▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օմբուդսմենի գրասենյակն ու սեռական փոքրամասնությունները. «Ժողովուրդ»

Դեռեւս 2015 թվականի նոյեմբերի 11-ին Եվրամիությունը ֆինանսավորում էր հատկացրել ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարգավորումներ իրականացնելու համար: ԵՄ-ն մի շարք ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հարցով առանձնացրել էր նաեւ սեռական փոքրամասնությունների մասով օրենքում կարգավորումներ իրականացնելու հարցը:

Ասել է, թե ԵՄ-ն ցանկանում է, որ Հայաստանում համասեռամոլների իրավունքների պաշտպանության հարցով ստեղծվի հատուկ մարմին, կամ այսպես ասած՝ հանձնաժողով, որը կզբաղվի միայն սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ: Տեղեկացնենք, որ 2015 թվականի դեկտեմբերին Սերժ Սարգսյանը հաստատել էր «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության» համաձայնագիրը, որով նախատեսված է գումար հատկացնել: Թե ինչին, հրամանագրի տեքստից հասկանալի չէ: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` որոշում եմ. Հաստատել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ 2015 թվականի դեկտեմբերի 2-ին եւ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը»,- գրված է Սերժ Սարգսյանի հրամանագրում, որն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Հիմա ՀՀ արդարադատության նախարարությունում դեռ շարունակում են քննարկումները, որպեսզի լրամշակեն «խտրականությունների դեմ պայքարի» մասին ՀՀ օրենքը: Ու քանի որ ԵՄ համաձայնագրում կոնկրետ պահանջ կա սեռական փոքրամասնությունների հարցով զբաղվող հատուկ մարմին կամ հանձնաժողով ստեղծելու մասին, սա, համաձայնեք, բավականին աղմկոտ պատմություն կարող է դառնալ, որովհետեւ մեր երկրում փաստացի ձեւավորվելու է «երկնագույների օմբուդսմենի» ինստիտուտ:

«Ժողովուրդ»-ին իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Եվրամիությունը ի սկզբանե ծրագիրը գրելուց առաջարկել է, որ Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններին կից ստեղծվի սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խորհուրդ, որն էլ կբարձրացնի նրանց հուզող հարցերը եւ կապահովի նրանց իրավունքների ոտնահարման հնարավոր դրսեւորումները, սակայն ծրագրի քննարկման ժամանակ արդարադատության նախարարությունը եւ արտաքին գործերի նախարարությունը ասել են, թե ՄԻՊ-ը անկախ մարմին է, թող իրենք էլ զբաղվեն, ինչին էլ ԵՄ-ն համաձայնություն է տվել: Նկատենք, որ Եվրամիությունը հակախտրականության հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ աշխատել է արդարադատության նախարարության հետ, եւ այդ աշխատանքային գործընթացի մեջ ներգրավված է եղել ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արման Թաթոյանը: Ու հենց նույն Թաթոյանի առաջարկով է որոշվել մերժել «երկնագույներին պաշտպանելու» գործառույթը հասարակական սեկտորին հանձնելու տարբերակը: Նա առաջակել է հենց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տալ «երկնագույների պաշտպանությունը»՝ հիմնավորելով, որ նրանք էլ են մարդ, եւ նրանց իրավունքները եւս կարող է պաշտապնել օմբուդսմենը, եւ առանձին մարմին ստեղծելու անհրաժեշտություն չկա:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այլեւս օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի կողմից միանշանակ չի ընդունվել այս տարբերակը, բայց քանի որ պետական մարմինը նման որոշման է հանգել, նա ստիպված է եղել սպասել, մինչեւ օրենքի նախագիծը հասնի ՄԻՊ գրասենյակ: Ու մինչ Կարեն Անդրեասյանը կփորձեր ելքեր գտնել՝ ԵՄ դեսպանի հետ տարբեր զրույցներում չարաբաստիկ նախագծից խուսափելու համար, շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Անդրեասյանը 2016 թվականի հունվարի 12-ին հրաժարական տվեց եւ օմբուդսմենին փոխարինեց Արման Թաթոյանը: Այո, նույն Թաթոյանը, որը կրակի մեջ էր գցել Կարեն Անդրեասյանին ու ՄԻՊ կառույցին: Ինչպես ասում են՝ «փոս փորողն ինքը փոսը ընկավ»:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը փորձեց ՄԻՊ գրասենյակից պարզել, թե արդյոք արդեն սեռական փոքրամասնությունների նախագծի ստեղծման շուրջ քննարկումները սկսվել են, եւ ի՞նչ է անում ՀՀ օմբուդսմենը այդ հարցով իրազեկման աշխատանքներ իրականացնելու ու հանրության իրավագիտակցությունն այդ ոլորտում բարձրացնելու ուղղությամբ: Ի պատասխան՝ ՄԻՊ մամուլի քարտուղար Ռոնա Ահարոնյանն ասաց. «Դեռեւս 2015 թվականին արդարադատության նախարարությունը մշակել է «Խտրականության մասին» օրենքի նախագիծ, սակայն դրանով մինչեւ այսօր որեւէ այլ բան չի արվել, եւ թե ինչ փուլում է, մենք չգիտենք: Նախկինում նախատեսվել է, որ օմբուդսմենի աշխատակազմում լինի առանձին կառույց, առանձին խումբ, որը պիտի զբաղվի խտրականության դեմ պայքարի թեմաներով, բայց մեզ դեռեւս նախագիծ չի ներկայացվել, որ մենք սկսենք դրա գործունեությամբ զբաղվել»:

Հ. Գ. Նկատենք, որ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում թեեւ նշված է ֆինանսավորման հատկացման մասին, սակայն գրված չէ, թե ինչքան գումարի մասին է խոսքը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Եվրամիությունը 12 մլն եվրո է նախատեսել տրամադրել Հայաստանին՝ «երկնագույների օմբուդսմենի» ինստիտուտի ձեւավորման համար: Ու քանի որ մեր երկրին միշտ եւ շատ գումար է անհրաժեշտ, ուստի այլեւս կարեւոր չէ, թե դրամաշնորհն ինչ անունով է երկիր մտնում, գլխավորը գումարն է:

Հեղինակ` Քնար Մանուկյան

 

Ուշագրավ այլ նյութեր՝ «Ժողովուրդ» օրաթերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին