▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վտանգավոր մոլորություն. սովորելով ոչ մի բանի չես հասնի, որ ամեն ինչ ծանոթով է եւ փողով.«Առավոտ»

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ուզում եմ մի քանի խոսք ասել՝ ի պաշտպանություն գիտելիքի եւ կրթության, ինչպես նաեւ աշխատասիրության եւ լավատեսության:

Եթե աշխարհում կա մի մահկանացու, որը կարող է այսինչ կամ այնինչ բանն անել, ապա, զուտ տեսականորեն, դա կարող է անել ցանկացած մարդ:

Իհարկե, կա բնական օժտվածության այս կամ այն աստիճան, բայց իրապես օժտված մարդիկ շեշտում են, որ առաջին տեղում սովորելու ցանկությունն ու ձգտումն է: Կան հազարավոր բաներ, որոնք ես այս տարիքում չեմ կարող սովորել, բայց կան միլիոնավոր ունակություններ, որոնք ես կարող եմ սովորել, եւ այդ ունակությունների մեսի մասին ես մոլորության մեջ եմ, թե դրանք սովորելն իմ ուժերից վեր է:

Բայց ամենավտանգավոր մոլորությունն այն է, թե իբր սովորելով ոչ մի բանի չես հասնի, որ ամեն ինչ ծանոթով է եւ փողով: Այդ նախապաշարումը կար նաեւ խորհրդային շրջանում՝ «այ տես, դու գլուխդ ցավացրել ես, գիտաշխատող ես դարձել: Իսկ նայիր էս պահեստապետին, հազիվ տառերն է ճանաչում, բայց ըստ պահանջի ապրում է»: Հիմա նույն «օրինակելի պերսոնաժներն են» օլիգարխները: (Ի դեպ, ինձ թվում է, նրանք ավելի լավն են, քան պահեստապետերը, քանի որ վերջիններս պարզապես գողանում էին իրենց «վստահված» պահեստից, իսկ օլիգարխներն, այնուամենայնիվ, մի փոքր ուղեղները շարժում են՝ հարստանալու համար):

Բայց այդ խորհրդային եւ հետխորհրդային առասպելաբանության կողքին կա իրական կյանք, որտեղ դուք հանդիպում եք բազմաթիվ կրթված մարդկանց, որոնք հենց այսօրվա Հայաստանում հաջողության են հասել (ասենք՝ IT ոլորտում) եւ ապրում են միանգամայն բարեկեցիկ կյանքով: Մենք գիտենք Եվրոպայում բազմաթիվ կրթական հաստատություններ, որտեղ սովորում էին եւ սովորում են միանգամայն «սովորական» ընտանիքների զավակներ: Այնպես որ, սիրելի երիտասարդներ եւ ոչ այնքան երիտասարդներ, մի՛ հավատացեք հեքիաթներին, սովորեք ամեն օր եւ ցանկացած հնարավորության դեպքում: 21-րդ դարում ամենաթանկ ապրանքը գիտելիքն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին