▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռուստամարաթոնը մեծ վտանգի տակ է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների համատեղ նիստը, որ տեղի ունեցավ երկուօրառաջ Երեւանում, ապրիլյան պատերազմից հետո առաջինն էր: Հեռուստամարաթոնն այս տարի նվիրված կլինի Թալիշին եւ պատերազմից տուժած մյուս բնակավայրերին, ու չնայած դրան` վտանգը, որ հավաքված գումարը խայտառակ փոքր կլինի, մեծ է: 

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ներկայացնելով «Մարաթոն-2016»-ի նպատակաուղղվածության մասին իր զեկույցը, առաջարկել է հեռուստամարաթոնի ծրագրում ներառել Արցախի՝ ապրիլյան պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը, ինչը խորհրդի անդամների կողմից միաձայն հաստատվել է: Խոսքը Մարտակերտի շրջանի բնակավայրերի մասին է՝ Մարտակերտ եւ Մատաղիս քաղաքների եւ Թալիշ գյուղի, որոնք առավել մեծ չափով են տուժել չորսօրյա պատերազմի օրերին: Ճակատագրի հեգնանքով «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2005թ. հեռուստամարաթոնից ստացված ողջ հասույթը նույնպես ուղղվել է «պատերազմից առավել մեծ չափով տուժած ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքային զարգացմանը»: Տասնմեկ տարի անց, պատմությունը կրկնվում է, եւ աշխարհասփյուռ հայությունը գումար է հանգանակելու կրկին Մարտակերտի շրջանը վերակենդանացնելու նպատակով: 

Այս ընթացքում հիմնադրամը նաեւ նույն նպատակի համար միջանկյալ-արտահերթ դրամահավաք կազմակերպեց` ապրիլի 25-ին հատուկ ուղերձով դիմելով հայությանը, որտեղ կոչ էր արվում համախմբվել Արցախի շուրջ եւ հանգանակություն կատարել չորսօրյա պատերազմից տուժած ենթակառուցվածքները վերականգնելու եւ ընտանիքներին օգնելու համար: Իսկ մայիսի 14-ին ԱՄՆ-ում արտահերթ հեռուստամարաթոն կազմակերպվեց, որի ընթացքում Արցախին օգնելու համար 1 միլիոն 102 հազար 357 դոլար հանգանակվեց: Այս գումարը նույնպես կուղղվի պատերազմից հետեւանքները վերացնելուն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը ավանդաբար կազմակերպվում է նոյեմբերի վերջերին եւ ամեն տարի՝ հատուկ խորագրով: Այս տարի հեռուստամարաթոնի խորագիրն, ըստ ամենայնի, ապրիլյան պատերազմի ու ավերված բնակավայրերը վերակառուցելու մոտիվներով կլինի:

Վերջին տարիներին  հիմնադրամին տրված հանգանակությունները տարին տարվա վրա միայն նվազում են: Հիմնադրամի գործունեությունն էլ լավագույն ձեւով չի ընթանում, առաջին տարիների էնտուզիազմն արդեն վաղուց չկա: Նախկինում հիմնական միջոցառումը` տարեկան հեռուստամարաթոնը ուղեկցվում էր գրեթե բոլոր տեղական մարմիններում կազմակերպվող դրամահավաք-ճաշկերույթներով, բարեգործական համերգներով, ցուցահանդեսներով: Անցյալ տարի, սակայն, նման միջոցառումներ կազմակերպվեցին ընդամենը երեք երկրում, այն դեպքում, երբ հիմնադրամը աշխարհի 30 երկրում տեղական մարմիններ ունի:

2012 թվականից այս կողմ չի կազմակերպվում Մոսկվայի ավանդական դրամահավաք-ճաշկերույթը, որի շրջանակներում ռուսաստանաբնակ հայ մեծահարուստները, որպես կանոն, հանգանակում էին  ողջ մարաթոնի ժամանակ հավաքված գումարի առյուծի բաժինը: Առաջին տարին Մոսկվայի ճաշկերույթի չեղարկումը հիմնադրամի ներկայացուցիչները բացատրեցին Ռուսաստանում տիրող վատ վիճակով: Հայաստանի քաղաքական շրջանակները, սակայն, ավելի շատ քաղաքական բացատրություններ էին փնտրում դրա մեջ: Ապրիլյան պատերազմի եւ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների պրիզմայով հետ նայելով՝ ակնհայտ է դառնում, որ իսկապես Մոսկվայի ճաշկերույթի չեղարկման պատճառները պետք է փնտրել ոչ թե ՌԴ-ում, այլ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում:

Նույնը չի կարելի ասել մյուս  երկրներում եւ քաղաքներում հիմնադրամի տեղական մարմինների աշխատանքների պասիվության եւ առհասարակ ավելի քիչ հանգանակություն անելու՝ աշխարհասփյուռ հայության տրամադրվածության մասին: Սրանց հիմքում մեկ բան է. Հայաստանի կառավարման համակարգում եւ իշխանությունների շրջանում կոռուպցիայի անասելի բարձր մակարդակը, ինչը էլ ավելի սուր աչք ծակեց հենց պատերազմի ֆոնին: Սփյուռքահայերը, ինչպես հայտնի է, չեն սիրում, երբ իրենց փորձում են հիմարացնել: 2013 թվականին հիմնադրամը ստացել է  22 661 372 դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում, 2014 թվականին` 12 399 550  դոլարի, 2015 թվականին` 10 378 465  դոլարի:

Այս տարվա փետրվարից կարծես թե իրավիճակն ուղղելու ինչ-որ փորձեր են արվում, պատերազմից հետո էլ դրանք ավելի մեծ թափ հավաքեցին, բայց դժվար թե սփյուռքում որեւէ մեկն արդեն հավատում է այդ ամենին: Հայաստանում հավատացողներ, իհարկե, վաղուց մոմի լույսով չես գտնի: Մյուս կողմից բոլորն են հասկանում, թե Արցախի ավերված բնակավայրերը վերակառուցելու խորագրով այս տարվա հեռուստամարաթոնի արդյունքը որքան կարեւոր է, ոչ միայն ֆինանսական, այլեւ` հոգեւոր, քաղաքական, աշխարհաքաղաքական իմաստներով:

Ու թեեւ պատերազմական օրերի աննախադեպ միասնությանն ու հոգեւոր համախմբվածությանը, ակնհայտ է, որ նվիրատվությունների քանակը մեծապես կախված է լինելու Հայաստանի կառավարության` կոռուպցիայի դեմ սկսած արշավով: Հերթական թատերական ներկայացումը սփյուռքում կարող է մեծ ցասում առաջացնել, որն արտահայտելու լավագույն ձեւը կարող է դառնալ հեռուստամարաթոնի խայտառակ արդյունքը:

Առավել մանրամասն՝ թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին