▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը խոստացել է օգնել Գագիկ Ծառուկյանին. մանրամասներ հանդիպումից

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ի կողմից Արմավիր ՔԿՀ-ում իրականացված գործողություններն ու բացահայտումները եւս մեկ անգամ հաստատում են մեր այն հրապարակումները, ըստ որոնց՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրում է բարձիթողի վիճակ, եւ այդ հաստատությունների ղեկավարները իրենց դիրքն օգտագործում են կոմերցիոն նպատակներով:

Մեր հրապարակումներին ի պատասխան՝ փորձ արվեց մեզ լռեցնել դատական գործընթաց սկսելու միջոցով: Մինչդեռ ԱԱԾ բացահայտումները ամեն ինչ իրենց տեղն են դնում:

Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ բացահայտումներից հետո արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւ ՔԿ ծառայության պետ Արտյոմ Ախոյանը Արմավիր ՔԿՀ պետին առաջարկել են աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, սակայն մերժում են ստացել: ԱԱԾ-ն առաջիկայում կներկայացնի նոր տեսանյութեր, այս անգամ այլ ՔԿՀ-ում տիրող բարքերի մասին»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հունիսի 9-ին տեղի են ունենալու համայնքապետի ընտրությունները, որ խոստանում են թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս հարցում տարաձայնություններ կան անգամ իշխող կուսակցության ներսում, քանի որ մի հատվածը սատարում է ներկայիս քաղաքապետին, իսկ մի հատվածն էլ իր «հավանած» թեկնածուն ունի:

Ըստ տեղեկությունների՝ իշխանության թեկնածուն կառավարման փորձ չունեցող անձ է ու հանրության շրջանում անհայտ, այդ իսկ պատճառով այս հարցի վերաբերյալ քննարկումները թեժ ու լարված էին: Բացի այդ, լարված են գործող քաղաքապետի ու մարզպետի հարաբերությունները. մարզպետը մի քանի անգամ մամուլով մեղադրանքներ է հնչեցրել քաղաքապետի հասցեին»:

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում:

Իշխանությունները հավաստի տեղեկություններ ունեն, որ Մելիքյանը իր պաշտոնեական դիրքն ու կապերն օգտագործելով՝ տարբեր ծառայություններ է մատուցում օլիգարխներին: Իշխանությունը մտադիր է ոչ միայն պաշտոնազրկել Մելիքյանին, այլեւ պատժի ավելի խիստ միջոցներ կիրառել»:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այն բանից հետո, երբ ԱԺ-ում քննարկվեցին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները, եւ այդ քննարկումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները քննադատական խոսքեր հնչեցրին Ծառուկյանի հասեցին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ն. Փաշինյանը Ծառուկյանին հորդորել է իմքայլականների հետ նստել մեկ սեղանի շուրջ ու ընդհանուր եզրակացության գալ: ԲՀԿ ղեկավարը, սակայն, ասել է` «Իմ քայլի» պատգամավորներն արդեն անցել են անձնական վիրավորանքի դաշտ, ու, կարծես թե, իրենց հետ համաձայնության գալը դառնում է անհնարին:

Փաշինյանն ասել է, որ այդ հարցում ինքը կփորձի օգնել ԲՀԿ առաջնորդին: Հանդիպումն ավարտվել է «ջան ու ջիգյարի» մթնոլորտում. կլինկերի խնդիրն այդպես էլ չի կարգավորվում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Փաշինյանն ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջոցով պատգամավորներին հորդորել է պահել կոռեկտության սահմանները եւ իրենց ելույթներում չվիրավորել Ծառուկյանին ու նրա պատգամավորներին»:

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին օլիգարխ, նոր Հայաստանում խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյանի գործերը գնալով լավանում են, քանի որ նրրան հաջողվել է «կապել» իշխանության վրա քիչ թե շատ ազդեցություն ունեցող անձանց:

Օրերս Ալեքսանյանի եղբոր որդիները «Վիեննա» ռեստորանում մեծարանքի երեկո են կազմակերպել վարչապետ Փաշինյանի մանկության ընկեր, համատեղությամբ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի համար: Նրանք Ղալումյանի եւ իշխանության վրա  ազդեցություն ունեցող այլ անձանց հետ տարբեր գործեր են դասավորում, որը փոխշահավետ է երկուստեք»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց պառլամենտը բավականին թանկ հաճույքի է վերածվել. այնտեղ ոչ միայն 101-ի փոխարեն 131 պատգամավոր է, որոնք բավականին տպավորիչ աշխատավարձ են ստանում, այլեւ պառլմենտարիզմի պատմության մեջ երբեք այսքան պատգամավոր չէր դիմել վարձով բնակարանի գումարի փոխհատուցում ստանալու հարցով, իսկ մենք փշերի վրա նստած` սպասում ենք` կկրճատե՞ն մեզ, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ աշխատակիցը:

Քանի՞ պատգամավոր է դիմել վարձով բնակարանի համար՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։ «Ստույգ կլինի ասել` քանի պատգամավորի դիմում է բավարարվել, որովհետեւ չափորոշիչներ կան, որոնց պետք է դիմումատուն համապատասխանի, փաստաթղթեր ապահովի։ Այս պահի դրությամբ այդ կարգավիճակից օգտվում է 15 պատգամավոր` 8-ը` «Իմ քայլից»,  6-ը` «Լուսավոր Հայաստանից»,  1-ը` ԲՀԿ-ից»,- ասաց Տ. Գալստյանը:

ԲՀԿ մինուճարը, որքան էլ պարադոքսալ, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանն է՝ Արտաշատից: ԼՀԿ-ի ամենահետաքրքիր վարձակալը ֆրակցիայի ղեկավար Էդմոն Մարուքյանն է։ Մյուսները մարզերից են, եւ նրանց անունները ոչինչ չեն ասում: «Իմ քայլի» «անտունները» նախ փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներն են` Կնյազ Հասանով, Արսեն Միխալյով, ինչպես նաեւ՝ Հովիկ Աղազարյան` Արարատի Սուրենավան գյուղից:

Մնացյալ իմքայլականների անունները նույնպես ոչինչ չեն ասում: Իսկ եղե՞լ են պատգամավորներ, որոնց մերժել եք։ «Եղել են` փաստաթղթերի պակասի, անճշտությունների պատճառով, կային այնպիսիք, որոնք արդեն իսկ վարձով էին ապրում, սակայն չգիտեին, որ պետք է վարձակալի հետ պայմանագիր կնքեին»: Փաստորեն, դեռ կավելանան։ «Չի բացառվում»,- ասաց Տիգրան Գալստյանը: Հիշեցնենք, որ վարձակալության գումարը կազմում է ամսական 100 հազար դրամ»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո հայտարարվեց քննիչ հանձնաժողովներ ստեղծելու մասին․ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը փակագծերը չբացեց՝ հայտնելով միայն, որ դրանք կլինեն հանքարդյունաբերության, ջրօգտագործման եւ այլ հանրային նշանակություն ունեցող ոլորտների վերաբերյալ։

Մեզ հաջողվեց պարզել, որ իշխանության համար «կարեւորագույն նշանակություն» ունի հատկապես ջրօգտագործման ոլորտի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ստեղծումը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի վերջերին խորհրդարանում, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ջրօգտագործողների միությունների վերաբերյալ աղմկոտ հայտարարություն էր արել՝ ասելով, թե առաջիկայում բոլոր ՋՕՄ-երում ստուգումներ են կատարվելու։

«Մենք բոլոր տեղերում ստուգումներ ենք անելու, պարզենք՝ ովքեր են գողացել, հետո չասեք՝ բոլոր ջրօգտագործողների միություններին լցնում եք բանտերը: Էս ի՞նչ սովորություն է՝ նստեն իրենց տեղը, թալանեն, ուտեն, վերջում գան ասեն՝ աշխատավարձ չենք ստացել, կառավարություն, դե՛ վճարի: Ամենաշատ թալանված ոլորտն է, հեսա հերթով հետեւներից գնալու ենք»,- ասել էր նա:

Տեղեկություններ կան, որ իշխանության թիրախում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, եւ չի բացառվում, որ այս հանձնաժողովի աշխատանքների արդյունքում աղմկահարույց բացահայտումներ արվեն»:

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս մեղադրանք է առաջադրվել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանին:

Վերջինս այս պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից եւ 2018 թվականի սեպտեմբերի 4-ին հայտարարեց իր լիազորությունները դադարեցնելու մասին: Մեզ հասած լուրերի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն տվյալներ է ստացել, որ թաղապետարանի փաստաթղթերում կեղծ տվյալներ են մտցրել, գումարներ դուրս գրել եւ յուրացրել:

Մասնավորապես, միլիոնավոր դրամներ դուրս են գրվել տարբեր տոնական օրերին միջոցառումներ իրականացնելու նպատակով, սակայն այդպես էլ միջոցառում չի անցկացվել, կամ էլ այնքան գումար չի ծախսվել, որքան ներկայացված է եղել փաստաթղթերում: Այժմ Ուլիխանյանը կալանավորված չէ. խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հայտարարել է, որ Ռուսաստանը բազմաֆունկցիոնալ Սու 30ՍՄ կործանիչների առաջին խմբաքանակը՝ չորս օդանավ, Հայաստանին կմատակարարի 2020 թվականի սկզբին: Տոնոյանը հայտարարել է, որ կա նաեւ այդ օդանավերի գնումը շարունակելու ծրագիր:

Ընդ որում՝ նախարարը հայտարարել է, որ Երեւանն արդեն փոխանցել է օդանավերի գնի առաջին տրանշը, ինչը նշանակում է, որ Երեւանը դրանք ձեռք է բերում կանխիկ: Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանն ունի նոր սպառազինություն ձեռք բերելու մեծ ծրագրեր, սպառազինությունը գնելու է Ռուսաստանից եւ «զինվելու ու վերազինվելու ենք շատ խիստ»:

Պաշտպանության նախարարի այդ հայտարարությունը, անշուշտ, համահունչ է Հայաստանի նոր պաշտպանական քաղաքականությանը, որտեղ շեշտադրվում է պաշտպանողական մարտավարությունից հարձակողականի անցնելու հանգամանքը: Սա իհարկե ունի իր մեծ ռազմա-քաղաքական նշանակությունը թե՛ պատերազմի սպառնալիքը զսպած պահելու, թե՛ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետ թիկունք ապահովելու տեսանկյունից:

Իր հերթին, բնականաբար, շատ կարեւոր է, որ այդ թիկունքն էլ ունենա ամուր տնտեսական հենարան եւ այստեղ է, որ կանխիկ գնման հանգամանքը թվում է փոքր, սակայն շատ կարեւոր տարր է:

Բանն այն է, որ այդ կարողությունը Հայաստանին օժտում է լրացուցիչ ինքնիշխանությամբ, ըստ այդմ՝ լրացուցիչ քաղաքական ճկունությամբ: Իհարկե, խոսել այն մասին, որ Հայաստանը առաջիկայում կունենա կանխիկ շատ մեծ գնումների հնարավորություն, գուցե այս պահին իրատեսական չէ, սակայն այստեղ շատ կարեւոր է նաեւ այն սպառազինության տեսակը, որի համար վճարվում է կանխիկ:

Իսկ Սու 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները այդ առումով ունեն ռազմավարական զսպման նշանակություն, քանի որ դրանք Հայաստանին տալիս են օդային գերակայության հնարավորություն: Եթե, իհարկե, Ռուսաստանը համանման օդանավեր չվաճառի նաեւ Ադրբեջանին, առավել եւս, որ ռուսական մամուլում ամիսներ առաջ եղել է հրապարակում, որտեղ ենթադրվում էր, որ Հայաստանին վաճառելով Սու 30 ՍՄ, Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին «մղել» Սու 35 օդանավերի գնման: Սա անշուշտ պետք չէ բացառել, եւ քաղաքական հարթության վրա այն կանխարգելելու համար Հայաստանի ճկունությունն ու ինքնիշխանությունը կարեւոր է, որպեսզի Ռուսաստանի առաջ դրվեն փաստեր ու փաստարկներ, որոնք Մոսկվային զերծ կպահեն Հայաստանին սպառազինելով Ադրբեջանին գայթակղելու քաղաքականությունից եւ Հայաստանի հետ հարաբերությունը կպահեն ռազմավարական պարտավորությունների շրջանակում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին