▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թքել-կպցնելուց առաջ

«Չորրորդ Իշխանություն» թերթը գրում է. Երեկ օնլայն լրատվամիջոցներն ակտիվորեն պտտեցրին «Ժամանակ» թերթում տեղ գտած մի լուր, որտեղ անդրադարձ կար գողական աշխարհի անցուդարձին։ Ճիշտ է, նման լուրերն համացանցում մեծ դիտումներ են ունենում (այստեղ երկրորդական է` լուրը համապատասխանում է իրականությանը, թե ոչ), բայց այս պարագայում խոսքը բացարձակ անգրագիտության մասին է։

Մասնավորապես թերթը տեղեկացրել է, թե «Զապ» մականվամբ օրենքով գող Անդրանիկ Սողոյանը ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի «մարդն» է գողական աշխարհում։ Այս «կապը» լրատվամիջոցը բացատրել է այսպես. «Զապը» ոստիկանապետի թիկնազորի պետից կախված է այն պատճառով, որ Չեխիայում իրեն ցմահ ազատազրկում է սպառնում, ու եթե Երեւանը արտահանձնի նրան, նա ցմահ ազատազրկման կենթարկվի Չեխիայում»։

Հասկանալի է, որ գողական կլանների պայքարի շրջանակներում է լուրը հրապարակվել։ Արդեն մի քանի ամիս է առանձին լրատվամիջոցներ գրում են այդ կոնֆլիկտների մասին։ Բացառված չէ, որ լրատվամիջոցին տեղեկություններ հաղորդող գողականները այդքան էլ խելք ու ճարպկություն չունենային լուր «թքել-կպցնելու», բայց բոլորովին այլ է դառնում խոսակցության թեման, երբ չի ստուգվում գողականների կողմից տրված ինֆորացիայի տրամաբանությունը գոնե։ Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության եւ քաղաքացիության մասին օրենքներով արգելվում է ՀՀ քաղաքացուն հանձնել այլ երկիր։ Հայաստանի Հանրապետությունն իր բոլոր միջպետական պայմանագրերում հատուկ սահմանել է, որ չի հանձնի ՀՀ քաղաքացիներին։ Հայաստանը վերապահում ունի բոլոր միջպետական պայմանագրերում, համաձայն որի` ոչ մի դեպքում արտահանձնման իրավունք չկա՝ անկախ նրանից, թե որ պետությունն է նման բան պահանջում, ինչպիսի գործով եւ ինչ փաստարկումներով։

Ի դեպ` երեկ հրապարակման մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, որտեղ ասված է. «Զանգվածային լրատվության միջոցներից մեկը «տեղեկություն» է տարածել (որոշ լրատվամիջոցներ էլ շտապել են տիրաժավորել) ոստիկանության ծառայողի եւ «օրենքով գողի» իբր ինչ-ինչ առնչությունների մասին։ Այս կարգի «տեղեկացվածների» համար արդեն որերորդ անգամ ստիպված ենք կրկնել, որ ոստիկանության ծառայողները «օրենքով գողերի» եւ ընդհանրապես քրեական «հեղինակությունների» հետ առնչվում են բացառապես օրենքով վերապահված գործառույթների ու գործողությունների շրջանակում։ Սա տարրական իրավական գիտելիք է, որին կարելի է հասու լինել, եթե «տեղեկություն» պատրաստելիս բարի լինեն գործակցել պատկան ու պատասխանատու կառույցների հետ»։

Գործակցել թե չգործակցել` ամեն լրագրող ու լրատվամիջոց ինքն իր համար է որոշում կայացնում։ Բոլոր դեպքերում այսպիսի լուրերն ու հակադարձումները որեւէ բան չեն փոխում ՀՀ քաղաքացու կյանքում։ Ուստի` եթե չեն փոխում, ուրեմն կողմերը ժամավաճառւթյամբ են զբաղված, մինչդեռ մեկը հանրային կարծիք ձեւավորող կարեւոր հարթակ է, մյոսն էլ մի ողջ երկրի ոստիկանություն։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին