▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվան կարող է վերանայել Կարսի պայմանագիրը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը զրուցել է ռուս պատմաբան եւ քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ:

Պարոն Տարասով, թուրքական օդուժի կողմից ռուսական «Սու-24» օդանավի կործանումը առաջացրեց բուռն աշխարհաքաղաքական զարգացումներ: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է սա փոխում իրադրությունը տարածաշրջանում եւ ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա՝ այն իմաստով, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է:

Իրավիճակն իսկապես փոխվում է, փլուզվում է Ադրբեջանի դաշինքը Թուրքիայի հետ, եւ Թուրքիայի դիրքերը կտրուկ թուլանում են տարածաշրջանում: Առաջինը՝ եթե նախկինում մենք շատ զգույշ էինք մոտենում Հայաստանին, Ղարաբաղին, չէինք ուզում փչացնել հարաբերությունները մյուս երկրների հետ, ինչ-որ ձեւով փորձում էինք հավասարակշռել, հիմա հասկանում ենք, որ Հայաստանը տարածաշրջանում Ռուսաստանի միակ դաշնակիցն է, եւ Հայաստանը՝ ներառյալ Ղարաբաղը, շատ լուրջ աջակցություն է ստանում իր պաշտպանությունը ամրապնդելու համար: Իսկ Ադրբեջանի դիրքերը կտրուկ թուլանում են:

Երկրորդը՝ այսօր շատ են քննարկում այն հարցը, թե Թուրքիան սադրանքների է դիմելու Հայաստանի սահմանին: Պետք է ասեմ, որ Թուրքիան ի վիճակի չէ դա անելու, քանի որ ներկայումս Թուրքիայի ողջ բանակը ՆԱՏՕ-ի հրամանով հսկում է թուրք-սիրիական սահմանը, իսկ Թուրքիայի՝ Հայաստանի հետ սահմանակցող արեւելյան շրջաններում թուրքական բանակի ներկայությունը խիստ թուլացել է՝ քուրդ զինյալների հետ բոլոր մարտերը պարտվելու պատճառով: Տվյալ պարագայում եթե այնտեղ հանկարծ որեւէ սպառնալիք առաջանա, ռուսական ռազմական խմբավորումը Հայաստանում, բնականաբար, կուժեղացվի, եւ ռուսական զորքերը հայկական բանակի հետ կկանգնեն սահմանին: Հայ ժողովուրդը չպետք է անհանգստանա:

Հատկանշական է, որ նախորդ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն գնաց Բաքու եւ հանդիպեց Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ, եւ ռուսական մամուլում կարծիքներ հնչեցին, թե Թուրքիան կարող է Ադրբեջանին հրահրել սադրանքների Հայաստանի դեմ: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

Մենք գիտենք, որ դեկտեմբերի 3-ին Բաքու կայցելի նաեւ վարչապետ Դավութօղլուն: Սա կլինի նրա առաջին պաշտոնական այցը Թուրքիայի կառավարության կազմը հաստատելուց հետո: Նրանք կորցնում են Ադրբեջանը: Գիտեք, Չավուշօղլուն Բաքվում Ադրբեջանի արտգործնախարարի հետ զրույցում ասել է, որ իրենք կաջակցեն Ադրբեջանին «օկուպացված տարածքները ազատագրելու հարցում», ինչին ի պատասխան՝ Մամեդյարովն ասել է, թե «մեզ մոտ էլ Լավրովի ծրագրի նախագիծը կա», թեեւ իրականում Լավրովի ծրագիր պարզապես գոյություն չունի: Կրկնում եմ՝ Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության միջոցները շարունակվելու են ամրապնդվել, որովհետեւ այս իրադարձություններն, ըստ երեւույթին, երկար են շարունակվելու, եւ Ռուսաստանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Անդրկովկասում: Իսկ այստեղ Հայաստանից բացի՝ ուրիշ դաշնակից չկա:

Դուք ասացիք, որ Թուրքիան կորցնում է Ադրբեջանը: Նկատի ունեք, որ Ադրբեջանը Ռուսաստանի եւ Թուրքիայի կոնֆլիկտում կանցնի Ռուսաստանի՞ կողմը:

Այո, նա ուրիշ ելք չունի. նա սեղմված է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ: Եթե նրանք այլ կերպ իրենց պահեն՝ թուրքի պես, այնպես, ինչպես իրեն պահեց Էրդողանը, Ադրբեջանին պարզապես կհոշոտեն:

Դիվանագիտական-քաղաքական հարթության վրա ռուսական կողմը սկսել է ակտիվորեն օգտագործել հայկական գործոնը Թուրքիայի դեմ: Այս իմաստով Թուրքիան կարո՞ղ է «ձիով քայլ» անել, օրինակ՝ վերսկսել թուրք-հայկական հաշտեցման գործընթացը:

Տեսեք, թե որն է խնդիրը. Հայաստանը, նախ, անկախ եւ ինքնուրույն պետություն է, երկրորդը՝ ՀԱՊԿ-ի, իսկ երրորդը՝ Եվրասիական միության անդամ է: Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը նաեւ Եվրամիության, Եվրասիական միության եւ ՀԱՊԿ-ի սահմանն է: Հասկանո՞ւմ եք: Այո, թուրքերը կարող են խաղարկել հայկական խաղաքարտը, հայտարարել՝ եկեք հաշտվենք, ստորագրենք, օրինակ, Ցյուրիխյան արձանագրությունները: Հայաստանը կարող է գնալ դրան, բայց կրկին հաշվի առնելով իր դաշնակիցների շահերը: Ես գրեթե 100 տոկոսով համոզված եմ, որ ինչ էլ հիմա թուրքերը առաջարկեն, հայերին դա ձեռնտու չէ, եւ նրանք չեն համաձայնվի:

Ընդհակառակը՝ Հայաստանի համար բացվում են նոր աշխարհաքաղաքական հեռանկարներ, որովհետեւ եթե իրականացվի ամերիկացիների քրդական նախագիծը, Հայաստանն այլեւս կսահմանակցի ոչ թե Թուրքիային, այլ Քրդական պետությանը: Այստեղ միայն Հայաստանի խնդիրը չէ: Կարող է սկսվել Թուրքիայի փլուզման գործընթացը: Թուրքիայի տարածքային ամբողջականության միակ երաշխավորը Պուտինն էր: Նա վստահում էր Էրդողանին, եւ վերջինս համարձակ էր գործում: Այժմ Էրդողանն այդ վստահությունը կորցրել է, եւ եթե Թուրքիան սկսեն պառակտել, Ռուսաստանը ձայն չի հանի: Աշխարհաքաղաքական փոփոխությունները սկսվելու դեպքում կփոխվի Թուրքիայի հետ սահմանային ռեժիմը: Իր ուժը կարող են կորցնել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, եւ առաջ կգա Նախիջեւանի խնդիրը: Համենայնդեպս, հիմա շատ փորձագետներ կարծում են, որ Թուրքիան կփորձի օկուպացնել Նախիջեւանը, ոչ թե ճնշում գործադրել Հայաստանի վրա: Խնդիրն այն է, որ Նախիջեւանը սահմանակից է Իրանին, որը Ռուսաստանի դաշնակիցն է եւ թույլ չի տա Թուրքիային այդ քայլն անել: Իսկ Հայաստանի տարածաշրջանային եւ գլոբալ դիրքերը այժմ օբյեկտիվորեն սկսել են ամրապնդվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին