▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախապատրաստվում է ընդդիմության ծուղակ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ելք» դաշինքն ու ընդդիմադիր արտախորհրդարանական մի շարք ուժեր հայտարարում են Սերժ Սարգսյանի վարչապետության անթույլատրելիության մասին: Ի՞նչ է տեղի ունենում, եթե Սերժ Սարգսյանը չի դառնում վարչապետ: Մնում է Կարեն Կարապետյա՞նը կամ նշանակվում է մեկ ուրի՞շը, թե՞ քանդվում է համակարգը:

Մեղմ ասած, միամտություն է կարծել, որ Սերժ Սարգսյանի վարչապետ չլինելու պարագայում համակարգը հայտնվում է կոլապսի առաջ եւ չգիտի, թե ինչ անի, ու այդտեղ իր անելիքն անում է ընդդիմությունը: Հակառակը՝ այն, որ ընդդիմությունը կրկին թիրախավորում է, այսպես ասած, մեկ անձ կամ մեկ կենտրոն, վկայում է, որ, խոշոր հաշվով, ընդդիմությունն ինքը չգիտի ինչ անել եւ հերթական անգամ անում է այն, ինչի առավելագույն էֆեկտը լինելու է հաղթանակի պատրանքը, այսինքն՝ ծուղակը:

Ընդ որում՝ ուշագրավն այն է, որ ընդդիմությունը կարծես թե բավական մոտ է, այսպես ասած, ոչ միֆական, ոչ ծուղակային, ոչ պատրանքային ճանապարհով առաջ գնալուն: Մասնավորապես՝ «Ելք» դաշինքի մասով, որը հայտարարել է ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության մասին: Սա արտաքին քաղաքական ռազմավարական խնդիր է, որն առնչվում է Հայաստանի թե՛ ներքին տնտեսաքաղաքական համակարգի հեռանկարներին, թե՛ անվտանգության խնդիրներին, թե՛ տարածաշրջանային ու միջազգային դերակատարությանը: Դա քաղաքական բավականին շոշափելի նշաձող պարունակող խնդիր է, որը պահանջում է ամբողջացում, լիարժեք քաղաքական, հայեցակարգային փաթեթավորում: Այդ եւ Սերժ Սարգսյանի վարչապետության խնդիրները «գենետիկորեն անհամատեղելի» են՝ ինչպես կասեր Ռոբերտ Քոչարյանը: Որովհետեւ համատեղելի չեն համակարգային, խորքային պատճառը եւ իրավիճակային հետեւանքը:

Բայց առայժմ առկա է այդ դասավորության նենգափոխվածություն, եւ խորքային պատճառը, հետեւանքը դարձել է իրավիճակային հարց, համենայնդեպս՝ սպասարկվում է այդ տրամաբանությամբ, փոխարենը խորքային նշանակություն է տրվել Սերժ Սարգսյանի վարչապետությանը, որն իրականում տեխնիկական խնդիր է այն նոր աշխարհաքաղաքական եւ ներիշխանական իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը: Հայաստանում ընդդիմությունը պետք է միավորվի խորքային, համակարգային պատճառի դեմ պայքարի կամ հակազդեցության շուրջ, սակայն դրված է համեմատաբար փոքր խնդրի՝ հետեւանքի շուրջ մոբիլիզացվելու խնդիր: Դեռ առանձին հարց է, թե ինչ ճակատագիր է ունենալու այդ խնդրի շուրջ մոբիլիզացիան, թեեւ ինչպիսին էլ այն ունենա, ակնհայտ է, որ բացվելու է անհաջողության համար միմյանց մեղադրելու մանիպուլյացիոն հսկայական դաշտ, որովհետեւ դրված խնդիրն ունի ընդամենը մի քանի ամսի, այսպես ասած, տարածություն՝ ի տարբերություն գլխավորի:

Ընդ որում՝ խնդիրն այն չէ, որ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնին մոտ չթողնելու փոխարեն, պետք է Հայաստանը չթողնել ԵՏՄ-ի մեջ, դուրս բերել որքան հնարավոր է արագ: Զուտ պրակտիկ արդյունքի իրատեսականության առումով, մեղմ ասած, անհեռանկար են թվում թե՛ մեկը, թե՛ մյուսը, օբյեկտիվորեն: Հարցը, սակայն, այն է, որ ընդդիմության խնդիրը պետք է լինի հասարակությանը հնարավորինս երկարաժամկետ ու խորքային խնդիրների շուրջ ընդհանուր հնարավորինս լայն հայտարարի բերելը եւ այդպիսով Հայաստանում հասարակական այնպիսի շերտ ձեւավորելը, որն, անկախ իր քանակից, աչքի կընկնի ստեղծագործական որակով: Տվյալ դեպքում ոչ թե քանակը պետք է բերի որակի, այլ որակը պետք է բերի քանակի: Սա է ընդդիմության խնդիրը, եւ հենց դրա պատճառով է, որ Հայաստանում պահանջվում է նոր որակի ընդդիմություն, նոր մոդելի եւ մտածողության ընդդիմություն, ոչ թե այն պատճառով, որ հները ձանձրացրել են կամ նման մի բան:

Պետք է, ի վերջո, հասկանալ, որ մոտեցումներն են ձանձրացրել, ոչ թե մոտեցողները: Մինչդեռ հենց թյուրըմբռնման այդ ծուղակը ավելի մոտեցնելու համար է, որ իշխանությունը գործնականում ակտիվորեն ներգրավված է ընդդիմությանը գլխավոր խնդրից կեղծ, պատրանքային հաղթանակի շեղելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին