▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածնում վախի մթնոլորտ է, ու որեւէ մեկը ռիսկ չի անում գալ ու ցուցմունք տալ քաղաքապետի դեմ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ տեղի ունեցած՝ բռնությամբ եւ կրակոցներով զուգորդված հայտնի միջադեպի գործով դատաքննությունը երեկ շարունակվել է: Դատարանը պետք է հարցաքններ Էջմիածնի ավագանու անդամ, գործով տուժող Ստեփան Աբգարյանին՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն, սակայն նա, ինչպես նախորդ նիստերին, երեկ նույնպես բացակայել է: Գործով վկա է նաեւ նրա հայրը՝ Սիմոն Աբգարյանը, ով նույնպես բացակայում էր մինչ այժմ տեղի ունեցած դատական նիստերից, իսկ երեկվա նիստին ներկա է եղել: Նա նշել է, որ որդին բացակայում է, քանի որ հանրապետությունում չէ՝ այս պահին գտնվում է ԼՂՀ-ում:

Դատարանը հորդորել է Ս. Աբգարյանին անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի որդին ներկա լինի հաջորդ դատական նիստին, այլապես ստիպված կլինեն նրան բերման ենթարկելու որոշում կայացնել: 

Կարեն եւ Արման Գրիգորյանները գործով ոչ մի կարգավիճակ չունեն՝ չեն անցնում ոչ որպես տուժող, ոչ որպես մեղադրյալ: Եվ չնայած պաշտպան Հարությունյանը նախաքննության ավարտին միջնորդություն էր ներկայացրել՝ նրանց որպես մեղադրյալ ներգրավելու պահանջով, միջնորդությունը մերժվել է: «Այս պահին, ըստ էության, ոչ նախաքննական մարմինը, ոչ դատարանն այս հարցին անդրադարձ չեն կատարել: Աղմկահարույց, բազմաթիվ մարդկանց ներգրավվածությամբ այդ գործով, ըստ էության, չունեմ որեւէ լուրջ վկա, որի ցուցմունքի վրա հիմնվեմ եւ կրկնեմ իմ միջնորդությունը, այն դեպքում, երբ ամբողջ Էջմիածինը տեղյակ է այդ գործին»,-ասաց փաստաբանը՝ իրավիճակը բացատրելով քաղաքում տիրող վախի մթնոլորտով:

«Էջմիածնում վախի մթնոլորտ է, ու որեւէ մեկը ռիսկ չի անում գալ ու ցուցմունք տալ քաղաքապետի, նրա ընտանիքի ու նրանց մերձավորների դեմ»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ գործով երկու տուժողներն էլ իրենց ցուցմունքներում պնդել են Կարեն եւ Արման Գրիգորյանների՝ ծեծկռտուքին ներգրավված լինելու մասին: «Իմ պաշտպանյալ Արթուր Թումանյանը դատարանում շարունակել է պնդել իր ցուցմունքները, տուժող Աբգարյանը խուսափում է դատարան ներկայանալ, վկան կիսատ-պռատ ցուցմունքներ է տալիս: Սա է այս պահին դատաքննության մեր ունեցած պատկերը»,-ասաց պաշտպանը:

Իսկ դատարանը հակված է արդար քննություն վարելու եւ իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում, թե կողմնակալություն է ցուցաբերում «Այս պահի դրությամբ կողմնակալության, կողմնակի դիտորդի համար ակնառու որեւէ նման գործողություն չեմ տեսել, այլապես բացարկ կհայտնեի»,-արձագանքեց փաստաբանը: Նշենք, որ գործով դատավորը Վահե Խալաթյանն է, իսկ հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 6-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին