▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՊԿ-ն այլընտրանք չի թողել Հայաստանին.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգում երեկ տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում հերթական անգամ հետաձգվել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը: Այս հարցը 2015 թվականից ի վեր, ըստ էության, հետաձգվում է արդեն երրորդ անգամ: Սրա համար բերվում են ինչ որ պատճառներ, որոնք ըստ էության որեւէ հավաստիություն չեն ներշնչում եւ ավելի շուտ վկայում են այն մասին, որ դրանց նպատակը իրականում բուն պատճառը թաքցնելն է: Ընդ որում, բուն պատճառը ամենեւին թաքնված չէ այնտեղ, թե ինչ-որ մեկը չի ցանկանում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնա Հայաստանի ներկայացուցիչը: Ի վերջո ինքնին պարզ է, որ կամ Հայաստանը չի ցանկանում որեւէ կերպ ընդունել գլխավոր քարտուղարության վերաբերյալ ՀԱՊԿ-ի անդամների ներկայացրած պայմանները, կամ ՀԱՊԿ անդամներից որեւէ մեկը կամ մի քանիսը չեն ցանկանում գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխանցել Հայաստանին:

Տվյալ պարագայում ինքնին այն փաստը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը արդեն իսկ հետաձգվում է երրորդ անգամ անընդմեջ, խոսուն վկայություն, որ իրականում ՀԱՊԿ անվան ներքո գործ ունենք ոչ թե ռազմա-քաղաքական դաշինքի, ընդհանուր շահեր կազմող միության հետ, այլ մի կազմակերպության հետ, որտեղ նույնիսկ այնպիսի պարզ հարցը, ինչպիսին ՀԱՊԿ ըստ էության համակարգողի գործադիր պաշտոնն է, չի արժանանում արագ եւ պարզ լուծման, ինչպես օրինակ տեղի է ունենում ՆԱՏՕ-ում: Իսկ ՀԱՊԿ կոչվող կառույցը արդեն նշում է իր 20-ամյակը եւ 20 տարիների ընթացքում այդ կազմակերպությունը չի կայացել նույնիսկ այնքան, որ ունակ լինի առանց ավելորդ ջղաձգումների լուծել գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցը:

Իհարկե այդ կազմակերպության չկայացածության, դրանում ընդհանուր շահերի եւ անվտանգության ընդհանուր ձեւակերպման բացակայության հանգամանքը Հայաստանի համար չէ, որ գաղտնիք պետք է լինի: Հայաստանը ոչ միայն իր «մաշկի վրա է զգացել» այդ ամենի բացակայությունը արցախյան կարգավորման գործընթացում, այլ նաեւ անմիջականորեն բախվել է ՀԱՊԿ նույնիսկ հակադաշնակցային գործողություններին, երբ այդ կառույցի առաջատար Ռուսաստանը հանդիսացել է Հայաստանին պատերազմով սպառնացող Ադրբեջանի թիվ մեկ ռազմա-տեխնիկական գործընկերը, երբ Ադրբեջանին Հայաստանի դեմ քառօրյա պատերազմում իր աջակցությունն է հայտնել Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, երբ Ղազախստանի նախագահ Նազարբաեւը մշտապես աչքի է ընկել ՀԱՊԿ կամ ԵՏՄ կոչվող կառույցներում Ադրբեջանի նախագահ Ալիեւի պատվիրանները իրականացնելով, այդ թվում նաեւ Հայաստանի արժանապատվությունը ոտնահարելու հաշվին:

Եվ ահա այս ամենի պարագայում, շատ ավելի լավ է, որ Հայաստանը չի ստանձնում այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ անկախ պատճառներից: Որովհետեւ Հայաստանի իշխանությունն ինքը առաջին հերթին պետք է հրաժարվեր այդ կառույցի նման կարգավիճակից եւ դրան համաձայներ միմիայն շատ կոնկրետ ռազմա-քաղաքական նախապայմանների դեպքում՝ կապված ղարաբաղյան խնդրում այդ կառույցի դիրքորոշման, ադրբեջանական ագրեսիայի քաղաքական կամ ռազմական դրսեւորումների հանդեպ համարժեք քաղաքական կեցվածքով եւ հասցեական գնահատականով:

Հայաստանը կամ պետք է ՀԱՊԿ-ին ուղղակի պարտադրի քաղաքական իրավիճակ, որտեղ այդ դաշինքը կկատարի իր պարտականությունները Հայաստանի առջեւ, գոնե քաղաքական իմաստով՝ ինչը կբացառի ռազմական իմաստով պարտականությունները կատարելու անհրաժեշտությունը, կամ պետք է անընդհատ հանդես գա այդ դաշինքի հակադաշինքային բնույթը պարբերաբար վեր հանելով, ինչը կվկայի Հայաստանի ինքնիշխանության եւ պետական սուբյեկտության, արժանապատվությունը քաղաքակիրթ աշխարհի առջեւ, ինչը Հայաստանի համար մեղմ ասած՝ առավել մեծ անվտանգության երաշխիք է, քան ՀԱՊԿ անդամությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին