▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը եւս մեկ կտոր ստացավ Հայաստանից. իսկ ի՞նչ են ուզելու վաղը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագիրը: Այն համաձայնագիրը, որի ստորագրման շուրջ բանակցություններ վարելու մասին հանձնարարական ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տվել էր 2 շաբաթ առաջ՝ նոյեմբերի 14-ին։ Ընդամենը երկու շաբաթ։ Պուտինը ձեւականորեն հանձնարարել էր իր երկրի ՊՆ-ին ու ԱԳՆ-ին՝ բանակցել Հայաստանի հետ, իրականում, սակայն, դա համաձայնագիրը ստորագրելու մասին հանձնարարություն էր։

Ոչ միայն Ռուսաստանի ՊՆ-ին ու ԱԳՆ-ին, այլ նաեւ՝ Հայաստանին։ Այսպիսով, Ռուսաստանը ստացավ Հայաստանի ինքնիշխանության հերթական բաղադրիչը։ Կարեւոր բաղադրիչը։ Արդեն՝ նաեւ ռազմական ոլորտում, Հայաստանի զինված ուժերին անմիջականորեն առնչվող տիրույթում։ Ստացավ այնպես, ինչպես ստացել է Հայաստանի ինքնիշխանության մյուս բաղադրիչները՝ Գյումրիում  ռուսական ռազմաբազայի տեղակայման երկարաձգումը՝ 49 տարով, «ՀայՌուսգազարդի»՝ Հայաստանի բաժնեմասը՝ առհավետ, ԵՏՄ-ին անդամակցությունը՝ նույն կերպ։ Թվարկումը կարելի է երկար շարունակել։

Բայց դրանից իրավիճակի ողբերգականությունը հաստատ չի նվազի։ Հակառակը։ Իսկ իրավիճակն ընդհանուր առմամբ հանգում է նրան, որ Ռուսաստանը տարիների ընթացքում Հայաստանից ստացել է այն, ինչ ցանկացել է։ Առանց դիմադրության։ Ստացել է անվտանգության մասին դատարկ հիմնավորումների ու այդ հիմնավորումները հնչեցնող հայերի դեմքի մտահոգ ու նույնքան դատարկ արտահայտությունների ներքո։ Ռուսաստանին ինքնիշխանության որեւէ բաղադրիչ զիջելու ցանկացած մտահոգություն, քննադատություն հակադարձվել է Հայաստանի իշխանությունների դեմքի նույն արտահայտությամբ, որի հիմքում ընկած է չարտասանվող այն մեծամտությունը, թե քննադատողները բան չեն հասկանում, իսկ իրենք այդպիսով ապահովում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։ Ինչպես ապահովեցին ապրիլյան պատերազմում…

Ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունները վաղուց հանգել են Ռուսաստանի  կողմից ցանկանալու կամ  պահանջելու  ու Հայաստանի կողմից հոժարակամ տալու սկզբունքին։ Ամենայնը։ Եվ ուրեմն, այն, ինչ դեռեւս Հայաստանում հայկական է, ոչ թե Հայաստանի իշխանությունների սահմանադրական պարտականությունների իրականացման, այլ Ռուսաստանի համապատասխան ցանկության բացակայության արդյունք է։ Չեն ցանկանում այսօր, կցանկանան վաղը:

Ու կստանան։ Քանի որ ստացել են մինչեւ օրս։ Ի դեպ, հետաքրքիր է նաեւ, թե ինչ են այս ամենի մասին մտածում այն ընդդիմադիրները, ովքեր իրենց կոտորում են ներքին մի քանի ճղճիմ հարցերի առիթով, բայց իշխանությանը հավասար կարկամում են Ռուսաստանի ու ռուսականի անունը լսելիս իսկ։ Այդ հարցի պատասխանը չենք ստանա՝ այն պարզ պատճառով, որ, ինչպես՝ իշխանությունները, այնպես էլ՝ ընդդիմադիրների այդ հատվածը չի  մտածում, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի հերթական ցանկությունը բավարարելուն։

Առավել եւս, որ առջեւում ընտրություններ են, ու նրանք բոլորը Ռուսաստանից ակնկալում են իրենց ցանկության բավարարում՝ հայտնվել խորհրդարանում, որտեղ կարող են զբաղվել ամեն ինչով, բացի Ռուսաստանի հետ կապված հարցերի շուրջ մտածելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին