▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի մասին ֆիլմաշարի մեծ ինտրիգը.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոն» հեռուստաընկերությունով հունվարի 4-ից ցուցադրվում է շքեղ ֆիլմաշար` «Մարդ, որը կառուցում է» խորագրով: Այն նվիրված է Գագիկ Ծառուկյանին եւ ստեղծվել է նրա 60-ամյակի առիթով: Ծառուկյանի 60-ամյակը նոյեմբերի 25-ին էր, որը, ըստ մամուլի տեղեկությունների, նա նշել է նեղ ընտանեկան միջավայրում, Մոնակոյում:

Ֆիլմաշարից 4 մաս արդեն ցուցադրվել է: Քանի մաս ունի այն, հայտնի չէ, սակայն 4-րդ մասն ավարտվում է «Շարունակելի...» գրությամբ: Ֆիլմի առաջին մասը պատմում է, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը գործարաններ կառուցում, երկրորդ մասը՝ թե ինչպես է նա եկեղեցիներ կառուցում, երրորդ մասը, կարծես, նվիրված է սպորտում Ծառուկյանի առաջին հաջողություններին, չորրորդ մասը` նրա օրոք Հայաստանի սպորտի հաջողություններին որպես ՀԱՕԿ նախագահ:

Այս բոլոր ասպարեզներում նրա հետ շփված մարդիկ ֆիլմում ամենատարբեր մանրամասներն են պատմում իրենց շփումներից, Ծառուկյանի անձնական որակներն են ներկայացնում: Պարզվում է օրինակ, որ նա Աբովյանի եկեղեցու շինհրապարակում աշխատող 100 բանվորին անուն առ անուն ճանաչել է: Անձամբ է հղացել քանդակների, պատկերների գաղափարները: Նա նաեւ անձամբ է նախագծել «Փարավոն» ժամանցի համալիրի դիզայներական լուծումները: Նա լավ հայր է, հավատացյալ հայ, կնոջն անսահման սիրող ամուսին, բարի մարդ, տաղանդավոր սպորտսմեն, խաչքարերի եւ եկեղեցիների ճարտարապետ, կրեատիվ դիզայներ, լավ որդի, բոլորին օգնող, հասնող, մի խոսքով՝ հրաշք անձնավորություն:

Ֆիլմաշարի ամենաինտրիգային հատվածը, սակայն դեռ առջեւում է: Առանձնահատուկ հետաքրքրության հարց է` անդրադառնալո՞ւ է այս ֆիլմը Գագիկ Ծառուկյան-քաղաքական գործչին, թե՞ ոչ: Եթե անդրադառնալու է, ապա ի՞նչ բովանդակությամբ:

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը շատ խիստ էր դատել Ծառուկյան քաղաքական գործչին: Քաղաքական գործընթացները խեղկատակության վերածող, տարրական տրամաբանություն եւ իրականության զգացում չունեցող, «այբը» «բենից» չտարբերող, ֆեոդալական տրամաբանություն, մանկամտություն եւ անընկալունակություն, մտավոր ցածր ունակություններ. սրանք Ծառուկյան քաղաքական գործչին տված Սերժ Սարգսյանի բնորոշումներն են:

Ուստի հետաքրքիր է`արդյոք Ծառուկյանի մասին ֆիլմի հեղինակները համարձակություն կունենա՞ն Ծառուկյան-քաղաքական գործչին այլ կերպարով ներկայացնել: Օրինակ այսպես`ճկուն մտքով, ինտելեկտուալ, քաղաքական շախմատին լավագույնս տիրապետող, երկրի միջազգային իմիջը բարձրացնող, հզոր հռետոր եւ հմուտ դիվանագետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին