություններով՝ հունվարից մինչ օրս աշխատանքից արդեն իսկ ազատվել են շուրջ 80 աշխատող:

 

Ներկայումս ՋԷԿ-ում աշխատողների թիվը հասնում է մոտ 600-ի, մինչդեռ ամիսներ առաջ 1000-ը գերազանցում էր: Աշխատակիցներն ահազանգում են, որ իրենց նախազգուշացրել են՝ ապրիլի 1-ից սպասվում են նոր կրճատումներ: Նրանցից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում ասաց. «Ասում են՝ կես դրույք ենք դարձնելու, ձեզ չենք կրճատելու: Լավ, կես դրույքաչափով ինչքան ստանաս, առանց էդ էլ մի կարգին աշխատավարձ չէինք ստանում՝ 50 հազար դրամ: Ես գիտեմ, որ կես դրույք հասկացողությունը վաղուց մեր օրենսդրությամբ չկա: Ասում են՝ ներքին կարգով կպահենք: Շատ կասկածում եմ, որ կկրճատեն ու կասեն՝ չկարողացանք պահել»:

Մեկ այլ աշխատող, ով նույնպես չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ ՋԷԿ-ի գլխավոր ինժեների՝ Արտաշես  Մնացականյանի  կինն ու երկու տղաները հենց կրճատումների ընթացքում բարձր աշխատավարձով աշխատանքի են անցել ՋԷԿ-ում: Բարձրացրել են նաեւ արտադրամասերի պետերի աշխատավարձերը, որոնց միջոցով էլ, աշխատողների խոսքերով, կարողանում են ճնշում գործադրել բանվորների վրա:

Աշխատողներին արդեն երկար ժամանակ է՝ չի հաջողվում կապ հաստատել  տնօրենի՝ Աշոտ Մանուկյանի հետ, որպեսզի հասկանան, թե ինչու են իրենց կրճատել: Փորձեցինք տնօրենի հետ կապ հաստատել ինքներս, սակայն նրա բջջայինը շարունակ անհասանելի էր: Զանգահարեցինք ընկերության քաղաքային հեռախոսահամարին, որին պատասխանեց անվտանգության աշխատակիցը՝ ասելով, որ ոչ մի հարցում մեզ օգնել չի կարող:

Ինչեւէ, ինչպես աշխատողներն ասացին՝ ապրիլի մեկը սարերի հետեւում չէ, եւ նոր կրճատումների դեպքում մեծ բոյկոտ է սպասվում:

Հիշեցնենք, որ «Հրազդան ՋԷԿ»-ը 2004թ. Ռուսաստանի կառավարությանն է  փոխանցվել «գույք պարտքի դիմաց»  ծրագրով`  գնահատվելով 31 մլն դոլար: ՌԴ կառավարությունն այնուհետ «Հրազդան ՋԷԿ»-ը մասնատեց 2 մասի՝ 5-րդ էներգաբլոկը հանձնելով «Գազպրոմին», իսկ մյուս էներգաբլոկները փոխանցելով «Ռոսնեֆտեգազի» հաշվեկշռին: 2011 թվականից «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը  ձեռք է բերել  ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն:

Հեղինակ` ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Հրազդան

 

 Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին