▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաջորդ համաներումը կլինի անկախ Հայաստանի 10-րդ հոբելյանականը, այն գաղտնի են պահում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Քաղաքական եւ հասարակական շրջանակներում քննարկվում է հնարավոր համաներման հարցը:

Սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը, եւ կարծիք կա, որ այդ առիթով Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի: Պետության ղեկավարները սովորաբար համաներում հայտարարում են պետական տոների կամ կարեւոր իրադարձությունների առիթով, եւ այն համարվում է մարդասիրական եւ ոչ թե արդարադատությանն ուղղված քայլ: Իսկ ՀՀ անկախության հոբելյանական այս տոնը այդ առումով լավագույն առիթն է: Հատկապես որ անկախության 25-ամյակի առիթով համաներում է հայտարարվել նաեւ Արցախում, եւ այսօր այդ նպատակով ԼՂՀ խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել:

Իսկ ՀՀ-ում համաներում հայտարարելու համար կա նաեւ հասարակական եւ իրավական պահանջ, հատկապես որ երեք տարի է, ինչ նման ակտ չի կատարվել: Վերջին համաներումը տեղի է ունեցել 2013թ., նորից ՀՀ անկախության տոնի առիթով:

Անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, մնացել է մեկ ամսից էլ պակաս ժամանակ, եւ տրամաբանական է, որ համաներման մասին որոշման նախագիծը հիմա պետք է որ քննարկվի Ազգային ժողովի կամ Արդարադատության նախարարության, ինչպես նաեւ նախագահականի ու դատախազության ներկայացուցիչների կողմից: Համաներում հայտարարելու կամ չհայտարարելու մասին տեղեկությունը, սակայն, խիստ գաղտնի է պահվում: Քաղաքական շրջանակներում նախ կարծիք կա, որ Սերժ Սարգսյանը չի սիրում, երբ իր նման որոշումների մասին իրենից առաջ այլ պաշտոնյաներ են բարձրաձայնում:

Ամեն դեպքում, եթե Ս. Սարգսյանը համաներում հայտարարի, ապա այն ԱԺ-ում կքննարկվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Համաներումները մեր երկրում ունեն նաեւ քաղաքական նշանակություն: Ընդհանրապես Սերժ Սարգսյանն իր նախագահության այս 8 տարիների ընթացքում 3 համաներում է հայտարարել: Առաջինը հայտարարեց 2009թ., որը պայմանավորված էր 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում ձերբակալված քաղբանտարկյալներին ազատելու նպատակով: Թե հայ հասարակությունը, թե միջազգային կառույցները ՀՀ իշխանություններից ակնկալում էին նրանց ազատումը: Եվ որպեսզի քաղբանտարկյալներին չարդարացնեն կամ այլ ընթացակարգով ազատ չարձակեն, իշխանություններն ընտրեցին համաներման ճանապարհով ազատելու տարբերակը: Այդ անգամ, սակայն, ոչ բոլոր քաղբանտարկյալները ազատ արձակվեցին: Մյուսներին՝ հատկապես Սասուն Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանին եւ այլոց ազատ արձակելու համար ստիպված համաներում հայտարարվեց նաեւ 2011թ.: 2013-ի համաներումն ուներ գերբեռնված քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ: Արդյունքում ազատվեց նաեւ Տիգրան Առաքելյանը, ինչպես նաեւ՝ տարբեր հանցանքների համար դատապարտված ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը եւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը:

Այս կամ Սերժ Սարգսյանի 4-րդ համաներման պահանջը վաղուց էր հասունացել: Այս անգամ նույնպես այն ունի տարբեր քաղաքական պատճառներ: «Հիմա, օրինակ՝ կարող է տարածվել Շանթ Հարությունյանի եւ ընկերների վրա, Հայկ Կյուրեղյանի վրա, որը աներեւակայելի պատժաչափ է ստացել փոքր զանցանքի համար, Վոլոդյա Ավետիսյանի վրա: Ակնկալվում է, որ պետք է անդրադառնա «Սասնա ծռերի վրա»,- մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

«Այս անգամ ակնհայտ է, որ համաներումը կարող է տարածվել «Սասնա ծռերի» վրա, ինչպես նաեւ դադարեցվեն խմբի գործողությունների ժամանակ ցույցերին մասնակցած անձանց, օրինակ, «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ քրեական հետապնդումները եւ այլն»,- հավելեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Համաներում հայտարարելու քաղաքական մյուս պատճառը կարող է լինել այն հանգամանքը, որ նախընտրական տարի է, եւ իշխանությունները կցանկանան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նման քայլով հասարակության մեջ դրական տրամադրվածություն առաջացնել:

Նշենք նաեւ, որ հաջորդ համաներումը լինելու է անկախ Հայաստանի 10-րդ հոբելյանական համաներումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին