▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոյուղային քաղաքականության հետևանքները կամ կոյուղուց դեպի քաղաքականություն

 

«Փաստ» օրաթերթը գրում է. Կոյուղային քաղաքականության հետևանքները կամ կոյուղուց դեպի քաղաքականություն 

Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Երևանի ավագանու այս նստաշրջանի առաջին նիստը: Նիստն ընթանում էր բնականոն հունով, մինչև «Երկիր Ծիրանիի» ներկայացուցիչների կողմից սկսվեց բեմականացված ներկայացում: Ներկայացումն իբրև թե միտված էր Նուբարաշենի կոյուղու խնդրի լուծմանը, բայց ինչպես պարզվեց հետո, խնդիրն իրականում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկին պատկանող կոյուղագծին էր վերաբերում: 
Ամեն դեպքում ներկայացումը խաղացին:

Քաղաքապետարանում «Երկիր Ծիրանիի» հրահրած տհաճ միջադեպից հետո, նրանց փոքրաթիվ կողմնակիցները որոշել էին ակցիա կազմակերպել քաղաքապետարանում: Արդյունքում ևս մեկ տհաճ միջադեպ ստացվեց. կասկածելի բնույթ կրող մի քանի հկ-ների ներկայացուցիչներ աղավաղեցին Երևանի պատմության թանգարանի պատերը, ինչը ոչ այլ ինչ, քան վանդալիզմ կոչել, հնարավոր չէ: Դրան հաջորդեց «Երկիր Ծիրանիի» կանանց հասցեին հնչող ասպետական երանգներ ունեցող քարոզչական գովաբանությունների շքերթ:

Տեղի ունեցածի կոնտեքստն աղավաղվեց ու սկսեց ներկայացվել բացառապես կին-տղամարդ հակասության տեսքով ՝ իբր թե տղամարդիկ հանկարծ որոշել էին Ծիրանիի կանանց հանդեպ բռնություն կիրառել:

Նախ, պետք է ֆիքսել, որ այն պահից, երբ քաղաքական ասելիքն ու անելիքը վեր է ածվում կոյուղու ջրով ներկայանալու, կին-տղամարդ բոլոր սահմանները հատվում են: Եվ այդ սահմանը հատում է հենց «Երկիր Ծիրանին»: Դրանից հետո անիմաստ է խոսել կնոջ հանդեպ ասպետական «վերաբերմունքի» մասին: Օրինակ, «Երկիր Ծիրանիի» հոգևոր քույրերը ՝ մերկ ներկայացող և սկանդալներ կազմակերպող ֆեմինիստական ակտիվիստուհիներն աշխարհի տարբեր երկրներում, այս կամ այն միջոցառման ընթացքը խոչընդոտելուց չեն մտածում, որ այնուհետ նրանց հանդեպ վերաբերմունքը լինելու է մեղմ ու քնքշալի: Նրանք առնվազն անկեղծ են:

Իսկ Երկիր Ծիրանին ՝ ոչ: Մի դեպքում, երբ կա սկանդալի կարիք, նրանք սադրում են սկանդալ, մոռանալով, որ կին են:  Իսկ հենց սկանդալը ձախողվում է ու նրանց սկսում են մեկուսացնել, նրանք հիշում են, որ կին են: Ու այդ ֆոնին իրենց կողմնակիցներին մղում են ակցիաների, իսկ մյուս կողմնակիցների միջոցով փորձում են տեղեկատվական արշավ սկսել ՝ իրենց ներկայացնելով որպես բռնության զոհեր:

Այս ամենի դրական կողմն այն է, որ թե Ծիրանիի հարուցած սկանդալները, թե այնուհետ նրանց կողմից ուղղորդվող ակցիաները՝ ի պաշտպանություն հենց իրենց, հանրային աջակցություն չեն վայելում: Հասարակությունը շատ հստակ տեսնում, գիտակցում և զգում է, թե ինչ է անում Երկիր Ծիրանին, հասկանում է նրանց արածի հետևանքները և դժվար թե կանգնի նրանց կողքին: Սա ամենակարևորն է: Այնպես որ, կարող ենք ֆիքսել. կոյուղային քաղաքականության հետևանքները ու պատճառները, նաև արդյունքները վայելելու են միայն մի տեղում՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունում:
 
Երկիր Ծիրանիի գարշահոտ արարքից հետո հայտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին պաշտպանել նրանց գործողությունն, ավելին՝ սկսեցին խոսել կանանց իրավունքներից ու բռնությունից: Մերօրյա ասպետ-ակտիվիստները, որոնց համար կյանքը բաժանվում է սև ու սպիտակ գույների միայն, բնականաբար չխորացան խնդրո առարկա կոյուղաջրի հարցում, չփորձեցին իրավիճակը վերլուծել: 

Ինչևէ ունենք այն, ինչ ունենք: Չնայած այն հանգամանքին, որ կոյուղաջրերի խնդրի հասցեատերը քաղաքապետարանը չէ, դա չի խանգարում ոչ ծիրանուհիներին, ոչ էլ նրանց աջակիցներին թեման տաք պահել ՝ լուծելով երկու խնդիր: Փորձել աղմուկով շղարշել իրենց անբովանդակ քաղաքական կյանքը, թիրախավորել կոնկրետ կառույցի աշխատանքը՝ ընդդիմադիր դաշտում ոչ միայն հովանավորներ ու աջակիցներ ձեռք բերելու համար:

Ցավոք, ընդդիմադիր հռետորաբանության մակարդակը Հայաստանում գնալով ընկնում է, և «Երկիր Ծիրանին» այդ անկման գլխավոր մեղավորներից մեկն է: Որպես ամփոփում նշենք նաև, որ գարշահոտ ակցիայից հետո, կազմակերպվեց մեկ այլ ակցիա քաղաքապետարանի մոտ: Իսկ այնուհետ սոցցանցերում ակտիվացան անհայտ ծագման խմբեր ու կազմակերպություններ, որոնք սկսեցին կուրծք ծեծել կանանց իրավունքների պաշտպանության մասին:

Զարմանալի է պահում իրեն ԵԼՔ դաշինքը, որի անդամները սկսել են իրար հերթ չտալով գրառումներ անել ՝ փորձելով այսպես պարզերես լինել ընդդիմադիր գործընկերների մոտ: Իսկ զարմանալին այն է, որ ԵԼՔ-ի ներսում կարծես կարծիքները կիսվեցին. ոմանք ներողություն խնդրեցին երևանցիներից նման անորակ նիստերի համար, ոմանք էլ փորձեցին արդարացնել Երկիր Ծիրանիի կանանց քայլերը: 
Ձմռան փոխարեն գարուն է, մարդկանց մոտ էլ կարծես մտքերն են խառնվել:

Արմեն Վարդանյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին