▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չգիտեմ՝ ձեր լռելն է ճիշտ, թե խոսելը». Նիկոլ Փաշինյանը զայրացել է

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ նախորդ օրը ԱԺ-ում տեղի ունեցած հանդիպումը ղարաբաղյան խնդրի մասով անցել է բավականին ստանդարտ մտքերի փոխանակման շրջանակում, հնչել են նույն մտքերը, ինչ ԵԿՄ համագումարում եւ հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում։ Փաշինյանը հարկ է համարել շեշտել 2 միտք` Դավիթ Տոնոյանի հայտարարությանն առնչվող՝ «այլ կերպ չէր կարող լինել, պետք է այդպես պատասխանել ադրբեջանական ռազմական հռետորաբանությանը», եւ որ ինքը չի շարունակում Սերժ Սարգսյանի կիսատ թողած տեղից, այլ սկսում է զրոյական կետից՝ ոչ թե փոխում է բանակցային ֆորմատը, այլ վերադառնում են բուն ֆորմատին` Ղարաբաղի մասնակցությանը: Առավել հետաքրքիր է եղել «տրանսգենդերային» հատվածը։ Խնդիրն արծարծել է «Իմ քայլի» «սորոսական» հատվածը, ասել են, որ դա կազմակերպվել էր ԲՀԿ-ի` Նաիրա Զոհրաբյանի կողմից, եւ իրենք առնչություն չունեն դրան: Փաշինյանը թիմակիցներին հորդորել է՝ հանրությանը ներկայացնել իրենց հակափաստարկները, բացատրել, որ «Իմ քայլը» որեւէ առնչություն չունի` հավելելով. «Բայց, այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ Լիլիթ-Վաղոն եթե վաղը հիվանդացավ, սկոռի կանչո՞ւմ ենք, թե՞ չէ, բուժո՞ւմ ենք, թե՞ չէ, եթե նրան կողոպտում են, նրան պաշտպանո՞ւմ ենք, թե՞ չէ։ Իհարկե, պաշտպանում ենք, որովհետեւ նա մեր քաղաքացին է»: Ի դեպ, Փաշինյանը չի շրջանցել նաեւ Նաիրա Զոհրաբյանի թեման, ասելով` ըստ էության, նա կապ չունի մարդու իրավունքների հանձնաժողովի հետ, եւ ԲՀԿ-ն պետք է քննարկի` արդյո՞ք նա հարմար թեկնածու է, թե՞ ոչ: Ներկաները հետաքրքրվել են, թե որն է եղել վարչապետի աշխատակազմի 3 աշխատակիցների` Ալեքսանդր Մխիթարյանի, Արթուր Սարգսյանի, Մարգարիտ Ազարյանի աշխատանքից ազատման պատճառը: Փաշինյանն ասել է` ես կարող եմ մեկ անգամ մարդուն հանձնարարություն տալ, չկատարի, 2 անգամ, 3, 4, 5-րդ անգամ կհանեմ»:


 

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ, նամակ են գրել ԵԽԽՎ ընդդեմ խտրականության կոմիտեին՝ պահանջելով վերաբերմունք արտահայտել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի գործողությունների հանդեպ: Հնարավոր է, որ այդ հարցը քննարկվի ԵԽԽՎ այս նստաշրջանում, իսկ եթե ոչ, ապա կտեղափոխվի հաջորդ նստաշրջան»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ, հայտարարել էր, որ «հակատրանսգենդերային» աղմուկն իրենց դեմ կազմակերպված արշավ էր ԲՀԿ-ի կողմից, պետք է համարժեք պատասխան տալ։ Եվ հենց երեկ «Առինջ մոլում» իրականացվեցին հարկային ստուգումներ, խուզարկություն, որը ԲՀԿ-ն որակեց որպես քաղաքական հետապնդում։ Մինչ այդ Փաշինյանը հրապարակավ կասկածի տակ դրեց Զոհրաբյանի՝ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին համապատասխանելու հարցը։ Ի դեպ, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ըստ օրենքի, Զոհրաբյանին կարելի է հեռացնել միայն սեփական դիմումի համաձայն, կամ եթե ԲՀԿ-ն որոշի, որ Դոնթի բանաձեւով իրեն հատկացված հանձնաժողովը պետք է մեկ ուրիշը ղեկավարի։ Հիշեցնենք, Զոհրաբյանը Փաշինյանի «սեւ ցուցակում» էր հայտնվել դեռ Երեւանի քաղաքապետի ընտրություններին, երբ քննադատում էր նոր իշխանություններին եւ հակաքարոզչություն իրականացնում Հայկ Մարությանի դեմ»:



 

«Ժամանակ» թերթը գրում է. «Երբ ֆրանսիացիները (նկատի ունի Երեւանի կոնյակի գործարանը) հայտարարեցին, որ խաղողի մթերման գինը 10 դրամով բարձրացնում են, բոլորը դրա մասին գրեցին, խոսեցին, բայց որ Ծառուկյանը անցյալ տարի խաղողը մթերում էր 150 դրամով, դրա մասին ոչ ոք չգրեց: Ես դրանից նեղացած չեմ, ես դա անում եմ, որ մարդիկ կարողանան գոնե մի քանի դրամ ավել վաստակել, իրենց երեխաների համար հացի փող ունենան»,- Մասիսում Արարատի մարզի խաղողագործների հետ հանդիպմանը հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանի ակնարկն ակնհայտորեն վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով առաջինն էր հրապարակել խաղողի մթերման գինը 10 դրամով բարձրացնելու ԵԿԳ որոշման մասին, այն դեպքում, երբ անցյալ տարվա աշնանը ոչինչ չասաց այն մասին, որ Ծառուկյանին պատկանող «Նոյ» գործարանը խաղողը 10 դրամով թանկ է մթերում, քան ԵԿԳ-ն»:


 

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Անդրադառնալով տրանսգենդերին ՀՀԿ-ի կողմից անձնագիր տալուն՝ Առաքել Մովսիսյան-Շմայսն ասաց․ «Ինձ պետք չէ իմանամ՝ անձնագիրն ով ա տվել, Հանրապետական կուսակցությունը միշտ դեմ է եղել նման կարգի․․․ չգիտեմ՝ գենդեր են, գյանդոր են․․․ ՀՀԿ-ականն էն տղեքն են, որ դեմ կլինեին։ Կլարեին ըտեղից»։ «Հայաստանն իրենց համար գենդերների տեղ չի», Հայաստանը կիսապատերազմական վիճակում գտնվող երկիր է, «տղամարդկանց տեղ է»։

 

 

 

 

 

 

 

 

«168 ժամ» թերթը գրում է. «Գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պետության հաշվին լուրջ փողեր է վաստակում, և տարածքը, որը համարվում է նրա տիկնոջ սեփականությունը, փաստորեն, տարիներ շարունակ տասնյակ-միլիոններ աշխատել է՝ ինչպես նախկին, այնպես էլ՝ ներկայիս իշխանության օրոք: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակին մեկիկ-մեկիկ հաշվում էր պետության վատնած փողերը, այսօր իշխանության ղեկավարի դիրքից հանդուրժողաբար է մոտենում մեկ անձից գնում կատարելու միջոցով Սամվել Ալեքսանյան-ՊԵԿ գործարքին: Արշակունյաց 127/21 հասցեում գործող ավտոմեքենաների մասնագիտացված ՊԵԿ մաքսատունը, ուր երեկ աշխատանքային այց էր կատարել Նիկոլ Փաշինյանը, իրականում Սամվել Ալեքսանյանի սեփականությունն է համարվում: Եվ 4561 քմ մակերես ունեցող տարածքը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն վարձակալում է Սամվել Ալեքսանյանի կնոջից՝ Շողերինա Մկրտչյանից: Իսկ ուշագրավն այն է, որ ներկայիս իշխանությունը, որ ժամանակին ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում այդքան սուր քննադատում էր նախկին իշխանությանը՝ նույն Սամվել Ալեքսանյանին մենաշնորհներ տալու համար, այսօր ինքն է նույն գործարարին խրախուսում, նրա հետ անշարժ գույքի գործարք էկատարել՝ առանց մրցույթի հայտարարման՝ մեկ անձից գնում կատարելու միջոցով: Ավելին, վարձակալության պայմանագիրը, որ կնքվում է հենց գործարարի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի հետ՝ որպես պետության հետ երկարաժամկետ գործարք՝ միևնույն անձի հետ, այլևս չի դիտարկվում կոռուպցիոն ռիսկ, և այս գործարքի հիմքերով այլևս քննարկման ենթակա չէ բյուջետային անարդյունավետ ծախսի թեման: Տարեկան բյուջեիցամեն անգամ գործարարին այս գործարքի դիմաց փոխանցվում է նվազագույնը 36 մլն դրամ, իսկ մի քանի տարիների հանրագումարն արդեն գերազանցել է 530 մլն դրամը, բայց հարկատուներիս հաշվին կառավարության և ՊԵԿ-ի անարդյունավետ ծախսերը, չգիտես ինչու, վրիպել են Նիկոլ Փաշինյանի աչքից: Մինչդեռ այսքան գումարով կառավարությունն ինքը միգուցե այսպիսի մի քանի շենք կառուցեր ցանկացած տարածքում, և գումարների տնտեսումը լրիվ արդարացված կլիներ: Բայց փաստացի այդ փորձը չի արվելմինչ օրս, ավելին, նախկինների պրակտիկան խնամքով շարունակում են պահպանել նորերը, բայցնորից քննադատելով նախկիններին: Ոչ վաղ անցյալում, երբ միևնույն ընտրատարածքից առաջադրված պատգամավորության թեկնածու մրցակցի՝ Նիկոլ Փաշինյանի մասին Սամվել Ալեքսանյանին լրագրողները հարցեր էին տալիս, գործարար-պատգամավորը, որպես կանոն, նույն ջերմեռանդությամբ պատասխանում էր այսպես՝ «Ես խնդիր չունեմ Նիկոլի հետ, Նիկոլը մեր ախպերն ա, ինքը մերոնցից ա, ուղղակի չի ուզում, որ ցույց տա»: Իսկ Փաշինյանի վարչապետ դառնալու օրը՝ հոկտեմբերի 25-ի ԱԺ արտահերթ նիստում, երբ առաջին անգամ Սամվել Ալեքսանյանը խառնաշփոթից դեմ էր քվեարկել, անմիջապես դուրս վազեց՝ լրագրողներին հայտարարելու, որ «շշկռված» է քվեարկել, ինքը դեմ չէր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն: «Ես շշկռվեցի, պտի ձեռնպահ քվեարկեի, մատս կպավ, դեմ քվեարկեցի»,- ասել էր Ալեքսանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Չեխիայի դատարանում վերջերս կայացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու` արդեն Ֆրանկլին Գոնսալես անունով հայտնի դարձած Նարեկ Սարգսյանին արտահանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության դիմումի քննարկումը: Նախորդ նիստը հետաձգվել էր: Օրերս եւս մեկ նիստ է տեղի ունեցել, սակայն, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Չեխիայի իրավապահները կասեցրել են արտահանձնման հարցով գործի քննությունը` նրան տեղափոխելով փախստականների ճամբար: Միաժամանակ, Չեխիայում քննվում է առանձին գործ` Սարգսյանի կողմից իրենց երկրում կեղծ անձնագիր ձեռք բերելու վերաբերյալ: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից հայտնեցին. «ՀՀ դատախազությունը չեխական կողմից պաշտոնապես չի տեղեկացվել հետախուզման մեջ գտնվող եւ Չեխիայի իրավապահ մարմինների կողմից էքստրադիցիոն կալանքի տակ գտնվող Նարեկ Սարգսյանի արտահանձնման դիմումի մերժման, նրան արգելանքից ազատելու վերաբերյալ: Ըստ այդմ, նշված անձի՝ ՀՀ իրավապահ մարմիններին հանձնման գործընթացը այս պահի դրությամբ գտնվում է ընթացքի մեջ»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը կրկին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննվելու համար:
Պողոսյանը վերջերս չէր ներկայացել հարցաքննության` պատճառաբանելով, որ արտերկրում է: Ավելին` նա առաջարկել էր իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, ինչը մերժվել էր, քանի որ այդպիսի ընթացակարգ օրենքով նախատեսված չէ: Վարույթն իրականացնող մարմինը Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով հայտնել Հայաստան վերադառնալու ժամկետները: Միհրան Պողոսյանին հարցաքննության հրավիրելու գործընթացից անցել է 20 օր, եւ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ-ից հետաքրքրվեց, թե արդյոք Միհրան Պողոսյանը հարցաքննվել է, թե նախաքննական մարմինը որոշում է կայացրել նրա նկատմամբ հետախուզում հատարարելու մասին: Ի պատասխան` ՀՔԾ-ից հայտնեցին. «Միհրան Պողոսյանը հայտնել է, որ մոտ օրերս կներկայանա նախաքննական մարմին»:

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արմավիր կատարելիք այցից առաջ շտապ կարգով վերանորոգվում է Երեւան-Արմավիր մայրուղին: Այդպես վարվում էին նախորդ նախագահների այցերից առաջ: Ինչու են դա անում այցից բառացիորեն մեկ-երկու օր առաջ: Պատճառը առավել քան պարզ է. այդ փոսալցումները այնքան վատ որակի են, որ ասֆալտը մի քանի օրից քանդվելու է, եւ վարչապետ Փաշինյանը պետք է հասցնի գնալ ու վերադառնալ, քանի ասֆալտը տեղում է»:

«Իրավունք» թերթը գրում է. «ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում ընտրված Սասան Միքայելյանին կար մեկ մրցակից, որին մինչեւ համագումարը չեզոքացրին: Խոսքը Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբորն է վերաբերում՝ Արամ Սարգսյանին: Համագումարի ժամանակ մասնակի զրույցներում ազատամարտիկները պատմում էին, որ նա արդեն գալիս-գնում էր ԵԿՄ գրասենյակ, ծանոթանում աշխատանքին, որպես ապագա ԵԿՄ նախագահ, բայց ինչ-որ պահի նրան «ստոպ» տվեցին: Շատ ազատամարտիկներ, թեպետ չցանկացան իրենց անուն-ազգանունը նշել, բայց ասացին, որ Արամ Սարգսյանը բավական նեղսրտած է որոշել հրաժարվել իր առաջադրումից, քանի որ երկրապահները կամաց-կամաց կոնսոլիդացվում էին Սասուն Միքայելյանի շուրջ, հաշվի առնելով, որ նա իշխանական լծակ ունի: Արդյունքում՝ Ա. Սարգսյանը որոշել է չառաջադրվել, որպեսզի պատճառ չդառնա ԵԿՄ-ի հերթական պառակտման: Մինչդեռ, մեր ունեցած տեղեկություններով, միեւնույնն է, ԵԿՄ-ն թեւակոխում է եւս մի պառակտման փուլ, քանի որ շատ ազատամարտիկներ որոշել են ոչ պաշտոնապես, բայց դադարեցնել իրենց անդամակցությունն ու ակտիվությունը»:

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ կալանավորվել է «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը, ինչին հաջորդեց ընկերության աշխատակիցների բուռն արձագանքը՝ ընդհուպ մինչեւ ճանապարհ փակելով: «Փաստ» թերթի տեղեկությունների համաձայն, «Սպայկայում» ստուգումներն ընթանում էին մոտ մեկ տարի, իսկ Ղազարյանին ազատությունից զրկելու մասին քաղաքական որոշումը կայացվել էր դեռեւս օգոստոսին, սակայն բերքահավաքի եւ մթերումների շուրջ ընթացող սկանդալներից ու պայթյունավտանգ իրավիճակից խուսափելու համար իշխանությունները կալանավորման թեման միառժամանակ թողել էին «հետոյին»: Այս հանգամանքը, սակայն, չխանգարեց, որ վարչապետը մի քանի օր առաջ Դավիթ Ղազարյանի հետ մասնակցի «Սպայկայի» նոր պանրի գործարանի բացմանը»:



 

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է ԲԴԽ-ի կազմավորման մեկ տարին, ինչի կապակցությամբ մեծ միջոցառում են կազմակերպել` երկուսը՝ մեկում: Կնշեն ե՛ւ մեկ տարին, ե՛ւ ԲԴԽ-ի նոր շենքի բացումը։ Հրավիրված են օրենսդիր, գործադիր մարմինների աշխատակիցներ, դեսպաններ, ինչպես նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԲԴԽ-ում երեկ շունչները պահած սպասում էին, թե Փաշինյանն իրենց մոտ ինչ ուղերձով հանդես կգա՝ գուցե էլի տեղում ինչ-որ մեկին ազատի աշխատանքից։ Վաղը ԲԴԽ-ում կընդունեն նաեւ նախագահ Արմեն Սարգսյանին։ Ինչո՞ւ առանձին։ «Որովհետեւ նախագահը վաղը երեկոյան է վերադառնալու արտերկրյա այցերից, այլ ենթատեքստ մի փնտրեք»,- հորդորեց մեր աղբյուրը»:

«Փաստ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Սուրեն Պապիկյանը ո՛չ անշարժ, ո՛չ էլ շարժական գույք չունի: Նա ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամտի մասին: 2018թ. հարկային տարվա սկզբում Սուրեն Պապիկյանի դրամական միջոցները կազմել են 1 300 000 ՀՀ դրամ եւ 1400 ԱՄՆ դոլար: 2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 2 300 000 ՀՀ դրամ եւ 2000 ԱՄՆ դոլար: 2018թ. հարկային տարում Սուրեն Պապիկյանի եկամուտների հանրագումարը կազմել է 8 827 168 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է 5 աշխատավարձերից, որոնք կազմել են 428 098 ՀՀ դրամ, 917 422 ՀՀ դրամ, 872 917 ՀՀ դրամ, 151 001 ՀՀ դրամ եւ 6 457 730 ՀՀ դրամ: Նշենք, որ ի տարբերություն 2018թ. տարեկան հայտարարագրի՝ Սուրեն Պապիկյանի՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում առկա էր նաեւ հողամաս եւ «NISSAN TEANA 2.3» մակնիշի ավտոմեքենա»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միգուցե փորձի առաջադրվել 2020 թվականին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում: Ըստ նույն աղբյուրների` այդ խոսակցություններին տեղյակ են Արցախում ու, կարծես թե, դեմ չեն, որ Ռ. Քոչարյանը իր թեկնածությունն առաջադրի: 
Նշվում է նաեւ, որ նախագահ ընտրվելու դեպքում ՀՀ իշխանությունները կարող են կանգնել իրավական կազուսի առաջ, քանի որ Արցախի նախագահն անձեռնմխելի է, եւ այդ դեպքում քննարկվելու է՝ կարող է արդյոք նա ՀՀ-ում կալանքի տակ պահվել, թե, այնուամենայնիվ, ստիպված են լինելու ազատել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, ով ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց տեղեկությունը: «Ես առաջին անգամ եմ լսում նման տեղեկություն»,- եզրափակեց Վ. Սողոմոնյանը»: 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 8-ի երեկոյան ԱԺ-ում տեղի է ունեցել վարչապետի եւ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը, որի ընթացքում եղել են բավականին լուրջ խոսակցություններ: 



«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել իր թիմակից օրենսդիրների աշխատելաոճից եւ գործունեությունից: Նա բավականին լուրջ ու կոշտ տոնայնությամբ շեշտել է, որ սա իր սպասած խորհրդարանը չէ, որ պատգամավորները զբաղվում են ժամավաճառությամբ, «թռնում» են նիստերից: Փաշինյանի հիմնական դժգոհություններից մեկը կապված է եղել այն հանգամանքի հետ, որ թիմակիցները չեն կարողանում պահել իր քաղաքական «գիծը»: Պատգամավորներից ոմանք փորձել են Արցախի հիմնահարցի ու Ալիեւի հետ ունեցած հանդիպման մանրամասներին ծանոթանալ, ինչը եւս առաջացրել է Փաշինյանի զայրույթը: Վարչապետը նախատել է պատգամավորներին, որ նրանք ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ շատ մակերեսային պատկերացում ունեն, դժգոհել է, որ ամենատարրական թեմաներից չեն կարողանում «էշը ցեխից հանել»: Վարչապետը, ըստ մեր տեղեկությունների, նաեւ հայտարարել է, որ քարոզչական դաշտն են տանուլ տալիս, հատկապես Արցախի մասով. պոռթկումն այն աստիճանի է եղել, որ նա ասել է. «Չգիտեմ՝ ձեր լռելն է ճիշտ, թե խոսելը»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին