▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ է պատրաստվում զոհաբերել Սերժ Սարգսյանը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում բոլորի առաջնորդն է, այդ թվում թե՛ Կարեն Կարապետյանի, թե՛ Վիգեն Սարգսյանի: Այդ հայտարարությունն արվել է վարչապետի 2018 թվականի խնդրի «հավերժական» հարցի համատեքստում, որը, սակայն, արդեն կարծես թե հայտնվում է տեղապտույտի մեջ կամ տեղապտույտի մեջ է գցում հանրությանը:

Բանն այն է, որ իշխանության ներսում տեղի է ունենում երկու զուգահեռ գործընթաց: Մեկով հանրությունը նետվում է տեղապտույտի մեջ՝ անընդհատ եւ ապարդյուն պտտվելով վարչապետի հարցի շուրջ, մյուսով համակարգը զուգահեռ վերակազմավորվում է այնպես, որ վարչապետի խնդիրը չունենա առանցքային նշանակություն, եւ իշխանության կառավարման մեխանիզմը լինի առավել բազմակենտրոն եւ ունիվերսալ: Դա բացարձակապես կասկածի տակ չի դնում այն, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի առաջնորդն է կամ ամբողջ իշխանության առաջնորդն է:

Նախ՝ այդ առաջնորդությունն անկասկած ֆրանսիական արքունիքի հայտնի սկզբունքով է՝ «թագավորը մեռավ: Կեցցե թագավորը»: Սերժ Սարգսյանն առաջնորդ է այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀԿ-ի համար չի հայտնվել ռեալ առավել լայն երաշխիքներ տվող այլ առաջնորդ: Բայց, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի առաջնորդ լինելը ամենեւին չի հակադրվում վարչապետ չլինելուն, այն պարզ պատճառով, որ դե յուրե առաջին դեմք հանդիսացող վարչապետը դե ֆակտո ամենեւին առաջնորդի կարգավիճակում չէ: Սերժ Սարգսյանին առաջնորդի կարգավիճակը պահելու համար կարիք չկա պահել վարչապետի պաշտոնը, պահել դե յուրե իշխանությունը: Հենց այստեղ է, որ հանրությունը հայտնվում է տեղապտույտում՝ վարչապետի հարցի շուրջ, իսկ իշխանությունը սահուն եւ հանդարտ վերակազմակերպվում է՝ պատրաստվելով Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ նոր համակարգի:

Այդ համակարգում առաջնորդը ՀՀԿ նախագահն է, ոչ թե Սերժ Սարգսյանը: Ըստ այդմ, զուտ իշխանության եւ հետագա քաղաքականության տեսանկյունից հարցը ոչ թե այն է, թե ով կլինի վարչապետ, այլ այն, թե արդյոք երբ եւ ո՞վ կհամարձակվի ՀՀԿ նախագահի պաշտոնում ձեռնոց նետել Սերժ Սարգսյանին:

Վարչապետի եւ Սերժ Սարգսյանի առաջնորդության հարցերը բացարձակապես կապ չունեն միմյանց հետ եւ առավել եւս չեն հակադրվում միմյանց՝ առնվազն 2018-ի ռեժիմում: Այլ հարց է, թե ինչ փոփոխություն կլինի արդեն այն ժամանակ, երբ իշխանությունը լիարժեք մտնի 2022-ի նախընտրական ռեժիմի մեջ՝ ոչ դե յուրե, այլ դե ֆակտո:

Եվ այդ համատեքստում է նաեւ առանցքային հարցերից մեկը, թե Սարգսյանն այդ ռեժիմում ինչ զոհաբերության կգնա իր առաջնորդությունը պահելու եւ վերարտադրելու համար կամ, ավելի շուտ, ո՞ւմ կտանի զոհաբերության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին