«Ժողովուրդ» թերթը գրում է. «Զարուհի Փոստանջյանի եւ նրա դստեր հետ տեղի ունեցած միջադեպի գործով 4 օր հետո հատուկ քննչական ծառայությունում հարուցվեց քրեական գործ:

Ինչպես հայտնի է՝ 2017թ. մայիսի 14-ին Երեւան քաղաքի Ավան-Աճառյան 22 հասցեում գտնվող, Երեւանի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ծեծկռտուք էր եղել: Նախ ոստիկանություն էր ահազանգել շտաբի պատասխանատու Գ. Սերոբյանը եւ հայտնել, թե ժամը 13:37-ին, առանց իր թույլտվության, նախընտրական շտաբ է ներխուժել Երեւանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանը, քաշքշել է իրեն եւ շտաբի այլ աշխատակիցների, պատռել իր հագուստը, վնասել շտաբում գտնվող գույքը՝ այդ կերպ խոչընդոտելով իրենց աշխատանքների իրականացմանը:

Իսկ ահա Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ տվյալ շտաբում ընտրակաշառք է բաժանվում, եւ պահանջել էր բացել շտաբում գտնվող դարակները, սակայն շտաբի աշխատակիցները եւ շտաբում գտնվող ոստիկանները հակադարձել էին վերջինիս, ինչի արդյունքում սկսել էր ընդհարումը: Քաշքշուկի հետեւանքով Զարուհի Փոստանջյանի դուստրը ստացել էր գլխուղեղի ցնցում, եւ արդեն 4 օր է, ինչ գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Մայիսի 14-ին այս միջադեպի գործը ուղարկվել էր հատուկ քննչական ծառայություն: Եվ ահա երեկ՝ ժամը 17:00-ի սահմաններում, Զարուհի Փոստանջյանը հերթական անգամ հայտարարություն տարածեց, որ իրավապահները այս գործով ընթացք չեն տվել եւ մեղավորներին պատասխանատվության չեն կանչել:

Հայտարարությունից հետո ՀՔԾ-ում իրավիճակ փոխվեց, եւ վերջիններս ժամանակ չկորցրին ու երկու ժամ անց հայտարարեցին, որ տեղի ունեցած միջադեպի գործով հարուցվել է երկու քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու..., որը կատարվել է սպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկից 2500-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ 3-5 տարի ժամկետով):

ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները անցնել, եւ 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների խոչընդոտելը: Դատելով հատուկ քննչական ծառայության պաշտոնական հաղորդագրությունից՝ չի բացառվում, որ իրավապահները մեղադրանք կառաջադրեն նաեւ Զարուհի Փոստաջյանի նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում