▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամու հետ խնդիրը միայնակ ենք լուծելու.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Շփման գծում նախօրեին հայկական կողմը կորուստ է ունեցել: Հակառակորդի դիպուկահարից զոհվել է հայկական զինուժի 20-ամյա զինծառայող: Սողացող պատերազմի հերթական սարսափելի դրսեւորումը, որը, ցավոք սրտի, չլինելով առաջինը՝ ամենայն հավանականությամբ վերջինն էլ չի լինելու: Հայաստանն ու Արցախը չունեն այլընտրանք, քան այդ պատերազմին դիմակայելը, քանի որ զիջել այդ պատերազմում, հանձնվել, տեղի տալ, նշանակելու է ոչ թե արգելակել սողացող այդ պատերազմը, այլ սողացողի փոխարեն բացել արդեն «թռչող» պատերազմի ճանապարհը, որովհետեւ հակառակորդը առավել ագրեսիվ է դառնալու:

Երեք համանախագահներից յուրաքանչյուրն ունի սողացող պատերազմի արգելակումը հրատապություն չդիտարկելու իր պատճառները, ավելին՝ համանախագահներից մեկը՝ Ռուսաստանը, իր քաղաքականությամբ ուղղակի սնուցում է այդ պատերազմը:

Համանախագահների շրջանակում օրակարգայինն ու հրատապը լայնամասշտաբ բախումը կանխարգելելն է, եւ այդ իմաստով նրանք գուցե նույնիսկ սողացող այս խրամատային պատերազմը դիտարկում են «գոլորշի բաց թողնելու» տարբերակ: Ի՞նչ անել այս իրավիճակում:

Ըստ այդմ՝ մարտավարական տեսանկյունից մենք պետք է ընդունենք, որ միայնակ ենք խնդիրը լուծելու, սողացող պատերազմին դիմագրավելու հարցում եւ քանի դեռ չենք կարողացել փոփոխություն կատարել քաղաքական խորքային բովանդակության առումով՝ այդպիսով փոխելով շահերն ու միջազգային մակարդակում հրատապություն դարձնելով յուրաքանչյուր կյանքի խնդիրը, մենք պետք է ինտենսիվորեն աշխատենք այդ յուրաքանչյուր կյանքի պահպանության մեր անելիքի վրա:

Մյուս կողմից՝ այս խնդիրը մենք չենք կարող լուծել առանձին կտրվածքով: Այսինքն՝ խնդրի լուծման արդյունավետություն հնարավոր է, եթե ունենք հստակ կոնցեպտուալ պատկերացում, թե ինչ ենք ուզում, ինչի համար ենք այդ ամենն անում, որն է մեր ռազմավարական հեռանկարը՝ որպես պետություն եւ պետականություն ունեցող հանրույթ: Այս խնդրում մենք չկանք, եւ նաեւ սա է պատճառներից մեկը, որ յուրաքանչյուր կյանք փրկելու գործում մենք, ըստ էության, միայնակ ենք: Որովհետեւ խորքային առումով աշխարհը չգիտի, թե ինչ ենք մենք ուզում, որն է մեր հստակ սահմանը եւ սկզբունքային դիրքը, որտեղ մենք իսկապես ազգ-բանակ ենք:

Մինչդեռ, այդ խնդիրները նույնիսկ մեր օրակարգում չկան, եւ դրա վկայությունն արտաքին հարթության վրա տեղի ունեցող այդ զարգացումների համադրությամբ մեր ներքին օրակարգն է, ավելի շուտ օրակարգի իմիտացիան կամ ֆեյք-օրակարգը, որտեղ բացակայում են քաղաքական սկզբունքային հարցադրումները, որտեղ քաղաքական մեծ ու փոքր ուժերը զբաղված են ընդամենը իշխանության հետ դիրքային «ռազբորկաներով»՝ ռեյտինգային ընտրակարգի շուրջ, խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում, ըստ էության, արարողակարգային պաշտոն դիտվող նախագահի ընտրության կարգի շուրջ:

Մեր քաղաքականությունն արտաքին խոշոր խնդիրների պարագայում կենտրոնացած է ներքին մանր ինտրիգների եւ առեւտրի վրա: Ընդ որում՝ երկու կողմից՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության:

Լավագույն դեպքում արտաքին օրակարգին արվում են անդրադարձեր՝ դեկլարատիվ պոպուլիզմ-պաթետիզմի տրամաբանությամբ, առանց մասնագիտական եւ հայեցակարգային խորության, ընդամենը մենք լավն ենք, իսկ իշխանությունը վատը, կամ հակառակ կողմից եկող նույն տրամաբանությամբ: Ահա թե ինչու այս իրավիճակում գործնականում բոլորը, ըստ էության, անում են քայլեր, որոնք այլ տեղ չեն տանում, քան Սերժ Սարգսյանի վարչապետությունը մոտեցնելուն, որովհետեւ առկա վիճակում գլխավոր հարցն այն է, որ չփոխվի մեկ մարդու արտաքին քաղաքականության իրողությունը, չառաջանա տարբեր մարդկանց գործնական պատասխանատվություն այդ քաղաքականության եւ անվտանգության խնդիրների համար, եւ այդ իրավիճակի ներքո շարունակվի ներքին մանրամեծածախ քաղաքական տրամաբանությունը, որի շռայլ հնարավորությունը քաղաքական ուժերին՝ թե՛ ընդդիմադիր բազմազանությանը եւ թե՛ իշխող մեծամասնությանը ի պատասխան ընձեռում է Սերժ Սարգսյանը՝ պայմանով, որ նրանք էլ իրեն են շռայլորեն ընձեռում դեպի դուրս անկաշկանդ մենաշնորհի հնարավորությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին