«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանը որոշել է զարմացնել իր դիմացկունությամբ եւ քաղաքական հմտություններով: Վարչապետի պաշտոնում նրա նշանակումից հետո բոլորը միակարծիք էին, որ Կարապետյանը քաղաքական ֆիգուր չէ, իսկ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականի հայտնի պատմությունը հիմք էր տվել եզրակացնելու, որ նա նաեւ թույլ նյարդեր ունի եւ ինչ-որ իրավիճակների առաջ արագ ընկրկում է:

Սերժ Սարգսյանն արդեն երկար ժամանակ ամեն ինչ անում է, որպեսզի այդպիսի իրավիճակ ստեղծի՝ Կարապետյանին դրդելու հրաժարականի, բայց, կարծես թե, ոչ մի կերպ դա չի հաջողվում: Ընդ որում, Սարգսյանն այս ընթացում, կարծես թե, օգտագործել է իր զինանոցի բոլոր գործիքներն ու զինատեսակները: Հնարավոր է, իհարկե, որ նա թաքուն պահած ինչ-որ փամփուշտ դեռ ունի, սակայն առայժմ ակնհայտ է, որ դադար է վերցրել եւ չի պատրաստվում այն օգտագործել:

Մինչ այդ վարչապետն իր փամփուշտներն է արձակում: Այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովում ելույթ ունենալու հերթը նրանն էր:

Ճանաչելով Սերժ Սարգսյանի քաղաքական ձեռագիրը՝ կարող ենք ենթադրել, որ նա ամեն ինչ արել է, որ մինչեւ այս համաժողովը Կարեն Կարապետյանն արդեն երկրի վարչապետ չլիներ եւ չմասնակցեր սույն շատ կարեւոր միջոցառմանը: Դրա համար Սարգսյանը, իհարկե, լուրջ պատճառներ ուներ: Հայտնի է, որ Սփյուռքում Հայաստանի գործող իշխանություններին այնքան էլ խանդավառ չեն ընդունում, շատ հարցերում վերապահումներ եւ դժգոհություններ ունեն: Այս իրավիճակում Կարեն Կարապետյանն իր եվրոպական կերպարով կարող է լուրջ այլընտրանք դառնալ Սփյուռքի հեղինակավոր գործիչների համար: Շատ տարօրինակ է, բայց վերջին շրջանում, այսինքն՝ ճիշտ այն ժամանակահատվածում, երբ Սերժ Սարգսյանը փորձում էր օղակը սեղմել վարչապետի շուրջը, Արեւմուտքից վերջինիս լուրջ աջակցություն էր ցուցաբերվում:

Սա տարօրինակ է, որովհետեւ Կարեն Կարապետյանը ռուսական քաղաքական եւ գործարար շրջանակների հետ փոխկապակցված անձ է, ուստի պետք է մերժված լիներ Արեւմուտքի կողմից: Սակայն արդեն մի քանի ամիս է՝  Հայաստանում ԱՄՆ-ի եւ Եվրամիության դեսպանների ամեն երկրորդ խոսքը վարչապետի բարեփոխումները ողջունելն է, նրան խրախուսելը: Արդյոք սա նշանակում է, որ վարչապետը ռուսական պլատֆորմից սահուն անցում է կատարել արեւմտյան պլատֆորմ, շատ դժվար է ասել: Իսկ գուցե նա, պահպանելով առաջինը,  շահել է նաեւ երկրորդի համակրա՞նքը: Ամեն դեպքում Արեւմուտքից այս ակնհայտ աջակցության պարագայում, Սփյուռքի սիրտն էլ շահելով՝ վարչապետը կարող է լուրջ վտանգ ներկայացնել Սերժ Սարգսյանի համար:

Լիբանանահայ գործիչ Համբիկ Մարտիրոսյանը վարչապետին հարց ուղղելիս շնորհակալություն է հայտնել նրան վերջին մեկ տարվա գործունեության համար, ասել է, որ նա «հեղափոխական գործիչ է, իսկական շախմատ խաղացող, որը շախ արեց ու մատ ցույց տվեց որոշ մարդկանց ու հեռացրեց քաղաքական դաշտից»: Իսկ հարցը եղել է հետեւյալը. «Հիմա հարց պետք է տամ՝ խնդրելով մեկ բառով պատասխանել, արդյոք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի մնալ պաշտոններու վերա»: Կարեն Կարապետյանը հենց մեկ բառով էլ պատասխանել է՝ «այո՛»:

Այս ձոնը, հարցուպատասխանը չեն կարող պատահականություն լինել: Իսկ դա նշանակում է, որ Կարեն Կարապետյանը լուրջ է տրամադրված, եթե դիմում է քաղաքականության մեջ հաճախ օգտագործվող նման հնարքների:

Նա նաեւ շատ բազմանշանակ է պատասխանել 2018-ին Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու հավանականության մասին հարցին: «Եկեք այսպես ասենք, մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել: Երբ կլինի ՀՀԿ-ի պաշտոնական կարծիքը, հարցրեք։ Դուք կուսակցության պաշտոնական կարծիքը լսե՞լ եք»,- ասել է Կարեն Կարապետյանը: Սույնով նա արժեզրկել է տարբեր մեծ ու փոքր ՀՀԿ-ականների անձնուրաց լոբբինգը Սերժ Սարգսյանի օգտին, երբ նրանք երբեմն սրտաճմլիկ հիմնավորումներ են բերում, թե ինչու պետք է Սարգսյանը մնա պետության գլուխը:

«Կառավարությունը ձեռնարկում է համալիր միջոցառումներ դատական համակարգի անկախությունը եւ անաչառությունը ապահովելու համար։ Մենք որդեգրել ենք անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, աշխատում ենք պետական ծառայողի կերպարի վրա»,- ասաց վարչապետը՝ ուղիղ հարվածելով Սերժ Սարգսյանի իշխանության աքիլլեսյան գարշապարին:

Եվ վերջին մահացու հարվածը. «Հաջորդ տարի աշնանը մենք նախատեսում ենք կազմակերպել մեծ տնտեսական եւ ներդրումային ֆորում Հայաստանում... Տրամադրված ենք այդ ֆորումը դարձնել ամենամյա»:

Բանն այն է, որ հաջորդ տարի աշունը 2018-ի ապրիլից հետո է: Փաստորեն, Կարեն Կարապետյանը պատրաստվում է այդ ժամանակ մեծ ֆորում հյուրընկալել Հայաստանում: Վարչապետի ինքնավստահությունը իսկապես տպավորում է, կամ գուցե մե՞նք ենք այս ընթացքում ինչ-որ բան բաց թողել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում