▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարվել են Փաշինյանի և Ծառուկյանի հարաբերությունները. ԲՀԿ առաջնորդը լուրջ մտավախություն ունի

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո նրանց հարաբերությունները ոչ միայն չեն կարգավորվել, այլ հակասությունները ավելի են խորանում:

Իշխանությունը կարծես թե գնում է Ծառուկյանի սեփականության հիմքերը քննելու ճանապարհով, եւ Ծառուկյանը մտավախություն ունի, որ Հայաստանում սեփականության վերաբաշխման գործընթացը կարող է սկսվել հենց իրենից:

Իշխանությունը կարող է ունեզրկման սպառնալիքով ստիպել, որ Ծառուկյանը չփորձի հարել իշխանության քաղաքական ընդդիմախոսների ճամբարին»:

 

 

 

 

 

 

 

 

 

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Արտակ Դավթյանը անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել: Առկա են տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամտի մասին: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 1 950 000 ՀՀ դրամ եւ 3000 ԱՄՆ դոլար:

2018թ. հարկային տարվա վերջում Ա. Դավթյանի դրամական միջոցներն ավելացել են՝ համապատասխանաբար կազմելով 4 980 000 ՀՀ դրամ եւ 3270 ԱՄՆ դոլար: Ա. Դավթյանի եկամուտները նշված հարկային տարում գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 9 581 421 ՀՀ դրամ:

Նշենք, որ մինչ այս պաշտոնին նշանակվելն Արտակ Դավթյանը 5-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նա զբաղեցնում է 2018թ. մայիսի 24-ից»:

 

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեսակետ կա, որ «Սպայկայի» եւ ցեմենտի շուկայում տեղի ունեցող գործընթացները բիզնեսի վերաբաշխման նպատակ ունեն․ համաձա՞յն եք՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանին։ «Ոչ, չեմ կիսում, անհիմն կարծիք է»:

Տեղեկություն կա, որ արդեն «Սպայկային» փոխարինող կա, բայց կկարողանա՞ այս կարճ ժամկետում կազմակերպել մթերումները, որ գյուղացին չտուժի։ «Իսկ Դուք ի՞նչ եք առաջարկում»։ Ես վարչապետ չեմ, որ առաջարկ անեմ։ «Ի՞նչ եք կարծում` բոլոր այն ընկերությունները, որոնք ունեն մի քանի հարյուր աշխատող եւ կարող են այդ մարդկանց հանել փողոց, նորմա՞լ է, որ հարկեր չտան ու պետության հետ շանտաժի լեզվով խոսեն»:

Իսկ չէ՞ր կարելի այնպիսի տարբերակով լուծել հարցը, որ մթերման սեզոնից առաջ գյուղացին, որն առանց այն էլ ապրուստ չունի, որի «ուղեղում աղքատություն է տիրում», չտուժի իշխանություն-սեփականատեր «վեճերից»: «Ես կարծում եմ` մթերումներ լինելու են, եւ այդ նույն «Սպայկան» էլ մթերումներ անելու է»:

Իսկ որ չարե՞ց, ինչո՞ւ եք այդքան վստահ։ «Այդ ժամանակ կխոսենք»:

Ի դեպ, տեղեկություն կա, որ կլինկերի համար էլ դաշտը բացվում է հանրապետական Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդու` Դավիթի համար։ «Ձեզանից եմ լսում նման տեղեկություն. մեր իշխանության ժամանակ չի կարող որեւէ մեկի համար դաշտ բացվել կամ փակվել»:

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արշալույսցի Թագուհի Ղազարյանին հարցրինք` լսել ենք, որ Ձեր ուսման վարձն ինչ-որ ժամանակ վճարել է Արշալույս գյուղի գյուղապետ` Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանը, որի լիազորությունները դադարեցվել են։

«Եթե խոսքը 4-րդ կուրսի ուսման վարձի մասին է, ապա այն սուբսիդավորվել է Արշալույս գյուղի համայնքային բյուջեի կողմից` իմ եւ մի քանի տասնյակ ուսանողների համար, դրանից հետո ես կա՛մ անվճար եմ սովորել, կա՛մ այլ հիմնադրամի շնորհիվ»: Ո՞ր հիմնադրամի։ «Կրթական հիմնարկություն» հիմնադրամի»:

Ասում են նաեւ, որ նույն՝ Զարզանդ Գրիգորյանի դեմ ցույցերի կազմակերպիչներից մեկն էլ Դուք եք եղել։ «Պարոն Գրիգորյանի դեմ միակ միջադեպը եղել է այն, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրա վարորդը կանգնած էր ընտրատեղամասի առջեւ եւ ասում էր՝ գիտեք, չէ՞, ում պետք է ընտրենք որպես դեպուտատ, եւ մատնանշում էր հանրապետական պատգամավոր Հրանտ Գրիգորյանին։ Միակ կոնֆլիկտը եղել է այդ ժամանակ, որ ես հանրայնորեն հրապարակեցի, որ ուղղորդում է տեղի ունենում, դրանից բացի դեմ կամ կողմ գործունեություն տեղի չի ունեցել. ես հետահայաց եմ իմացել, որ գյուղում ցույցեր կան իր դեմ»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունում գործող, այսպես կոչված, «սորոսական» թեւը պատրաստվում է վրեժ լուծել վարչապետի հավատարիմ թիմակիցներից՝ Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված սկանդալի պատճառով:

Քանի որ Նիկոլ Փաշինյանի մյուս թիմակիցները Սանասարյանի գործով տարբեր կերպ հայտարարում են, թե գործընթացում ոչ մի շինծու եւ արհեստական օրակարգ չկա եւ ամեն ինչ օրենքին համապատասխան է, ուստի «սորոսական բլոկը» որոշել է տեղեկատվական եւ «կոմպրոմատային» գրոհներ կազմակերպել եւ ամեն կերպ մյուս թեւից «ժերտվա» սարքել:

Խոսքը թե՛ մի քանի պատգամավորների, թե՛ գործադիրի որոշ ներկայացուցիչների մասին է: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, օրենսդիրից նրանց թիրախում են մասնավորաբար Ալեն Սիմոնյանը, ով քաղաքական դաշտում առանցքային ֆիգուրանտ է դարձել, եւ Նիկոլ Փաշինյանի աներձագ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Սակայն, ըստ նույն աղբյուրների, «ցուցակն» այս երկուսով չի սահմանափակվի»:

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանին փոխարինել է նրա 3 տեղակալներից Ալբերտ Աբգարյանը, ով կառավարչական օրենքի պահանջով՝ նրան փոխարինում է որպես առավել երկար պաշտոնավարող տեղակալ․ աշխատում է 2018-ի մայիսից։

Այս կարգը գործում է, եթե հիմնարկի ղեկավարը չունի առաջին տեղակալ։ Սակայն վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դեմ է եղել, որ Աբգարյանը փոխարինի Սանասարյանին,  եւ փորձել է ՊՎԾ պետի ԺՊ նշանակել մյուս տեղակալին՝ Արգիշտի Քյարամյանին, ում ապրիլի 10-ին հենց ինքն է նշանակել տվել այդ պաշտոնին։ Ընդ որում, Փաշինյանը հակված չի եղել այդ նշանակումն անելու, քանի որ Քյարամյանի եկամուտների հայտարարագիրը դրան չի «տրամադրել»։

Ու թեեւ Աբգարյանը պաշտոնապես արդեն փոխարինում է Սանասարյանին, սակայն, մեր տեղեկություններով, Աղաջանյանի անունից զանգել են նրան եւ առաջարկել կամովին դիմում գրել ու հրաժարվել փոխարինողի պաշտոնից։ Այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք անձամբ Աբգարյանից, ով չզարմացավ մեր հարցից, թե ինչու իրեն չեն ուզում տեսնել Սանասարյանին փոխարինողի դերում, բայց ասաց․ «Օրենքով կատարում եմ ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, եւ իմ անմիջական ղեկավարը վարչապետն է։ Ես վարչապետից այլ բան անելու որեւէ ցուցում չեմ ստացել»։

Իրեն հայտնի՞ է, որ Աղաջանյանը դեմ է իրեն։ «Չէ, ինձ հայտնի չէ»։ Ի դեպ, լուրերը, որ Աղաջանյանի աշխատանքից վարչապետը դժգոհ է, որքան էլ կառավարությունից հերքեն, հավաստի են։ Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին Աղաջանյանն արձակուրդ է գնալու»:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երեւանի պետական համալսարան այցից առաջ համալսարանի ռեկտորատ է այցելել նրա օգնականներից մեկը, ով համալսարանի աշխատակազմին փոխանցել է Փաշինյանի ցանկությունը, ըստ որի՝ վարչապետ Փաշինյանը չի ցանկանում տեսնել Արամ Սիմոնյանին:

Սիմոնյանը փոխանցել է, որ վարչապետի եւ իր ցանկությունները ընդհանուր են, ինքն էլ չի ապրում նրա հետ տեսակցելու փափագով: Փաշինյանը փորձում է Սիմոնյանին մեկուսացնել եւ համալսարանի ֆակուլտետների դեկաններին եւ ամբիոնների վարիչներին հասկացնել, որ պետք չէ ռեկտորին լուրջ վերաբերվել, Սիմոնյանն էլ իր հերթին է ուզում ցույց տալ, որ Փաշինյանն իր համար եղած-չեղած՝ միեւնույն է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին