▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՏՄ Մաքսային օրենսգիրք. «մեզ որտեղ են քցում».«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր Մաքսային օրենսգիրքը, որը ընդհանուր է լինելու Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում: Մաքսային օրենսգիրքը պետք է վավերացվի մինչեւ տարեվերջ, որպեսզի 2018թ. այն մտնի ուժի մեջ:

Նախագիծը ներկայացնող ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասում է, որ այն ընդունելու դեպքում հեշտացվում են ապրանքների մաքսազերծման ընթացակարգերը, եւ նվազելու են բիզնեսի այլընտրանքային ծախսերը: «Կասեք, թե մեզ որտեղ են քցում»,- Միրումյանին հարցնում է «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը՝ նկատի ունենալով, թե Մաքսային օրենսգրքի ընդունումը ինչ վտանգներ է պարունակում Հայաստանի եւ մեր գործարարների համար:

Զեյնալյանի հարցը տրամաբանական է թվում, եթե նկատի ունենանք, որ ԵՏՄ շրջանակներում ընդունվող ընդհանուր կիրառության օրենքները կոչված են սպասարկելու Ռուսաստանի շահերը: Միրումյանն ասում է, որ ռիսկեր չկան, բայց զարմանալի կլիներ, եթե նա հայտարարեր, որ այդ օրենսգիրքը վտանգավոր է Հայաստանի համար: Հայաստանը պարտավորված է ընդունել օրենսգիրքը, որովհետեւ ԵՏՄ անդամ է: Ինչու ենք պնդում, որ պարտավոր է, անկախ նրանից, թե դա ոտնահարում է մեր ազգային շահերը, թե ոչ, որովհետեւ երեկվա քննարկման ժամանակ մի այդպիսի դեպք ներկայացվեց, որը պարզ ցույց է տալիս, թե որքանով է Հայաստանը կարողանում պաշտպանել մեր ազգային շահերը:

ՀՀԿ խմբակցության անդամ Վահան Հարությունյանը, որը մինչեւ պատգամավոր ընտրվելը եղել է «Միկմետալ» ընկերության նախագահը, ՊԵԿ փոխնախագահին հարցրեց, թե ինչ սկզբունքով են ընդունվում եւ կիրառվում հակադեմպինգային մաքսատուրքերը, եւ արդյոք Մաքսային օրենսգիրքը կապ ունի դրա հետ: Միրումյանը պատասխանեց, որ հակադեմպինգային մաքսատուրքերը Մաքսային օրենսգրքի հետ կապ չունեն, դրանք ընդունվում են Եվրասիական տնտեսական միության խորհրդի կողմից, կոնսենսուսի հիման վրա: Սա նշանակում է, որ ԵՏՄ անդամ երկրները, ովքեր ներկայացված են խորհրդում, պետք է կողմ քվեարկեն նման մաքսատուրքի ընդունմանը: Հարությունյանը հիշեցրեց, որ սրանից մեկուկես տարի առաջ Հայաստանը արմատուրա եւ մետաղական գլանվածքը ներմուծում էր Ուկրաինայից, բայց 2016թ. սկսած ուկրաինական արտադրանքը դարձավ անմրցունակ, քանի որ ուկրաինական ընկերությունների արտադրանքի նկատմամբ սկսվեց կիրառվել հակադեմպինգային մաքսատուրք, ինչի հետեւանքով Հայաստանի շուկայում գերիշխող դարձավ ռուսական ընկերությունների մետաղական գլանվածքը:

Իսկապես, 2016թ. մարտին Եվրասիական տնտեսական միության խորհուրդը որոշեց 5 տարի ժամկետով հակադեմպինգային մաքսատուրքեր կիրառել ուկրաինական մետաղական գլանվածք արտադրող ընկերությունների նկատմամբ: Հակադեմպինգային մաքսատուրքը սահմանվեց մաքսային արժեքի 10,11 տոկոսի չափով: Հայ սպառողը այդ որոշումից տուժեց, որովհետեւ ուկրաինական արտադրանքն ավելի մատչելի էր, քան ռուսականը: Հայաստանը մետաղական գլանվածքի սեփական արտադրություն չունի, որ համարենք, թե այս որոշման արդյունքում օգտվեց ներքին արտադրողը:

Բայց փոխարենը օգտվեցին ռուսական ընկերությունները: Թե ինչու են ԵՏՄ խորհրդում Հայաստանի ներկայացուցիչները կողմ քվեարկել այս որոշման ընդունմանը, որեւէ մեկը չի կարող բացատրել: Միակ բացատրությունն այն է, որ հնարավոր չէր դեմ քվեարկել: Կարող են Հայաստանի կառավարության ներկայացուցիչները նշել գեթ մի դեպք, երբ ԵՏՄ շրջանակներում ընդունվել է որեւէ որոշում, որի արդյունքում կպաշտպանվեր Հայաստանի արտադրողների շահերը, բայց կտուժեին ռուս սպառողները: Իհարկե նման դեպք չի եղել, ու չի էլ կարող լինել, քանի որ այդ միությունը ստեղծված է Ռուսաստանի տնտեսական շահերը սպասարկելու համար: Միության մյուս անդամներն իրենց շահերը պաշտպանում են ըստ իրենց ազդեցության մեծության, Հայաստանը ազդեցություն չունի, եւ ստիպված է համակերպվել:

Միակ բանը, որ ասում է Հայաստանի կառավարությունը, եւ երեկ էլ դրա մասին հայտարարեց Վախթանգ Միրումյանը՝ ի պաշտպանություն ԵՏՄ-ի անդամակցության, ԵՏՄ ընդհանուր բյուջեից ստացված գումարն է: Ըստ Միրումյանի՝ մենք տարեկան 11-13 մլրդ դրամ ավելի մաքսատուրք ենք ստանում ընդհանուր բյուջեից: Բայց թե որքան է Հայաստանը վնասվում այդ ընդհանուր շուկայի կազմում լինելու արդյունքում, որեւէ մեկը չի հաշվարկել, համենայնդեպս, որեւէ մեկը նման պաշտոնական թիվ չի հրապարակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին