▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները փորձել են համոզել Փաշինյանին. գործին խառնվել են նաև Արցախից.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ակնհայտ է՝ արդեն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ Հայաստանում շարունակվող բողոքի ցույցերի` նման մասշտաբներն իշխանությունների համար անսպասելի էին, եւ հիմա նրանք խիստ անհանգստացած են հետագա զարգացումներից:

Պատահական չէ, որ արդեն երրորդ օրն է` իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ խոսում են ընդդիմության հետ երկխոսության գնալու անհրաժեշտության մասին: Այս մասին խոսք է գնացել անգամ երեկ Սերժ Սարգսյանի հետ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպման ժամանակ:

«Ժողովուրդ»-ին նաեւ հայտնի դարձավ, որ այս օրերին շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վրա իշխանությունները փորձում են ազդել նաեւ ամենատարբեր միջոցներով: Մասնավորապես նրա շրջապատի անդամների միջոցով փորձելու են համոզել՝ դադարեցնել հանրահավաքներն ու բողոքի ակցիաները եւ երկխոսության նստել:

Անգամ այս գործին խառնվել են Արցախից. տարբեր հայտնի դեմքեր իրենց հերթին պայքարը դադարեցնելու եւ երկխոսության առաջարկ-միջնորդություններով են հանդես եկել: Միայն թե, մեր աղբյուրների փոխանցմամբ, նաեւ արցախյան բանագնացներին առայժմ չի հաջողվում համոզել Փաշինյանին:

Իսկ երեկ արդեն հանրահավաքում նա հրապարակել է օրակարգային հարցերը, որոնց շուրջ իշխանությունների հետ երկխոսության կգնա՝ վարչապետի հրաժարական, նոր վարչապետի ընտրություն, ժամանակավոր կառավարության ձեւավորում, որից հետո քաղաքական պայմանավորվածության համաձայն` Ազգային ժողովը չի ընդունում կառավարության ծրագիրը, եւ Սահմանադրության համաձայն` իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ հրաժարականի եւ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին խոսք գնացել է նաեւ Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի եւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, սակայն վարչապետը այդ տարբերակի մասով լռել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին