▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանն ու Ռուբեն Հայրապետյանը բարիշել են

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել բավականին ուշագրավ մի նախաձեռնություն՝ բարձրացնել Իրանից ներկրվող ցեմենտի մաքսատուրքը, դրանով ներքին արտադրողին օգնելու համար: Այլ կերպ ասած, քայլ է կատարվում ներկրվող ցեմենտի գինը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի ներսում արտադրվող ցեմենտը դառնա մրցունակ: Կառավարությունը մեկնաբանում է, որ քայլը ժամանակավոր է, մինչեւ ներքին արտադրողը կկարողանա իր ռեսուրսով մրցունակ դառնալ:

Հարցը, սակայն, ունի նաեւ բավականին ուշագրավ քաղաքական կողմ, եթե արձանագրենք, որ Հայաստանում ցեմենտի արտադրության գլխավոր շահառուն Արարատի ցեմենտի գործարանն է, որի սեփականատերն էլ Գագիկ Ծառուկյանն է՝ ԲՀԿ նախագահը: Փաստացի կառավարությունը քայլ է կատարում Գագիկ Ծառուկյանի համար մրցակցային արտոնյալ պայման ձեւավորելու ուղղությամբ:

Այդ հանգամանքն էլ իր հերթին ուշագրավ է դառնում «տրանսգենդերային» աղմուկի առիթով «Իմ քայլը»-ԲՀԿ սրված հարաբերության ֆոնին, նաեւ «Առինջ մոլում» ՊԵԿ քննչական գործողություններին, որին ԲՀԿ-ն ոչ շատ կտրուկ, սակայն այդուհանդերձ տվել է քաղաքական աստառ:

 

 

 

 

 

 

 

 

 

Ստացվում է, որ այդ գնահատականը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ տարօրինակ է տոնավաճառի առումով քաղաքական «հետապնդում» անել, իսկ ցեմենտի մասով՝ արտոնյալ հնարավորություն տալ: Կամ էլ կառավարությունը մտրակ ու բլիթ է կիրառում ԲՀԿ նախագահի նկատմամբ, ցույց տալով, որ իշխանության հետ առճակատման չգնալու դեպքում Գագիկ Ծառուկյանը կարող է ստանալ տնտեսական գործունեության որոշակի նպաստավոր պայմաններ, իսկ հակառակ դեպքում նա կարող է հայտնվել աչալուրջ հայացքի ներքո:

Այս իրավիճակը մեծ հաշվով արտացոլում է, որ Հայաստանում շարունակում է խնդիր լինել խոշոր կապիտալի եւ քաղաքականության սերտաճումը՝ փոխազդեցության իմաստով: Կամ այդ կապիտալը պետք է դադարի քաղաքականությանն ուղիղ մասնակցությունը, կամ պետք է իշխանությունն ինքը շատ հստակ օրենսդրական մեխանիզմներ մշակի խոշոր կապիտալի ուղիղ քաղաքական ներկայությունը սահմանազատելու ուղղությամբ»:

«168 ժամ» թերթը գրում է. «Երկրում իրավիճակ է փոխվել, իշխանական պատգամավորները պարտական չեն և չեն տիրապետում բիզնեսում տեղի ունեցող ամբողջ պրոցեսներին: Նախկինում փայ էին մտնում ու դաբրոներ էին տալիս, դրա համար գիտեին՝ որտեղ ինչ կա: Հիմա նման ֆունկցիա չունեն իշխանական պատգամավորները, մենք ընդամենը համակարգում ենք դաշտը, ըստ այդմ՝ նոր տնտեսվարողներ, խաղացողներ են հայտնվում դաշտում»,- մեզ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը՝ ի պատասխան հարցի, թե որտե՞ղ են ստեղծվել Ստրասբուրգում վարչապետի  հայտարարած 50-51 հազար աշխատատեղերը:

Ըստ նրա՝ առաջիկայում հրապարակումներ կլինեն՝ ի՞նչ ընկերություններ են բացվել, ո՞ր ոլորտներում և քանի՞ աշխատատեղ է ստեղծվել: Թե ինչպե՞ս է մի քանի ժամում 1000 աշխատատեղ ավելացել, Սարգսյանի կարծիքով՝ տարբեր մեկնաբանություններ կարող են լինել՝ կախված նրանից, թե ինչ է նկատի ունեցել վարչապետը. «Կարող է՝ զանգ է ստացել ներդրումների նախարարից, ու նա ասել է՝ պարո՛ն վարչապետ, այս ընթացքում ևս հազարն ավելացել են, և արդեն ճշտված՝ վարչապետը 51 հազար է ասել»:

 

 

 

 

 

 

«Փաստ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:

2018թ. հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները ենթաբաժնում նշված է, որ 2018թ. հարկային տարվա սկզբում Ա. Գրիգորյանի փոխառության չափը կազմել է 1 990 000 ՀՀ դրամ:

Նշված հարկային տարում հանձնվել է 13 302 692 ՀՀ դրամ փոխառություն: Փոխառության գումարը հարկային տարվա վերջում կազմել է 15 292 692 ՀՀ դրամ: Ա. Գրիգորյանի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 1 300 000 ՀՀ դրամ, 3,449 եվրո եւ 340 ԱՄՆ դոլար:

2018թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 5 000 000 ՀՀ դրամ, իսկ 3,449 եվրոն նույն չափով պահպանվել է: 340 ԱՄՆ դոլարը տարվա վերջում այլեւս առկա չի եղել:

2018թ.-ին Ա. Գրիգորյանի եկամուտների հանրագումարը կազմել է 27 712 891 ՀՀ դրամ:

Նշված եկամտից 10 829 709 ՀՀ դրամը եւ 3 276 000 ՀՀ դրամը գոյացել են երկու աշխատավարձերից: Ստացված փոխառությունները (վարկեր) կազմել են 13 302 692 ՀՀ դրամ:

Այլ եկամուտներից ստացած գումարն էլ կազմել է 304 490 ՀՀ դրամ: Ներկայացված հայտարարագրում անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի թե՛ քրեական գործում, թե՛ հիվանդության խնդրում մեծ տեղապտույտ է. նա դեռ «Նաիրի» ԲԿ-ում է, եւ ըստ նրան բուժող բժիշկների` ՄԻԵԴ-ի վախից ելնելով են կրկին բերել, որովհետեւ «վիճակը ծանր է, եւ որքան էլ պնդեն, որ կալանքը համատեղելի է նրա հիվանդությունների հետ, այդպես չէ»: Իսկ ինչո՞ւ է ՀՔԾ-ն հակառակը պնդում։

«Չենք կարող ասել. Գրիգորյանը 102 միավոր ինսուլին է ստանում, ինչը թոքը հեռացրած, քաղցկեղով տառապող մարդու համար աբսուրդային է,  բայց հետաքրքիրն այն է, որ այս անգամ, ի տարբերություն նախորդի, տեսակցել նրա հետ թույլատրվում է: Բայց տեսակցությունների համար ցանկացողները պետք է դիմեն ԱԱԾ-ին, թույլտվություն ստանան տեսակցելու։ Այս անգամ ընտանիքի անդամները, երեխաները սկսել են տեսակցել նրան:

Ի դեպ,  «Երկրապահի» հինգերորդ բրիգադի տղերքն են բրիգադի կազմավորման առիթով տեսակցել նրան, բայց` քրեակատարողական հիմնարկում»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա օգոստոսին հարուցված` «Ավազահատիկ» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների գործով ՀՔԾ-ն մեղադրանք էր առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին` «Պաշտոնեական լիազորություններն անցնելու» եւ «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության» հոդվածներով։

Աբրահամյանը մինչ օրս շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում, ինչը հաստատեցին ՀՔԾ-ից՝ նշելով, որ նախաքննությունը դեռ շարունակվում է, այլ մանրամասներ չեն կարող հաղորդել։ Սակայն մենք տեղեկացանք, որ Աբրահամյանի փոխարեն հիմա հաճախակի հարցաքննության են կանչում նրա վարորդին՝ Գոքորին (Գրիգոր Գեւորգյան)։

Ըստ տեղեկության՝ ՀՔԾ-ում ուզում են Գոքորից ցուցմունք կորզել ընդդեմ Աբրահամյանի, որ կարողանան նրա մեղադրանքը հիմնավորել ու նստեցնել։ Հակառակ դեպքում Գոքորը՝ ինքը, «ժերտվա» կգնա։ Աբրահամյանի վարորդը դժգոհել է, որ հոգնել է անվերջ հարցաքննություններից, ասել է, թե քննիչներն ուղղակի հանգիստ չեն տալիս իրեն»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Գարեգին Բաղրամյանին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնին նշանակելու գործում էական ազդեցություն են ունեցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այսօր էլ փաստացի վերահսկում է Հայաստանի գազամատակարարման համակարգը, ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը եւ «ՄՏՍ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Բաղրամյանը նախկինում էլ է եղել ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետն ու տարբեր թելերով կապված է եղել «Գազպրոմ Արմենիայի», ՀԷՑ-ի ու հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների հետ, եւ այս նշանակումը եւս մեկ անգամ հուշում է, որ Հայաստանի քաղաքացները հույս անգամ չեն կարող ունենալ ունենալ, որ գազի կամ էլէկտրաէներգիայի սակագները կարող են նվազել»:

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո սիրո եւ հանդուրժողականության հարաբերություններ են հաստատվել երբեմնի ախոյաններ Գագիկ Ծառուկյանի եւ Ռուբեն Հայրապետյանի միջեւ։ Երկու գործարարների բոլոր ժամանակների «հակամարտության» մասին գիտեն բոլորը, սակայն մենք տեղեկացանք, որ սառույցն արդեն հալվում է՝ մի քանի օր առաջ Ծառուկյանը Հայրապետյանին անգամ ընդունել է իր դղյակում»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին