▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշագրավ բացահայտում. Լևոն Սարգսյանի անվան դիմաց այլ ստորագրություն է հայտնաբերվել

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Փաստ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ իշխանությունները հետեւողականորեն փնտրում են «50 տոկոսանոց» փայատերերին: Վարչապետ Փաշինյանը եւ ուժայինների ղեկավարները խոստացել են, որ սաստկանալու են բացահայտումները, եւ հասարակությունը սպասում է նոր բացահայտումների շղթայի

 

 

 

 

 

 

 

 

 

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները փորձում են «գտնել» բիզնեսմենների, որոնք տեղեկատվություն կտան եւ կխոստովանեն, որ Սաշիկն (Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը) իրենց բիզնեսում 50 տոկոս «փայ» է ունեցել: Հասկանալի է, որ 10-15 տարի անընդհատ ընդդիմություն եղած ժամանակ հենց իրենք են ձեւավորել «Սաշիկի պատմությունը», իսկ այսօր հանրային պահանջ կա ցույց տալ, թե, ի վերջո, ի՞նչ եղան «Սաշիկի 50 տոկոսները»:

Չի բացառվում, որ առաջիկայում «հաջողվի» գտնել այդպիսի մի քանի գործարարների, քանզի, ըստ տեղեկությունների, փնտրտուքներում իրավապահները չափազանց հետեւողական են»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեծ աղմուկ հանած «Փյունիկ» հիմնադրամը, որի համահիմնադիրն ու տնօրենը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լյովա Սարգսյանը, ներկայացրել է 2018թ. տարեկան հաշվետվությունը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հաշվետվության վերջում հիմնադրամի տնօրենի ստորագրության փոխարեն գրիչով, ձեռագրով գրված է Լեւոն Սարգսյան, իսկ, ահա, փաստաթղթում առկա կնիքի վրա անհայտ անձի ստորագրություն է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիմնադրամից հաստատեցին, որ ստորագրությունը Լ. Սարգսյանինը չէ: Թե կոնկրետ ով է ստորագրել, հիմնադրամից չհայտնեցին: Նրանք միայն ասացին, որ հիմնադրամի բոլոր փաստաթղթերն առգրավված են ԱԱԾ-ի կողմից, եւ Ֆինանսների նախարարությունը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում:

«Պարզապես իր փոխարեն ուրիշ մեկը ստորագրել է, իր անվան դիմաց էլ գիծ է քաշված, որպեսզի հաշվետվությունը հրապարակվի, քանի որ օրենքը տուգանք է նախատեսում սահմանված ժամկետում հաշվետվություն չներկայացնելու համար»,- պարզաբանեցին հիմնադրամից:

Հիշեցնենք, որ Լյովա Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման համար, ու նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում»:

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը վերջին շրջանում զբաղված է Հայաստանի բիզնես միջավայրի մոնիտորինգով:

Մեզ հասած տեղեկություններով՝ Վանեցյանն առավելապես հետաքրքրված է վառելիքի շուկայով: Մասնավորապես՝ ԱԱԾ աշխատողներն այս օրերին cps-ի բենզին բերողներից ու վերավաճառողներից հարցուփորձ են անում, թե ինչպես է կարգը, ինչ փաստաթղթեր են հարկավոր: Ըստ այդ տեղեկությունների՝ Վանեցյանը պատրաստվում է մտնել այս շուկա որպես վառելիքի նոր ներկրող»:

 

 

 

 

 

 

 

 

 

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի որոշմամբ՝ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում: Թատերական միջավայրում համաձայն չեն նախարարության  այս որոշման հետ, գործիչներն ընդվզում են, եւ վաղը ժամը 16:00-ին նախարարի պարտականությունները կատարող տիկնոջը պարզաբանումներ տալու նպատակով  հրավիրել են թատրոն: Նախարարությունում տեղյակ չեն այս ժամադրությանը  Նազենի Ղարիբյանի վերաբերմունքի մասին:

Նախարարությունում Կոնստանտին Օրբելյանի ազատման հիմքերը զուտ իրավաբանորեն են հիմնավորում, այն է՝ ՊՈԱԿ-ի մասին օրենքով՝ անձը միեւնույն ժամանակ երկու պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի:

Մեր աղբյուրները վստահեցնում են՝ Կ. Օրբելյանին առաջարկել են ընտրել երկու պաշտոններից մեկը, սակայն նախարարության կողմից տրված ընտրության հնարավորությունը մաեստրոն կտրականապես մերժել է:

 

 

 

 

 

 

 

 

 

Նախարարությունում թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու պատրաստություն են տեսնում: Թեկնածուների երկու անուն է շրջանառվում՝ օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած  «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Արմեն Սարգսյան: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ լիազոր  մարմինը հակված է Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Ավելին, հետագայում Արմեն Սարգսյանը մրցույթով կհաստատվի Օպերայի ազգային թատրոնի տնօրենի պաշտոնում:

Մեր տեղեկությունների համաձայն՝ այս պաշտոնը նրան խոստացվել է դեռեւս անցած տարի, իսկ պայմաններ ստեղծելու գործին անձամբ Լիլիթ Մակունցն է լծվել: Դեռ Մշակույթի նախարար եղած ժամանակ Լիլիթ Մակունցը ծածուկ սկսել է   Օրբելյանի ձեռքից տնօրենի պաշտոնը խլելու գործընթացը: Սկզբում  նախարարությունում գործի են դրվել բարոյական ճնշումների մեթոդներ, հետո շանտաժի թեմա է դարձել մաեստրոյի հայոց լեզվի չիմացության խնդիրը, անդրդվելի երաժշտին, ի վերջո, հեռացրեցին՝ հիմք ընդունելով համատեղությամբ 2 պաշտոններ զբաղեցնելու գործոնը:

168.am-ի հետ զրույցում Արմեն Սարգսյանը հաստատեց այս տեղեկությունները՝ ասելով որ՝ այո՛, իրեն դիտարկում են Կոնստանտին  Օրբելյանի փոխարինող թեկնածու: Այս փուլում պարզ չէ միայն՝ ժամանակավոր պաշտոնակատարն ի՞նքն է լինելու, թե՞ ոչ: Հետագա զարգացումներից անկախ՝ երեկ Արմեն Սարգսյանը հասցրել է հանդիպել Կոնստանտին Օրբելյանին եւ խնդրել է, որպեսզի խոսեն-հասկանան իրար, Օրբելյանը չի մերժել:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար իրեն առաջինն արտիստներն են դիմել, դեռ անցած տարի իր հնարավոր նշանակման նպատակահարմարության համար ուսումնասիրել, հասկացել են, որ տարբերակ չկա: Նախկին իշխանությունների օրոք  ՌԴ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանին հրավիրել էին Հայաստան եւ նշանակել էին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, հետագայում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությամբ կառավարությունը հատուկ փոփոխության է կատարել, որպեսզի հնարավոր լինի նաեւ նրան տնօրեն նշանակել:

«Առաջարկվել է պարոն Օրբելյանին, որ զբաղեցրած հաստիքներից մեկը զիջի, դեմ է եղել, ասել է՝ կամ երկուսը միասին, կամ ես հեռանում եմ… բայց այս որոշմանը նախարարությունը գնացել է՝ օրենքի պահանջը հարգելով, ոչ թե ինձ նշանակելու կամ մեկ ուրիշի համար… այսօր ունենք այն, ինչ ունենք… Չստացվի էնպես, թե ես նստած սպասում եմ, որ այդ տեղն ազատվի ու ինձ առաջարկ լինի: Սակայն չեմ թաքցնում, ես ասել եմ, որ պատրաստ եմ ստանձնել Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը, ծանոթ եմ խնդիրներին, գիտեմ կոլեկտիվի կեսից ավելիին եւ լրիվ ի վիճակի եմ կատարել ադմինիստրատիվ գործառույթները, քանի որ երկար տարիներ «փրոդաքշըն» եմ ղեկավարել, ունեմ բավարար փորձառություն»,- ասում է Արմեն Սարգսյանը:

Տնօրենի թեկնածուն հույս ունի, որ թատրոնում կաշխատի Կոնստանտին Օրբելյանի հետ. ասում է՝ նշանակվելու դեպքում առաջինը, ում վստահաբար կդիմի՝ որպես թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածու՝ հենց Կ. Օրբելյանն է լինելու:

Ինչ վերաբերում է թատրոնի տնօրենի ժ/պ նշանակվելուն, ապա Ա. Սարգսյանն ասաց, որ իրեն նման առաջարկով չեն դիմել, իսկ այլ թեկնածուների մասին, խոստովանում է՝ չի լսել:

«Միակ անունը, որ շրջանառվեց դեռ անցած տարի նոյեմբերին, Հասմիկ Պապյանի անունն էր, բայց արագ մոռացվեց»,- ասում է Արմեն Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ ինքն ի վիճակի է փոխարինել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի եղբորորդուն՝ դիրիժոր, միջազգային հեղինակություն վայելող ՌԴ վաստակավոր արտիստ, Պետերբուրգի արվեստի եւ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Կոնստանտին Օրբելյանին, ով բազմակի պարգեւների է արժանացել եւ եղել է Պետերբուրգի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիրը:

Ի դեպ, Կոնստանտին Օրբելյանը դեռեւս շարունակում է մնալ  Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, քանի որ ՊՈԱԿ-ների մասին օրենքի համաձայն՝ թատրոնի ղեկավարը միայն կարող է իր ազատման հրամանը տալ, իսկ տնօրեն փաստացի չկա:

Հավելենք, որ 1983թ. ծնված Արմեն Սարգսյանը ԵՊՀ ավարտած ժուռնալիստներից է, գործունեության ոլորտը եղել է հեռուստատեսությունը, մի քանի հեռուստանախագծերի պրոդյուսեր է եղել, հաղորդավար, նկարահանվել է երաժշտական եւ գովազդային հոլովակներում, ֆիլմերում, մասշտաբային միջոցառումների հանդիսավար է եղել: Հեղափոխության օրերին եղել է քայլարշավի մասնակիցների շարքերում: 2018-ի Երեւանի քաղաքային իշխանության ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երեւան քաղաքի ավագանու անդամ»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակներ առաջ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ` մշակել քննիչների համար ուղեցույց` կալանքի հիմքերի եւ ընթացակարգերի վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երկուշաբթի կոմիտեում տեղի կունենա ուղեցույցի «պրեզենտացիան»:  Ի՞նչ նպատակ է հետապնդում ձեռնարկը՝ հարցրինք Կոստանյանին։ «Նպատակը մեկն է, որպեսզի երկրում անձի կալանավորման պրակտիկան առավելագույնս համապատասխանի միջազգային եւ, մասնավորապես, Եվրադատարանի նախադեպային իրավունքին,  քանզի կարեւոր է հասկանալ, որ Հայաստանի օրենսդրությունը միայն քրեական դատավարության օրենսգիրքը չէ»:

Ի դեպ, կարո՞ղ է դա արվում է հեռահար «նպատակով», խոսվում է, որ Դուք հնարավոր է դառնաք կա՛մ ՀՀ գլխավոր դատախազ, կա՛մ ԱԱԾ տնօրեն Վանեցյանի տեղակալը։ «Բազմիցս ասել եմ, որ ես ծառայել ու շարունակելու եմ ծառայել իմ հայրենիքին, անկախ նրանից, թե ինչ կարգավիճակում կլինեմ»: Դե հիմա խոսվում է նաեւ, որ Վանեցյանը մտնելու է մեծ քաղաքականություն՝ սադրեցինք մենք։ «Աբսուրդ, անտրամաբանական, նույնիսկ թույլ տվեք ասել` անհեթեթ մոտեցում։  Արթուր Վանեցյանը ոչ թե քաղաքական, այլ պետական գործիչ է, իր կենսագրությունն սկսել-անցկացրել է ԱԱԾ-ում, ասել է թե` պրոֆեսիոնալ է, ինչն արդեն իսկ ի սկզբանե բացառում է քաղաքական կոմպոնենտը որեւէ պարագայում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին