▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անսպասելի հայտարարություն՝ Երեւանում. Հայաստան-ԵՄ նոր խա՞ղ.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մենք քննարկեցինք հայտարարության տեքստը, քննարկեցինք, թե ինչպես կարելի է բարելավել Արեւելյան գործընկերության ծրագիրը՝ հաշվի առնելով Լեհաստանի ցանկությունները եւ հուսամ՝ նաեւ Հայաստանի ցանկությունները: Նաեւ այն, թե ինչպես կարելի է այդ ծրագրում Եվրոպական միությանն անդամակցության իրական հեռանկարներ ստեղծել, քանի որ առայժմ Արեւելյան գործընկերությունը հեռու է կատարյալ գործիք լինելուց՝ չառաջարկելով անդամակցության իրական հեռանկար», Երեւանում երեկ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին՝ Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Ավելի շուտ՝ խոսքը ոչ թե ասուլիսի մասին է, այլ միջոցառման, երբ երկու արտգործնախարարները հանդես են եկել հայտարարություններով: Եվ դա էլ ինքնին ուշագրավ ֆորմատ է, քանի որ սովորաբար արտգործնախարարների այցերի պարագայում լինում են համատեղ ասուլիսներ, եւ նախագահական այցերի ընթացքում է, որ արարողակարգը ենթադրում է ընդամենը համատեղ հայտարարություն՝ առանց հարցերի: Ընդ որում՝ այդ դեպքերն էլ լինում են, թերեւս, այն պետությունների նախագահների այցերի ընթացքում, որոնց պարագայում առկա են բավականին նուրբ խնդիրներ, եւ տվյալ պետությունները գերադասում են հրապարակավ չշոշափել թեման՝ այսպես ասած ըմբռնելով միմյանց հակադիր մոտեցումները: Եվ այս տեսանկյունից էլ խիստ հետաքրքիր է, թե Լեհաստանի արտգործնախարարի այցի ընթացքում Երեւանում ի՞նչ անցանկալի հարցից, հնարավոր ի՞նչ թեմայի մեջբերումից են խուսափել Երեւանն ու Վարշավան՝ բավարարվելով լոկ երկու արտգործնախարարների հայտարարությամբ:

Լեհաստանի արտաքին գործերի նախարարի այցից առաջ առիթ ունեցել ենք արձանագրելու, որ այցը գործնականում վճռորոշ կարող է լինել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի նոյեմբերյան ստորագրման հարցում, առավել եւս, որ ի հայտ են գալիս հնարավոր հետաձգման մասին տարբեր տեղեկություններ: Ի դեպ, հատկանշական է, որ Լեհաստանի արտգործնախարարի այցի նախօրեին Եվրահանձնաժողովը տեղեկություն հրապարակեց, որտեղ նշում էր, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե ԵՄ երեք անդամներ չեն թարգմանել համաձայնագրի տեքստն, ու դա կդառնա հետաձգման պատճառ: Իհարկե, չի բացառվում, որ Եվրամիությունն այդ բանը հայտարարում է միայն այն բանից հետո, երբ Հայաստանում, այսպես ասած, «բացահայտվեց» խնդիրը, ու Եվրամիությանը մնում էր կա՛մ մնալ հետաձգման պատասխանատվության տակ, կա՛մ լուծել թարգմանության հետ կապված հարցը:

Այդպիսով, Լեհաստանի արտգործնախարարի այցից առաջ փաստացի մեկ հարց լուծվել է, եւ այդ առումով ուշագրավ էր այն, որ Սերժ Սարգսյանը Լեհաստանի արտաքին գործերի նախարարին Երեւանում ընդունելով՝ հայտարարել էր, որ Լեհաստանը կարեւոր դեր ունի Արեւելյան գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ հարաբերության ամրապնդման գործում: Դա, ըստ էության, շատ նման է Լեհաստանին շնորհակալություն հայտնելուն՝ որոշակի խնդիր լուծելու համար: Մյուս կողմից՝ արտգործնախարար Վաշչիկովսկին իր հայտարարության մեջ խոսել է այն մասին, որ Երեւանում քննարկել են համաձայնագրի տեքստը: Մի կողմից՝ այստեղ ամեն ինչ բնականոն է, մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ եթե տեքստը ոչ միայն բանակցված, այլ նաեւ հրապարակված է երկու կողմից, քննարկելու էլ ի՞նչ կա այստեղ: Ինչո՞ւ են Երեւանն ու Վարշավան քննարկել տեքստը: Ո՞վ դիտողություն ունի այդ հարցում, կամ արդյո՞ք որեւէ մեկը ինչ-որ ձեւակերպման մասով, այսպես ասած, փոշմանել է, արդյո՞ք Եվրամիությունը տեխնիկական խնդիրը լուծել է՝ Լեհաստանի արտգործնախարարի այցից առաջ, Վարշավայի, այսպես ասած, գործադրած ջանքի արդյունքում, բայց դրա դիմաց էլ Վաշչիկովսկին տեքստում որոշակի փոփոխության առաջարկ է բերել Բրյուսելից:

Հարցերը, իհարկե, շատ են, բայց թերեւս ամենաանսպասելի, գուցե նույնիսկ սենսացիոն տարրն առնչվում է այլ խնդրի կամ հեռանկարի: Վաշչիկովսկին հայտարարում է, որ Երեւանում քննարկել են Արեւելյան գործընկերության հեռանկարները, այդ համատեքստում հարցը, թե ինչպես կարող է ծրագրում ներառվել Եվրամիության անդամակցության իրական հեռանկար, քանի որ ծրագիրը հենց դրա բացակայության պատճառով հեռու է կատարյալ գործիք լինելուց: Այսինքն՝ Արեւելյան գործընկերության, այսպես ասած, լոկոմոտիվ հանդիսացող Լեհաստանը Երեւանում քննարկում է այդ ծրագրում Եվրամիության անդամության, այսպես ասած, «գորգ» ներառելու հնարավորությունը եւ հայտարարում է այդ մասին:

Ստացվում է, որ ԵՏՄ անդամ Երեւանում ԵՄ անդամ Լեհաստանի եւ ԵՄ Արեւելյան գործընկերության մասնակից Հայաստանի արտգործնախարարները քննարկում են ԱլԳ ծրագրում ԵՄ անդամության հեռանկարներ ներառելու հարցը: Այդ հայտարարությունը իր քաղաքական բովանդակությամբ եւ կարգավիճակով գործնականում մի քանի անգամ ավելին է, քան, ասենք, Հայաստանի խորհրդարանում ԵՏՄ-ից դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնությունը:

Բնականաբար, առաջին հարցը, որ առաջանում է, այն է, թե ինչպես է արձագանքելու այդ հայտարարությանը Ռուսաստանը, որովհետեւ Լեհաստանի արտգործնախարարը, փաստորեն, հայտարարում է, որ Երեւանի հետ քննարկել են ԵՄ անդամության հեռանկար, թեկուզ ոչ անմիջական, այլ ԱլԳ ծրագրով միջնորդավորված: Միթե՞ Լեհաստանի արտաքին գործերի նախարարը այդ հայտարարությունն արել է առանց հայկական կողմի հետ համաձայնեցնելու կամ առնվազն առանց պատկերացնելու, թե ինչքան խնդիր կարող է ունենալ Երեւանը Մոսկվայի մոտ: Համենայնդեպս, այն էլ նոյեմբերին ստորագրվելիք շրջանակային համաձայնագրին ընդառաջ Ռուսաստանի այդօրինակ դժգոհության հրահրումը կարող է ունենալ ավելի վատ էֆեկտ հենց համաձայնագրի ստորագրման վրա:

Թե՞ բանը հենց այն է, որ համաձայնագիրը այդ առումով իրապես վտանգված է, եւ Հայաստանն ու Լեհաստանը պարզապես գնում են վա բանկ՝ ակնարկելով, որ եթե Մոսկվան զուտ քմահաճույքի պատճառով կամ ինչ-ինչ այլ, այսպես ասած, զուտ կոնյունկտուրային պատճառներով,- որովհետեւ քաղաքական պատճառ Մոսկվան պարզապես չունի,- արգելակի ԵՄ հետ Հայաստանի համաձայնագրի ստորագրումը, ապա երրորդ փորձ այլեւս չի լինի, կլինի ԵՄ ուղիղ անդամակցության գործընթաց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին