▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաշինքները իրար հետեւից փլուզվում են.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մոտ 5 ամիս հայաստանյան քաղաքական ուժերը դաշինքներ կազմելու գործընթացների մեջ էին: Փետրվարի 6-ից սկսվել է ԿԸՀ դիմումներ ներկայացնելու փուլը, եւ թվում էր, թե փետրվարի առաջին շաբաթվա մեջ դաշինքների շուրջ բանակցությունները պետք է կլորանային, հերթով պաշտոնապես հայտարարվեր դրանց մասին: Շատ տարօրինակորեն, սակայն, հենց այդ ընթացքում սկսվեց բոլորովին այլ գործընթաց`այս կամ այն դաշինքին միացած կամ միանալու մտադրություն հայտնած ուժեր եւ անհատներ հայտարարեցին, որ մտքափոխվել են:

Այս պրոցեսի ծիծեռնակը եղավ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Նա հայտարարեց, որ չի մասնակցի ընտրական գործընթացներին, եթե ձեւավորվող դաշինքը գլխավորի Սեյրան Օհանյանը:

Սրանից հետո գրեթե ամեն օր ձեւավորվող դաշինքներից այդպիսի մի լուր հրապարակվում էր. Պարույր Հայրիկյանն է մտքափոխվել եւ չի միանում Օհանյանի շուրջ դաշինքին, Արամ Գասպարի Սարգսյանը`նույնպես, Վիկտոր Դալլաքյանը դեռ չի լքել այդ դաշինքը, սակայն Սեյրան Օհանյանին համարում է ուրիշների ձեռքում խաղալիք, եւ չի բացառվում` ինքն էլ հեռանա: Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց ՀՀՇ-ից դուրս գալու մասին, երբ հայտնի դարձավ, որ այս կուսակցությունը ընտրություններին գնալու է «Ծառուկյան դաշինքով»: Հետո լուր եղավ, որ ՀՀՇ-ն էլ չի միանում դաշինքին, այլ միայն Արարատ Զուրաբյանը:

«Ծառուկյան դաշինքի» հետ կատարվածն առհասարակ տարօրինակ էր: ԲՀԿ-ն ամեն ինչ անում էր 5 ուժերով հուշագիր ստորագրելու համար, որոնց մեջ երկու ավանդական կուսակցություններն էին`ՀՌԱԿ-ը եւ ՍԴՀԿ-ն: Երկու օր անց ՀՌԱԿ-ը մեծ սկանդալով, ՍԴՀԿ-ն ներքին կարգով եւ ավելի աննկատ հրաժարվեցին դաշինքից, ՀՀՇ-ից էլ մնաց Արարատ Զուրաբյանը:

Այս ընթացքում մամուլում գրվում էր, որ «Ծառուկյան դաշինքը» դառնալու է ՀՀԿ-ից հեռացած օդիոզ կերպարների, օլիգարխ պատգամավորների հավաքատեղի, նույնիսկ ակնարկվում էր Հովիկ Աբրահամյանի մասին: Սակայն այն փաստը, որ ԲՀԿ երեկվա համագումարը զարդարում էին միայն Իշխան Զաքարյանն ու Հովիկ Աբրահամյանի որդին, կասկածելի է դարձնում նաեւ այս հեռանկարը:  

Դժվար է ասել, թե ինչու այսպես ստացվեց, ինչու ամիսներ շարունակ դաշինքների շուրջ օրուգիշեր բանակցողները ամենավերջում սկսեցին իրար չհասկանալ: Բայց ընդամենը 6 օր է մնացել, եւ այդ ընթացքում պետք է որոշումներ կայացնել: 6 օրվա մեջ գրեթե անհնար է հասնել նրան, ինչ չհաջողվեց 5 ամսվա ընթացքում: Բոլորովին զարմանալի չի լինի, եթե ԲՀԿ-ն ի վերջո հայտարարի ընտրություններին միայնակ մասնակցելու մասին: Եթե Դալլաքյանն իր կուսակցությունով լքի Օհանյան դաշինքը, կստացվի, որ «Համախմբում» կուսակցությունը նույնպես ոչ թե դաշինքով, այլ միայնակ է մասնակցելու ընտրություններին: Պարզապես եւ ԲՀԿ-ի եւ «Համախմբման» դեպքում կուսակցության ցուցակում տեղ կզբաղեցնեն այլ կուսակցություններից հրավիրված հայտնի դեմքեր, կամ անկուսակցականներ ու նախկին պաշտոնյաներ:

 «Ազատ դեմոկրատներ»-ի եւ «Ազատություն» կուսակցության հնարավոր դաշինքից նույնպես լուրեր չկան, փոխարենը «ԱԴ»-ն համալրվում է հայտնի մարդկանցով: «Հայկական վերածնունդ» մեծ կուսակցությունից էլ այս օրերին տարբեր կուսակցություններ եւ շարժումներ են շարունակ պոկվում:

Սահմանադրական փոփոխություններից հետո մեծապես պրոպագանդված կուսակցությունների խոշորացման գաղափարը, կարծես, տապալվում է: Ավելին` Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի վերջին նիստում ողջունեց դաշինքների ձեւավորումը. «Ինչ վերաբերում է այս օրերին տեղի ունեցող դաշինքների կազմավորման գործընթացին, ապա շատ առողջ և ողջունելի գործընթաց է...»,-ասաց նա: Հունվարի 26-ին հնչած այս խոսքերից մի քանի օր անց դաշինքները սկսեցին փլուզվել: Մնում է միայն հասկանալ. դա մեկ կենտրոնից կառավարվո՞ղ, թե՞ ինքնաբուխ պրոցես էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին