▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լապշինի գործում Հայաստանն ամենաթույլ օղակն է.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լապշինի գործում խաչվում են միանգամից հինգ պետության, մեկ տնտեսական եւ մեկ ռազմական միություն, մեկ չճանաչված հանրապետություն, մեկ տարածքային հակամարտություն։ Լապշինը միաժամանակ Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի է, նրա ձերբակալությունը տեղի է ունեցել Բելառուսում Ադրբեջանի խնդրանքով ընդդեմ Հայաստանի։ Լապշինի ձերբակալումն ուղղակիորեն առնչվում է ԼՂ հակամարտությանը, դրա արդյունքում առաջ է եկել Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ-Բելառուս, ՌԴ– Բելառուս համագործակցության արդյունավետության հարցը, ՀԱՊԿ-ում ՀՀ եւ Բելառուսի դաշնակցության խնդիրը։ Նրա ձերբակալումն ու արտահանձնումը մեծապես կապ ունեն Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ ներկայում գոյություն ունեցող չհայտարարված հակամարտության հետ, ինչպես նաեւ այս տարածաշրջանում Իսրայելի հետապնդած որոշակի նպատակների եւ այդ հարցում Ադրբեջան-Իսրայել սերտ համագործակցության հետեւանք է:

Աշխարհում ամեն օր տասնյակ մարդիկ խեղումների եւ հետապնդումների են ենթարկվում խոսքի ազատության կամ ազատ տեղաշարժի իրենց հիմնարար իրավունքներն իրացնելու պատճառով, բայց միայն եզակիներին է բախտ վիճակվում հայտնվել միջազգային մակարդակի խնդիրների եւ հարաբերությունների նման փաթեթի կենտրոնում։

Որքան էլ ցավալի է, Հայաստանն այս փաթեթի ամենաթույլ օղակն է։ Լապշինի հետ տեղի ունեցածը մեծ բան չէ վերոնշյալ երկրներից որեւէ մեկի համար, ավելի շուտ քաղաքական առուծախի եւ պայմանավորվածությունների առարկա է: Մինչդեռ Հայաստանի համար դա մեծ հարված Է, որ ընդգրկում Է ինչպես քարոզչական, այնպես էլ դիվանագիտական պարտություն, անկախ այն բանից, թե ինչպիսին են սույն գործի իրավական հանգամանքները։ Երեկ ամբողջ աշխարհով լուրը շրջանառվում էր հետեւյալ մեկնաբանությամբ՝ հայտնի բլոգերն Ադրբեջանի պահանջով ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։

ՀՀ ԱԳՆ-ն, Արցախի պետական կառույցները երեկ պնդում էին որ Լապշինի գործը հակադարձ նախադեպն է դառնալու։ Այսինքն ի հեճուկս սպասվածի, ամբողջ աշխարհից մեծ հոսք է սկսվելու դեպի Արցախ՝ քաղաքական գործիչներ, արվեստի մարդիկ եւ այլն: Նման վստահ հայտարարությունների համար պետք է նախ սեփական ուժերի նկատմամբ վստահություն ունենալ։ Այսինքն համոզված լինել, որ դա միայն հայտարարություն չի մնա, այլ հետեւողականորեն կյանքի կկոչվի։ Ցավոք, լավատեսության հիմքեր չկան: Ապրիլյան պատերազմից հետո նույնպես այդպիսի նպատակ դրվել էր, սակայն մեծ անցուդարձի այդպես էլ ականատես չեղանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին