▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխավոր հարցը. ո՞ւմ է փող տալու Ռոբերտ Քոչարյանը.«Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական ուժերը արդեն ավարտում են «խորհրդակցությունները»՝ ով ինչ դաշինք է կազմելու եւ ով որ ցուցակի մեջ է մտնելու: Իրականում իշխանական ճակատում ամեն ինչ քիչ թե շատ պարզ է: Չնայած լրագրողներն այստեղ փորձում են ինչ-որ լուրջ հակասություններ տեսնել, շտկումները զուտ մարտավարական են լինելու: Կարեն Կարապետանի՝ ՀՀԿ ցուցակում լինել-չլինելու հարցը երկրորդական է՝ անկախ այդ հանգամանքից նա պայքարելու է իր կուսակցության հաղթանակի համար: Ինտրիգներ, իհարկե, կան, բայց՝ «երկրորդ էշելոնում»՝ ում ինչ փայ է հասնելու: Չեմ կասկածում, որ լուծումները լինելու են ավանդական՝ գերապատվությունը տրվելու է փող ունեցողներին, «ձայներ բերողներին» եւ «հարց լուծողներին»:

Խորհրդակցությունները գնում են մնացած կուսակցություններում՝ լեզուս չի պտտվում բոլորին անվանել «ընդդիմադիր»: Գլխավոր թեման փողն է, ավելի ճիշտ՝ այս կամ այն փողատիրջը «շիթիլվելու» հնարավորությունը: Այստեղ ընտրությունը բավականին սահմանափակ է՝ փողատերերի մեծ մասը բացահայտորեն կամ թաքուն ձեւով ՀՀԿ-ի հետ են: Մնում են երեք մոսկվահայ միլիոնատերերը՝ Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը եւ Ռուբեն Վարդանյանը, իսկ Հայաստանում՝ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Խաչատուր Սուքիասյանը: Ուրիշ «այլընտրանքային» փողատերեր չկան: Որքանով են «այլընտրանքային» վերը թվարկած մոսկվահայերը՝ դեռ հարց է: Շատ հնարավոր է՝ նրանք կապված են Հայաստանի իշխանության հետ, եւ նույնիսկ եթե ունեն քաղաքական հավակնություններ, ապա դրանք, ըստ երեւույթին, «կոռեկցիայի են ենթարկվում» Բաղրամյան 26-ից:

Ինչ-որ չափով նույնը կարելի է ասել նաեւ մնացածների մասին: Ո՞ւմ է փող տալու Ռոբերտ Քոչարյանը եւ տալո՞ւ է արդյոք, հայտարարելո՞ւ է իր քաղաքական համակրանքների մասին (պարզ է, որ երկու ամսում նոր կուսակցություն չի փորձի ստեղծել)՝ այդ հարցերի պատասխանները դեռ չկան: Մնացած երկու մեծահարուստների «հետաքրքրությունների շրջանակը» քիչ թե շատ պարզ է: Ծառուկյան (որը «բացել է փակված էջը»)՝ ԲՀԿ, «Համախմբում», «Ժառանգություն», Օհանյան-Դալլաքյան տանդեմ եւ մի շարք ավելի մանր կուսակցություններ: Խ. Սուքիասյան՝ ՀԱԿ, «Ելք», գուցե «Ազատ դեմոկրատներ», Բագրատյան: Ահա սա է, կարծում եմ, խորհրդակցությունների թեման: Մնացածը՝ «ո՞նց անենք, որ կործանման եզրին կանգնած այս երկիրը եւ այս խեղճ ժողովրդին այս ողբերգական վիճակից հանենք»՝ այդ ամենը համեմունքներ են:

Քաղաքական համակարգի զարգացմանն անշուշտ կնպաստի, որ, բացի ՀՀԿ-ից, ձեւավորվեն եւս երկու «փողային» բեւեռներ՝ իրենց կուսակցական կառույցներով եւ քարոզչական ռեսուրսներով: Այնպես որ՝ «խորհրդակցողներին» կարելի է միայն հաջողություն մաղթել: Իսկ «համեմունքների» առումով՝ ցանկանալ ավելի թարմ գաղափարներ: Սովորական լացուկոծը, կարծես թե, մի քիչ հնացել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարումc

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին