▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը կառավարական ամառանոցում հանդիպո՞ւմ էին.մամուլ

 

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» քարտուղար Հակոբ Սիմիդյանին հարցրինք՝ մինչ պատգամավոր դառնալը Դուք կառավարական ամառանոցի կառավարիչն էիք` ՊՈԱԿ-ի տնօրենը, Նիկոլ Փաշինյանը լայվերից մեկում «շակալ» ցույց տվեց. շա՞տ էին այդ տարածքում կենդանիները։ «Այո, կային ե՛ւ շակալ, ե՛ւ աղվեսներ, մի հատվածում նաեւ բներ կային»: Օձերի՞։ «Չէ, շակալների ու աղվեսների, ձորից էին նրանք, ենթադրում եմ, բարձրանում, ուտելիքի հետեւից էին գալիս»: Երբ տնօրեն էիք, ովքե՞ր էին ապրում ամառանոցում: «Երբ ես գնացի, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն արդեն պատրաստվում էր դուրս գալ այնտեղից. Սերժ Սարգսյանն ու Փաշինյանենք էին, հետո օգոստոսին եկավ Արթուր Վանեցյանը»: Շփում կա՞ր նրանց միջեւ: «Իհարկե` ոչ։ Ի դեպ, եթե անկեղծորեն ասեմ` վեց ամիս լինելով տնօրեն, ես ոչ մի անգամ գոնե պատահական չեմ հանդիպել Սերժ Սարգսյանին»: Որ հանդիպեիք, կբարեւեի՞ք։ «Այո, կարծում եմ` այո»:

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ իրենց զբաղեցրած պաշտոններից երեկ ազատվեցին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը եւ նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։ Նշենք, որ շաբաթներ առաջ մենք գրել էինք նշված պաշտոնյաների հնարավոր պաշտոնանկության մասին, ըստ տեղեկությունների՝ նրանք չէին կատարել Նիկոլ Փաշինյանի՝ Ամանորը Հայաստանում անցկացնելու հորդորը, ինչի առիթով էլ կառավարության ղեկավարը որոշել էր նրանց հեռացնել զբաղեցրած պաշտոնից։ Չնայած մեկնելուց առաջ նրանք թույլտվություն էին ստացել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից, ով ասել էր՝ մեկնեք, եւ երբ փոխնախարարները հայտնվել էին թիրախում, ձեռք էր քաշել իր ենթականերից։ Մենք նաեւ գրել ենք, որ արդարադատության փոխնախարար է նշանակվելու իշխանական «քասթինգն» անցած թեկնածուներից մեկը։ Երեկ տեղեկացանք, որ հավանական թեկնածուն 28-ամյա Տիգրան Խաչիկյանն է՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, Բժշկական համալսարանում իրավաբան է աշխատում, դասախոսում է նաեւ ԵՊՀ-ում»:

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օպտիմալացնելով կառավարությունը՝ մտադիր է ուռճացնել իր աշխատակազմը: Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագծում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Ըստ գործող օրենքի՝ վարչապետի աշխատակազմի աշխատակիցների թիվը, որը չի կարող գերազանցել 600-ը, սահմանում է վարչապետը: Հիմա կառավարությունն առաջարկում է 600-ը փոխարինել 750-ով: Վատ գաղափար չէ, մանավանդ որ՝ ՔՊ-ականներին անհրաժեշտ է ինչ-որ աշխատանքով ապահովել»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Երզնկյանը մտադրություն է ունեցել հեռահաղորդակցության եւ կապի ոլորտում 200 մլն դոլարի ներդրում անել եւ դառնալ չորրորդ օպերատորը, ընդ որում՝ պարտավորություն ստանձնելով, որ այդ կապը չափազանց մատչելի կլինի սպառողների համար, իսկ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար՝ գրեթե անվճար: Սակայն նախարար Հակոբ Արշակյանը վետո է դրել գործարարի ներդրումային ծրագրի վրա՝ հայտարարելով, որ այն ոչ միայն կվնասի մյուս երեք օպերատորներին, այլ նաեւ շահավետ չի լինի ներդրողի համար: Ահա թե ինչու է Հայաստանը ներդրումների ծավալի առումով շարունակում մնալ տարածաշրջանի ամենավերջին երկիրը եւ այդ ցուցանիշով մի քանի անգամ զիջում Ադրբեջանին ու Վրաստանին»:

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը, ԲԴԽ-ի դեմ դուրս եկան այն բանից հետո, երբ չընտրվեցին սնանկության գործերով դատարանի դատավոր: Տեւական ժամանակ է՝ երկու դատավորները պայքարում են ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հիմա նրանց բողոքը լռեցնելու համար Սնանկության դատարանում դատավորի պաշտոնի երկու թափուր տեղ են բացելու եւ դատավորներին ներքին կարգով համոզում են գնալ այնտեղ: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց դատավոր Կարինե Պետրոսյանին: Հարցին՝ պատրաստվում է արդյոք ընդունել այդ առաջարկն ու դադարեցնել ԲԴԽ նախագահի դեմ պայքարը, Պետրոսյանն ասել է. «Միանշանակ ոչ: Ասեմ, որ տեղյակ չեմ Սնանկության դատարանի դատավորի թափուր տեղեր ավելացնելու մասին, չեմ հետաքրքրվում, որովհետեւ լինելու դեպքում էլ չեմ դիմելու այդ դատարան գնալու համար: Իմ հայցերի, պայքարի նպատակը Սնանկության դատարանում դատավոր նշանակվելը չէ»:

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, նախարարություններում եւ պետական այլ գերատեսչություններում աշխատողները բավականին տխրել են. մտահոգություններ կան, որ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ պատգեւատրումներ չեն լինելու: Բանն այն է, որ նախկինում, որպես կանոն, ապրիլի 7-ի կապակցությամբ պարգեւավճարներ էին լինում, ընդ որում՝ ոչ միայն կանանց: Իսկ հիմա իշխանությունները, հատկապես Ամանորին տրված խոշոր պարգեւավճարների առաջացրած հանրային աղմուկից հետո, չեն պատրաստվում նորից ընկնել հանրության «կատոկի» տակ: Պետական աշխատողները տեղեկություններ ունեն, որ գերատեսչությունների ղեկավարների մեծ մասն ուղղակի այս անգամ խուսափելու է պարգեւավճարներ տալ, բացառությամբ գուցե նրանց, որոնք եռամսյակային պարգեւատրում մարտին չեն տվել»:

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում կլինեն խոշոր բացահայտումներ եւ մեծ փողեր կվերադարձվեն պետությանը, հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ասելով, որ տարվա ընթացքում տեսանելի կլինի արդյունքը: Հայաստանում պետությունից եւ հանրությունից խլված միջոցների վերադարձի խնդիրը շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Միաժամանակ, սակայն, չկա շատ, թե քիչ հստակ գնահատական, թե որքան փողի մասին է խոսքը, ի վերջո, ինչքան փող է ենթակա վերադարձման: Իրավապահ համակարգն ունի՞ որոշակի պատկեր, թե ինչպիսի ծավալների վերադարձի մասին է խոսքը, կա՞ ձեւակերպված իրավական կամ քաղաքական խնդիր, նպատակ կամ ծավալ, թե՞ վերադարձվելիքը որոշվում է քննության ընթացքում եւ այդ միջոցով է պարզվում, թե ով ինչքան վերադարձնելու բան ունի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սակայն սրանից ավելի կարեւոր է հարցը, թե ի՞նչ նշանակություն ունի այդ գործընթացը հանրության, պետության զարգացման տեսանկյունից ընդհանրապես: Այստեղ նշանակությունը լոկ տնտեսակա՞ն է, որպեսզի այդ միջոցները վերադարձվեն ու ծառայեն հանրությանը: Այդ դեպքում գուցե ամենեւին պարտադիր չէ, որ դրանք վերականգնվեն բյուջե, վերադարձվեն բյուջե: Օրինակ, նույն ԱԱԾ ղեկավարը օրեր առաջ արեց գուցե նույնիսկ պատմական հայտարարություն այն մասին, որ ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցվեն, պետք է կառուցվի Արաքսի ափին Արաքսավանը: Այդ հայտարարությունն արվում էր Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած կարեւոր ու նշանակալից այցին զուգահեռ, արցախաիրանական սահմանին: Փողերը կարող են գալ ոչ թե պետական բյուջե, այլ գնալ «ուղիղ» Արաքսավան, վերածվելով իսկապես կառուցվող քաղաքի, ծառայելով վերաբնակեցման գործին: Դա մի օրինակ է, որովհետեւ ռազմավարական ուղղությունները շատ են, եւ կարելի է վերադարձվող ռեսուրսները միանգամից ուղղել այդ կողմ:

Եթե խնդիրը բյուջետային ծախսերը ապահովելն է, ապա այստեղ արդեն առաջանում է մտահոգություն՝ միթե՞ կա եկամուտների հավաքագրման հարց: Բայց այդ իմաստով, կարծես թե, տագնապալի ազդակներ չկան, եւ ըստ այդմ՝ այդ պատճառը կամ մոտիվը, թերեւս, հիպոթետիկ է: Կա քաղաքական շարժառիթը, երբ նախկին համակարգը այսպես ասած հանձնում է հանրությունից խլված ռեսուրսը, որպեսզի նաեւ այն չկարողանա տարբեր ալիքների միջոցով օգտագործել հենց հանրության ու պետության դեմ, ինչն էլ, բնականաբար, կմաքրի դաշտը այդ ներգործությունից եւ կստեղծի նոր քաղաքական հարաբերակցության ձեւավորման առավելապես մաքուր կամ ազատ դաշտ: Այս խնդիրը, իհարկե, կարեւոր է, հաշվի առնելով այն, որ իշխանության եւ բիզնեսի սերտաճման միջոցով տարիներ շարունակ կուտակված ռեսուրսները զգալիորեն ներդրվում են հանրային-քաղաքական արդիականացման միտումները ճնշելու համար, դրանցում տեսնելով սեփական «արդիականության» պահպանման հնարավորությունը: Իսկ սա պետության եւ հանրության ռազմավարական զարգացման հարց է, որը պահանջում է հնարավորինս արագ եւ արդյունավետ լուծում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին