▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայիսին գազը կթանկանա.մամուլ

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանըհեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ եւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հիմնահարցեր: Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ քննարկման թեմաներից հազիվ թե դուրս մնացած լինի ՌԴ-ից ներմուծվող գազի գնի հարցը: Ճիշտ է, խնդիրն առավելապես հիմա «Գազպրոմի» տիրույթում է՝ կապված ներքին սպառողի համար սակագնի հարցի հետ, սակայն այս խնդրի հետ կապված դեռ վերջնական լուծում չկա, ինչի մասին օրերս խոսեց նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, թե բանակցությունները դեռ ընթացքում են: «Փաստի» տեղեկություններով, գազի գնի բարձրացման հետ կապված իշխանություններին որոշակի ժամանակ է անհրաժեշտ, մասնավորաբար՝ գոնե մինչեւ մայիս-հունիս, որպեսզի կարողանան ՀՀ ներսում որոշակի «ռասկլադ» հստակեցնել եւ հանրության շրջանում դժգոհության նոր հնարավոր ալիքները կասեցնել: Ըստ նույն տեղեկությունների, գազի գնի բարձրացման հարցն օրակարգ կներառվի մայիսից հետո, երբ հաստատված կլինի նաեւ առաջին միջազգային վարկային համաձայնագիրը, ինչը հնարավորություն կտա տնտեսության մեջ որոշակի ֆինանսական կայունություն եւ ճիշտ դիվերսիֆիկացիա ապահովել: Ըստ ամենայնի, պայմանագրի վավերացումը կլինի մինչեւ ԱԺ ամառային արձակուրդը, եւ այդ «հարմար» շրջանը կօգտագործվի գազի գնի բարձրացման հետ կապված դժգոհությունը մեղմելու համար»:

 

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ականատես ենք լինում բողոքի ցույցերի մի ամբողջ շղթայի՝ ակցիզային հարկի, գրավատների, արծվաշենցիների խնդիրների ու մի շարք այլ հարցերի հետ կապված: Անցնող շաբաթվա ամենաքննարկված եւ շահարկված թեման կապված է փոխանակման կետերի եւ գրավատների կողմից տրվող պետտուրքի ավելացման հետ: Նախատեսվում է պետտուրքը բարձրացնել 60 անգամ՝ 50 հազարից դարձնել 6 մլն: «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում բարձրացում լինելու է, բայց ոչ այդ աստիճանի. սա բավական տարածված քայլ է, երբ ընտրություն է կատարվում վատի եւ վատագույնի միջեւ: Այսինքն, ի սկզբանե ներկայացվում է վատագույն սցենար, հետո գնում են զիջումների, արդյունքում բարձրացում լինում է, սակայն նվազում է դժգոհությունը: Պատահական չէ, որ հարցի վերաբերյալ դժգոհություններ են հայտնվել նաեւ իշխանական պատգամավորների կողմից: Այն դեպքում, երբ ներկայիս իշխանության մեջ դժվար է պատկերացնել «մոնոլիտությունից» որեւէ շեղում: Ի դեպ, սա հնարավորություն է տալիս, բացի վերը նշվածից, լուծել եւս երկու խնդիր. ցույց տալ, որ նախ՝ օրենսդիրը կարողանում է ճնշում եւ վերահսկողություն իրականացնել գործադիրի նկատմամբ, եւ երկրորդ՝ իշխանական թիմում առողջ դեմոկրատիա կա»:

«Ժամանակ» թերթը գրում է. « ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կզրկվի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նկատմամբ ունեցած իր ազդեցությունից: Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելուց հետո Գագիկ Ծառուկյանի ներկայիս կադր` սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանին կփոխարինի Գեւորգ Լոռեցյանը, ով նոր իշխանության կադրն է: Սա արվում է ոչ ի պատասխան Ծառուկյանի մոտ վերջերս ի հայտ եկած ընդդիմադիր հակումների»:


 

 

 

 

 

 

 

 

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե հենց էնպես չէր, որ Գագիկ Ծառուկյանը ոչ խիստ բացահայտ, այնուհանդերձ «ինքնըստինքյան» դեմ դուրս եկավ իշխանությունների ապամոնտաժումների թրենդին: Բանն այն է, որ կինո Մոսկվայի հարեւանությամբ նրա նախաձեռնությամբ կառուցվող, բավականին լուրջ ներդրումային փաթեթով` «Կեմպինսկի» հյուրանոցի շինարարությունը նույնպես դադարեցվել է։ «Ալեն-Էլեն» հաստատությունը դատական հայց է ներկայացրել վերջինիս նկատմամբ, թե հյուրանոցի շինարարությունը իր «արեւը» կտրում է: Ի դեպ, շինարարական աշխատանքների կասեցման խնդիրներ ունեն անգամ յուրայինները` իշխանությունում Կարգին Հայկոն` լուրջ խնդիրներ է առաջացրել նաեւ «Ռոսիա մոլի» շինարարական աշխատանքների մասով, բանը հասել է «դիվանբաշուն», վերջինս էլ հրահանգել է լինել մաքսիմալ օբյեկտիվ, Կարգին Հայկոն էլ խիստ օբյեկտիվ է գտնվել»:

«Իրատես» թերթը գրում է. «Հավանաբար, տնտեսական հեղափոխության տրամաբանությունից բխում է նաեւ բիզնեսները սեփական նախընտրությամբ բաժանելու գործելաոճը։ Մեր տեղեկություններով` ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը բենզինի բիզնեսում մասնաբաժին ունի, եւ ահա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նրան առաջարկել է դուրս գալ այդ ոլորտից, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն այնտեղ։ Իրազեկ աղբյուրի փախանցմամբ` Վանեցյանի բիզնեսին «խփում» են Խաչատուր Սուքիասյանն ու Գագիկ Ջհանգիրյանը։ Կհամաձայնի՞ Նիկոլ Փաշինյանի առաջարկին ԱԱԾ ղեկավարը, դեռ պարզ չէ, բայց, ինչպես երեւում է, իշխանությունը ցանկանում է «պարգեւատրել» ոչ մի պաշտոն չստացած իր «հավատարիմ» աջակիցներին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը որոշել է լուծարել Ջրի ազգային խորհուրդը: Այս մարմինը ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույն խորհրդատվական մարմինն էր, որի ղեկավարը ի պաշտոնե հանրապետության վարչապետն է: Լուծարելով այս խորհուրդը՝ վարչապետը հավանաբար ուզում է իր վրայից գցել ոլորտում առաջիկայում սպասվող տապալումների անմիջական պատասխանատվությունը»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագրի» մայիսին սպասվող համագումարին ընդառաջ, արդեն խմորումներ են սկսվել կուսակցությունում։ Բանն այն է, որ համագումարին պետք է նոր վարչություն ընտրվի, եւ շատերն են պայքարում մնալ կամ ընդգրկվել կուսակցության ղեկավար կազմում, որտեղ անմիջապես մասնակցում են որոշումների կայացմանը։ Հարցը հատկապես սուր է դրված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ, որը համարվում է Փաշինյանի չհայտարարված մրցակիցը, կառավարության «գորշ կարդինալը»։ Նա, ասում են, ինտենսիվ աշխատում է թիմում յուրայիններ հավաքագրելու ուղղությամբ, քանի որ վարչության անդամին, ՔՊ ընդունած ներքին կանոնադրությամբ, ընտրում են գաղտնի քվեարկությամբ։ Վարչությունում ընդգրկվելու հավակնություններ են դրսեւորում Մխիթար Հայրապետյանը, Մակունցը եւ այլք։ Ներկայումս ՔՊ վարչությունը 13 հոգուց է բաղկացած, չի բացառվում, որ կազմն ընդլայնվի»:

«Իրատես» թերթը գրում է. «Նախորդ տարի, իշխանափոխության օրերին, երբ ՀՀԿ-ում սկսվել էր առնետավազքը, չորս պատգամավոր հայտնվեց, այսպես ասած, չեզոք գոտում: Խոսքը ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, Միհրան Հակոբյանի եւ Սամվել Ֆարմանյանի մասին է: Նրանք չպաշտպանեցին ՀՀԿ-ին, հեղափոխականների կողքին էլ չկանգնեցին: Ի դեպ, Հակոբյանն ու Ֆարմանյանը նաեւ ՀՀԿ-ից դուրս գալու որոշման մասին հայտարարեցին: Որոշ ժամանակ անց նրանք ստեղծեցին «Քառյակ մեդիա» ընկերությունը: Նրանց քայլը ՀՀԿ-ն բավական վատ ընդունեց, ոմանք անգամ համարեցին դավաճանություն: Հատկապես Սամվել Ֆարմանյանին հանրապետականները չէին «ներում», քանի որ նրան «կարգել» էին կուսակցության գործադիր մարմնի անդամ, այն դեպքում, երբ բազմաթիվ «հին գվարդիականներ» գործադիրի անդամ չէին: Սա, բնականաբար հարուցել էր նախկին իշխող կուսակցության անդամների զայրույթը: Սակայն, մեր տեղեկություններով, «Քառյակ մեդիայի» անդամներն ամենեւին էլ կապը չեն խզել ՀՀԿ-ի հետ: Ավելին, վերջերս Սամվել Ֆարմանյանը խաշի է հրավիրել հանրապետականներին, նրանք էլ չեն մերժել հրավերը, գնացել են ամենաբարձր մակարդակով: Բայց, այնուամենայնիվ, եղել են որոշ ՀՀԿ-ականներ, որոնք «դավաճանությունը» չեն մոռացել ու հրաժարվել են խաշի սեղանի շուրջ անգամ նրանց հետ նստելուց: Երեւի ժողովուրդը հենց նման դեպքերի համար է ասում` հետդ մատաղ ուտելու էլ չեմ գնա։ Մատաղին տվյալ դեպքում փոխարինել է խաշը»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակի» տրամադրության տակ հայտնվել է մի փաստաթուղթ, որը վկայում է, թե Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2019-ի մարտի 11-ին ինչպիսի շռայլ ժեստ է արել իր հետ գերջերմ հարաբերություններ ունեցող ոմն էդգար Պստիկյանի հետ առնչվող «Պստո» եւ «Վիտազ» կոնսորցիումին՝ ՍՊԸ-ի հետ կնքելով Երեւանի քաղաքապետարանին 109 միլիոն դրամ գեորգինայի, զինածաղկի եւ պետունյայի ծաղկասածիլներ մատակարարելու պայմանագիր։ 3 չափաբաժիններով մրցույթին մասնակցել է եւս 2 ընկերություն՝ «Արտեմիս» եւ «Սիրանույշ», սակայն բոլոր ենթամրցույթներում «Պստո»-ն ավելի ցածր գին է առաջարկել ու հաղթող ճանաչվել։ Թվում է՝ հաղթել է արդարությունը, քաղաքապետարանը մեկից ավելի մասնակցով մրցույթ է անցկացրել, հաղթել է ավելի ցածր գին առաջարկած ընկերությունը։ Բայց սա՝ միայն առաջին հայացքից, քանի որ սույն ընկերության միակ հիմնադիր Էդգար Պստիկյանը (պետռեգիստրի թղթերում այսօր Պստիկյանի մասնակցությունը դադարեցված է) մտերիմ է քաղաքապետի հետ․ նրա ֆեյսբուքյան էջում տեղադրված է մի պայծառ լուսանկար, որտեղ ինքն է, Հայկ Մարությանը եւ դերասան Հրանտ Թոխատյանը, որից երեւում է, որ մրցույթի պատվիրատուն ու շահողն առնվազն մտերիմ բարեկամներ են։ Երջանիկ պատահականությամբ, Հայկ Մարությանի՝ քաղաքապետ դառնալուց հետո Երեւանի քաղաքապետարանի գրեթե բոլոր տենդերները շահում են Հայկի ընկերներն ու մերձավորները»:

«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ ազգությամբ չեխ Իվան, ամուսնու քաղաքապետ ընտրվելուց հետո քաղաքապետարանում էր անցկացնում ողջ օրը, սակայն նրան հասկացրել են, որ գեղեցիկ չէ, եւ վերջինս հիմա քաղաքապետարան է գնում աշխատանքային ժամն ավարտվելուց հետո: Ըստ նույն աղբյուրների՝ նա քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործ է անում՝ ընդունում է տարբեր մարդկանց, բանակցում նրանց հետ, քննարկում տարբեր հարցեր: Թե որքանով են վերոնշյալ լուրերը համապատասխանում իրականությանը, հետաքրքրվեցինք հենց Հայկ Մարությանից: Եվ թեպետ նա հերքեց, որ կինը քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործ է անում, բայցեւ հաստատեց, որ քաղաքապետարան բերում է ոչ միայն կնոջը: «Բնականաբար, չկա այդպիսի բան: Այստեղ բոլոր շահագրգռված անձինք՝ իմ ընկերները, ուղղակի քաղաքացիները, ովքեր կարող են օգտակար լինել, գալիս են եւ օգտակար են լինում: Եվ մենք ողջունում ենք բոլորին, այդ մարդիկ, որոնք ինչ-որ գիտելիքներ ունեն, այդ գիտելիքները անվճար ծառայեցնում են մեր համայնքի շահերին»,- խոստովանեց Երեւանի քաղաքապետը»:

«Հրապարակ» թերթը գրում է. ««2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ են դրել ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, երեկ պետք է արդարադատության նախարարության տված եզրակացությամբ ներկայացվեր կառավարության օրակարգ: Լուրեր կային, որ նախարարությունը բացասական կարծիք է տալու, սակայն երեկ այն չներկայացվեց կառավարության նիստին։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մեզ ասաց․ «Հեղինակներն են հետ կանչել, որ խմբագրեն նախագիծը՝ մեր կողմից ներկայացված առաջարկների հաշվառմամբ»։ Նշեց, որ այն կլինի աջակցության մասին օրենք, ոչ թե փոխհատուցման, քանի որ «ԱԺ-ն լիազորված չէ գործադիր իշխանությանը նման լիազորություն տալու, գործադիր իշխանությունը լիազորված չէ մտնել դատական իշխանության տիրույթ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն Ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրել թաշվյա հեղափոխության օրերին ժողովրդի նկատմամբ հատուկ միջոցներ գործադրելու համար, քանի որ վերջինս չի ունեցել նման լիազորություններ, բայց անձամբ 8 լուսաձայնային նռնակ է նետել՝ մարդկանց պատճառելով մարմնական վնասվածք: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լեւոն Երանոսյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործով հարցաքննելու նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, սակայն ՀՔԾ-ն մերժել է միջնորդությունը: Իսկ նախաքննության ընթացքում Երանոսյանը պնդել է, թե իր գործողությունները եղել են իրավաչափ: «Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ երեկ զրուցեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Վերջինս ասել է, թե չի հիշում տեղի ունեցածը. «Իրավաչափ է, որ ուժերը եկել են օգնության կարգով, բայց հետագայում ինչ է տեղի ունեցել, ավելի ճիշտ` ով ինչ է կիրառել…»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում անցումային արդարադատության իրականացման գաղափարը կամաց-կամաց միս ու արյուն է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ շաբաթվա ընթացքում այդ նպատակով կստեղծվի հատուկ հանձնաժողով, որի կազմում լինելու են ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, նաեւ ներկայացված է լինելու քաղաքացիական հասարակությունը: Ըստ մեր աղբյուրների` իշխանությունները նախատեսել են նաեւ հարցի վերաբերյալ լայն հանրային քննարկում անցկացնել, որպեսզի գաղափարը պարզ լինի մարդկանց: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն անցումային արդարադատության մասին խոսեց վարչապետ ընտրվելուց հետո: Անցումային արդարադատության իրագործման գաղափարի անհրաժեշտությունն այդ օրերին շեշտել էր նաեւ ՀԱԿ-ը՝ հատուկ հայտարարություն տարածելով այդ մասին: Կառավարությունում դրանից հետո ձեւավորվել էր աշխատանքային խումբ, որը զբաղվում էր այդ հարցերով, եւ համակարգումը հիմնականում իրականացնում էր վարչապետի խորհրդական, անցումային արդարադատության փորձագետ Նիկոլայ Բաղդասարյանը: Եվ հիմա լինելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր` Բաղդասարյանն արդեն համակարգելու է լայն խմբի ստեղծման աշխատանքները: Նշենք, որ անցումային արդարադատությունը Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ընթացքում նոր երեւույթ չէ։ Արդարադատության նախկին նախարար, ներկայում բարձրագույն դատական խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանի դիտարկմամբ՝ անցումային արդարադատության մարմին ստեղծվել է 1990-ականների սկզբին: Գլխավոր դատախազությունում հիմնվել է «Ռեպրեսիայից տուժած անձանց արդարացնելու եւ փոխհատուցում տալու հայտերի քննարկման» հանձնաժողովը: Այս կառույցը Պետական անվտանգության կոմիտեից, Ներքին գործերի նախարարությունից եւ այլ մարմիններից պահանջում էր արխիվային գործերն ու ուսումնասիրության արդյունքներով կազմում եզրակացություն, որն էլ հիմք էր հանդիսանում ԽՍՀՄ տարիներին ապօրինի դատված անձանց արդարացնելու համար»:

 

 

 

 

 

 

 

 

 

Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած կառավարու­թյունը դեռեւս անցած տար­վա ամռանը ներկայացված ծրագրով խոստացել էր բարեփոխումներ իրականաց­նել ՃՈ համակարգում, սա­կայն այդ կառույցը շարու­նակում է աշխատել հին տրամաբանությամբ: ՃՈ աշխատակիցների աշխա­տավարձերն անմիջական կապ ունեն նրանց կողմից գրված տուգանքների հետ, ինչը նույնիսկ ամենաանշառ զանցանքների համար վարորդներին տուգանելու լուրջ խթան է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին