▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահրամ Բաղդասարյանը բացահայտել է գաղտնիքը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ընթացքում ունեցած ելույթում անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես Վանաձորի քաղաքապետի հայտնի սկանդալային ընտրությանը, ըստ էության բացահայտել է խորհրդարանական կառավարման մոդելի էությունը ըստ իշխանության:

Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուի շուրջ միավորված երեք կուսակցությունները հաշվի չեն առել ավագանու իրենց ցուցակների անդամների տեսակետները, իսկ այդ մարդիկ նրա համար չեն մտել այդ կուսակցությունների ցուցակներ, որ մեկ գիշերում որոշվի միավորվել:

Այսպիսով, Վահրամ Բաղդասարյանը բացահայտել է, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություններում ներդրել է այսպես ասած իր թիմակիցներին կամ իր վերահսկողության տակ գտնվող անձանց: Ընդ որում, ամբողջ խնդիրը այն է, որ դա փաստ է:

Հայտնի չէ, թե որ կուսակցության մասին է խոսքը հատկապես, բայց դա փաստ է, որ առնվազն չորս մարդ եղել են ՀՀԿ վերահսկողության տակ: Ընդ որում, նույնիսկ հայտնի չէ, թե արդյո՞ք եղել են հենց այդ չորսը եւ ոչ թե ասենք կրկնակի ավելի, որոնց պարզապես դեռ չեն օգտագործել իրենց ծրագրերում:

Այստեղ, ինչ խոսք, կա ընդդիմադիր կուսակցությունների պատասխանատվությունը, որոնք փաստորեն իրենց ցուցակներում են ներգրավել մարդկանց, որոնք թե՛ վստահելի չեն, թե՛ կառավարելի չեն:

Սակայն, մյուս կողմից, այս իրողությունը խիստ հարաբերական է երկրում, որտեղ չկա արդարադատություն եւ իրավահավասարություն:

Որովհետեւ այդ դեպքում իշխանությունն է դառնում թե՛ դատարանը, թե՛ իրավունքը: Իսկ այդ պարագայում, իշխանությունը պրակտիկորեն կարող է խոցելի կետեր գտնել գրեթե ցանկացածի համար, ըստ այդմ վերահսկել եւ ենթարկեցնել գրեթե ցանկացածին:

Տվյալ դեպքում ՀՀԿ-ն փաստորեն խորհրդարանական ամբիոնից հստակ բարձրաձայնում է, որ «այդ տղաները» մեկ գիշերում միավորվելու համար չէին մտել այլ ուժերի ցուցակներ, որովհետեւ նրանք կոնկրետ գործի մարդիկ են:

Դրանում իհարկե բոլորը համոզվեցին, իսկ այժմ գրեթե բոլորի համար պարզ է, թե ինչ մոդելով է խորհրդարանական կառավարումը պատկերացնում եւ աստիճանաբար՝ ՏԻՄ մակարդակներից սկսած կազմակերպում ՀՀԿ-ն:

Ընդ որում, երբ Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանական ամբիոնից հայտարարում է այդ մասին բացահայտորեն, դա նշանակում է, որ ՏԻՄ մակարդակում իրականացված փորձարկումը անցել է գրեթե անվրեպ եւ ՀՀԿ-ն գործնականում համոզվել է, որ այդ մարտավարության դեմ ընդդիմադիր կուսակցությունները պարզապես անզոր են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին