▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիգեն Սարգսյանը նեղացել է Սերժ Սարգսյանից. ՀՀԿ-ականները չեն ցանկանում հրապարակայնացնել այս ամենը

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար Արթուր Աղաջանյանը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրուցում անդրադարձել է Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին՝ ասելով. «Մենք մեղադրանք առաջադրեցինք քանի որ ունեինք ապացուցողական այն համակցությունները, որն ամբողջությամբ մեզ իրավունք էր վերապահում մեղադրանք առաջադրելու համար:

Դրանից հետո միջնորդեցիք, որպեսզի դադարեցվի պարոն Սանասարյանի պաշտոնավարումը, եւ դրանից հետո նոր հարցաքննվեցին վերջինիս կողմից միջնորդած վկաները, ովքեր գոնե ցուցմունք տալու պահին ամիջական ծառայողական ենթակայության եւ հետեւաբար կախվածության մեջ չեն գտնվի եւ կարող են հանգիստ տալ օբյեկտիվ ցուցմունքներ, որոնք կստուգվեն այլ քննչական գործողություններով»:

Անդրադառնալով Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի հայտարարությանը, թե «ուղղորդված քննություն է ընթանում», ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարն ասել է. «Ես հակառակը կպնդեի: Ավելի շատ փաստաբաններն են ուղղորդում տվյալ դեպքում, որովհետեւ  նույն փաստաբանները, մասնավորապես տիկին Պետրոսյանը  մինչեւ այս գործը բազմաթիվ քրեական գործերում ներգրավված է եղել՝ որպես պաշտպան եւ բազմաթիվ անգամ շեշտել է ԱԱԾ քննչական մարմնի անաչառությունը, օբյեկտիվությունը, թեկուզեւ մարդկային մոտեցումը:  ... Տարակուսանք է առաջացնում այն  հանգամանքը, որ տիկին Պետրոսյանը պնդում է, թե ԱԱԾ-ում տվյալ քրեկան գործն ուղղորդված է, կարված է ԱԱԾ կողմից, շինծու է: Այս բոլոր պնդումներում առկա  է հանցակազմ, եթե առկա է հանցակազմ, եւ հիմնավորված պնդումներ են, ինչպես իրենք են դա մեկնաբանում, ապա ինչո՞ւ հանցագործության մասին հաղորդմամբ չեն դիմում գլխավոր դատխազին, որպեսզի ԱԱԾ քննիչի նկատմամբ հարուցի քրեական գործ»:

Արթուր Աղաջանյանն անհասկանալի է որակել նաեւ Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի ամուսնու՝ նույնպես փաստաբան Կարեն Մեժլումյանի սոցցանցում գործի առնչությամբ արած գրառումը: «Կարեն Մեժլումյանն իրեն իրավունք է վերապահում հայտարարություն անել տվյալ քրական գործի ընթացքի կապակցությամբ Արթուր Վանեցյանի հայտարարությունների վերաբերյալ, մասնավորապես նրա մասին, որ  քրեական գործը դատարան ուղարկելուց հետո ամեն ինչ կպարզվի: Պարոն Մեժլումյանն այս քրեական գործով՝ որպես պաշտպան ներգրավված չէ, եւ տիկին Պետրոսյանի ամուսին լինելու հանգամանքը որեւէ իրավունք նրան չի վերապահում տվյալ քրեական գործով այդպիսի հայտարարություն անել»,-ասել  է Աղաջանյանը՝ հավելելով, որ Վանեցյանի հայտարարությունը արձանագրում էր այն հանգամանքը, որ եթե կա հարուցված գործ, որով կան մեղադրյալներ եւ կալանավորվածներ, ապա ենթադրվում է, որպես կանոն, որ տվյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվելու է դատարան, եւ դա որեւէ կերպ չի խոսում այն մասին, որ գործը դատարան ուղարկելը կանխորոշված է Վանեցյանի կողմից»:

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Պապոյան, ասում են՝ եղել եք ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչ․ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր, ՔՊ անդամ Գեւորգ Պապոյանին։ «Ոչ, ես չեմ եղել ՀՀԿ ներկայացուցիչ, ունեցել եմ ընկերներ` դեռեւս 12 տարի առաջ, որոնց հետ գնացել ենք Արագած սար եւ նկարվել ենք, եւ նկարը շրջանառվում է։ Իսկ ինչ վերաբերում է երիտթեւի անդամ լինելուն, ապա ես՝ իմ թանկագին ընկերոջ խնդրանքով, չեմ ասի անունը, մի կարճ ժամանակ` մասնավորապես մինչեւ 2007թ. հոկտեմբեր ամիսը, ֆիկտիվ կերպով անդամակցել եմ ՀՀԿ-ին»:

Ներեցեք, ի՞նչ ասել է` ֆիկտիվ կերպով, ֆեյք ՀՀԿ-ակա՞ն եք եղել։ «Ո՛չ, ո՛չ։ Տեսեք, էսպես ասած` իմ ուսանողական ընկերն էր` ընդառաջեցի, այսինքն` ձեւական»: Բա ո՞նց իմանանք` ֆիկտի՞վ էր, թե՞ իրական։ Իսկ կարո՞ղ է ՔՊ-ին էլ եք ֆիկտիվ անդամակցել։ «ՔՊ անդամ դառնալու դիմումի մեջ իմ ցանկության մասին մեծատառերով գրված է»:

Հաստա՞տ մեծատառերով է գրված։ «Այո, առաջին տառերը՝ մեծատառերով, մնացածը` մեծ-մեծ տառերով, միանաշանակ։ Հպարտությամբ եմ ասում, որ ես ՀՀԿ-ից դուրս եմ եկել այն ժամանակ, երբ բոլորը մտնում էին ՀՀԿ, չեմ էլ թաքցնում, որ մինչեւ 2012թ․ համակրել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարները»:

ՔՊ-ն Ձեր ո՞րերորդ կուսակցությունն է։ «Փաստացի՝ երկրորդ․․․ Ես, ըստ էության, այն ժամանակ եմ համակրել Լեւոն Տեր-Պետրոսյանին, երբ մեր այսօրվա ղեկավարը համագործակցում էր Տեր-Պետրոսյանի հետ»: Ասում են` Սերժ Սարգսյանը վերադառնում է. հնարավո՞ր է կրկին համակրեք նրան։ «Ոչ, ես հպարտանում եմ, որ ՀՀԿ-ից դուրս եմ եկել 2007 թվականին»:

 

 

 

 

 

 

 

 

«Իրատես» թերթը գրում է. «Երեկ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հաստատեց այն տեղեկությունը, որ քաղաքական ակումբ է ստեղծել։ Մեզ հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել։ Պարզվում է՝ այս քննարկումներին մասնակցում են նախկին երկու իշխանություններին համակրող քաղաքական գործիչներ, որոնք պարբերաբար հանդիպում են «Բլուր» կոչվող թաղամասի սեփական տներից մեկում եւ քննարկում հնարավոր բեւեռի ձեւավորման հարցը, բեւեռ, որը այսօրվա քաղաքական դասավորությունը գլխիվայր շուռ կտա։

ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանի «մոդերատորությամբ», մեր տեղեկություններով, քննարկումներին մասնակցում են Վիգեն Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը, Արփինե Հովհաննիսյանը, Անդրանիկ Թեւանյանը, Երվանդ Բոզոյանը, Վիկտոր Սողոմոնյանը, Աղվան Վարդանյանը, Ռուբեն Հակոբյանը։

Հակաիշխանական այս ալյանսը նպատակ ունի քաղաքական գործընթացներ սկսելու եւ, իշխանության վարկանիշի անկմանը զուգահեռ, առաջացած քաղաքական վակուումը «լցնելու»։

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում ներկուսակցական խմորումներ են սկսվել: Դրա վկայություններից մեկն էլ ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի` ԱՄՆ մեկնելն է:

Օրերս նա տեղեկացրել էր, որ ԱՄՆ մեկնել է մեկ տարով՝ ուսանելու: Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նա Հայաստանից հեռացել է նեղացած: Ե՛վ 2017թ., ե՛ւ 2018թ. ԱԺ ընտրություններում Վիգեն Սարգսյանը գլխավորեց ՀՀԿ համամասնական ցուցակը, եւ խոսվում էր, որ Սերժ Սարգսյանը հենց նրան է տեսնում իրավահաջորդի դերում` պատրաստվելով փոխանցել կուսակցության ղեկը. անգամ խոսվում էր ՀՀԿ համագումար անցկացնելու մասին:

Սակայն հետո Ս. Սարգսյանը մտափոխվել է եւ ասել, որ ինքը մնալու է ՀՀԿ նախագահի պաշտոնում: Վիգեն Սարգսյանն էլ մտերիմ շրջապատում նեղսրտել է, թե ՀՀ-ում իր համար ապագա չի տեսնում: ՀՀԿ-ականների մի մասն, իհարկե, չի ցանկանում Վիգեն Սարգսյանին տեսնել կուսակցության ղեկավարի պաշտոնում, սակայն շատերն էլ հենց Սերժ Սարգսյանին են մեղադրում, որ չի ուզում լքել այդ պաշտոնը, քանի որ կուսակցության անունը հնարավոր չէ այլ կերպ մաքրել:

ՀՀԿ-ականներն, իհարկե, չեն ցանկանում հրապարակայնացնել այս ամենը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերքեց այդ լուրերը` ասելով. «Նման հարց ՀՀԿ օրակարգում չի եղել, հետեւաբար նման խոսակցությունները ապատեղեկատվություն են»:

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիս-հունիս ամիսներին ներքաղաքական լարվածությունը կհասնի պիկին` «Գազպրոմի», ՀԷՑ-ի, ցեմենտի, կառավարության օպտիմիզացման գործընթացների-կրճատումների արդյունքում։ Դեկտեմբերին կսկսենք վարչապետ Փաշինյանի նկատմամբ անվստահության բուն գործընթացը»,- ասաց ՀՅԴ մեր աղբյուրը:

Ինչո՞ւ դեկտեմբերին եւ ոչ հենց հունիս-հուլիսին։ «Որովհետեւ վարչապետի նկատմամբ անվստահություն կարելի է հայտնել պաշտոնի ստաձնումից 1 տարի անց»: Բայց ինչպե՞ս եք անվստահության գործընթաց սկսելու՝ առանց ԱԺ-ում ներկայացված լինելու։ Ասում են՝ ԱԺ ուժերի հետ քննարկում եք մանդատները վայր դնելով ճգնաժամ առաջացնելու տարբերակը` ողջ համամասնական ցուցակով, ճի՞շտ է, որ բանակցում եք ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» հետ։

«Նման սցենար քննարկվում է, սակայն դա բարդ իրագործելի է. նկատեք` մարտ ամսին, իշխանական հարցումներով, Նիկոլ Փաշինյանն ունեցել է 60 տոկոս ռեյտինգ, դա մինչեւ տրանսգենդերի, մաքսատան աշխատակցի եւ Դավիթ Սանասարյանի հետ կապված պատմությունն էր, այսինքն՝ Փաշինյանի ռեյտինգը նվազում է ամսական 2 տոկոսով, հիմա ավելի մեծ արագություն ձեռք կբերի, դեկտեմբերին արդեն սայլը տեղից շարժելու ամենահարմար պահը կլինի»:

Ընդդիմադիր ընդհանուր դաշտ կձեւավորվի՞, կկարողանա՞ք միմյանց հետ պայմանավորվել։ «Այ, էդ ամենաբարդ, գրեթե անլուծելի հարցն է եղել թե՛ հին Հայաստանում, թե՛  նոր»:

 

 

 

 

 

 

 

 

 

«Իրատես» թերթը գրում է. «Դատական ակտերի հարկադիր կատարողական ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ, որն օրերս է ձերբակալվել Ռուսաստանում, քրեական գործ հարուցելու հարցում, պարզվում է, «դերակատարում են» ունեցել նաեւ նրա նախկին գործընկերներն ու քաղաքական թիմի անդամները:

«Իրատեսի» զրուցակիցն ասաց, որ նախկին որոշ պաշտոնյաներ, որ, ինչ-որ առումով, կարող էին դեպքերի զարգացմանն այլ ընթացք տալ, «հանգիստ նստել են տեղները». «Պողոսյանին կարող էին գլխի գցել, հուշել, թե ինչ կարող է լինել ու ինչպես թիրախ չդառնալ նորերի համար:

Բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ չեն արել: Նրա պաշտոնավարման ընթացքում ոմանք գուցե խնդիրներ են ունեցել ու սպասել հարմար պահի «վրեժխնդիր» լինելու համար: Ի դեպ, ոչ միայն իրենց նախկին թիմակցին մի շարք նրբությունների մասին չեն ասել, այլեւ նորեկների աչքերն են բացել ու կրակի վրա յուղ լցրել»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել Ծաղկաձորի ճոպանուղու կառավարման վերաբերյալ այն բանից հետո, երբ դատախազությունը հայտարարեց ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերի չվճարման եւ այդ առումով մոտ 1 միլիոն դոլարի հասնող հարկային պարտավորության մասին: Դատախազությունը հրապարակել էր իր ուսումնասիրության արդյունքը եւ հայտարարել քրեական գործ հարուցելու մասին:

Ի պատասխան՝ ՀԱՕԿ-ի տարածած հայտարարությունը փաստորեն չէր հերքել դատախազությանը: Համենայն դեպս, ՀԱՕԿ-ը հայտարարություն էր տարածել այն մասին, որ դիմելու է ճոպանուղու շահագործման ընթացքում իրեն պատճառած վնասը վերականգնելու համար, բոլոր օրինական միջոցներով: Ստացվում է բավականին հետաքրքիր մի պատկեր, համենայն դեպս՝ համադրելով առայժմ եղած հայտարարությունները եւ դրվագները: Բանն այն է, որ դատախազությունը փաստացի մեղադրում է ՀԱՕԿ-ին հարկեր չվճարելու համար: ՀԱՕԿ-ը 2004 թվականից տնօրինում է ճոպանուղին՝ կառավարության որոշմամբ: Իր հերթին, օլիմպիական կոմիտեն, որը ղեկավարում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ճոպանուղու կառավարումը հանձնել է մասնավոր՝ Լեռնատուր ՍՊԸ-ին, որի հիմնադիրներից է հենց ինքը եւ 50 տոկոս բաժնետեր:

Գագիկ Ծառուկյանի հանգամանքը գործը դարձնում է առավել հետաքրքիր՝ հատկապես վերջին շրջանում ԲՀԿ շուրջ եղած հայտնի խնդիրների համատեքստում, որոնք կարծես թե Գագիկ Ծառուկյանի եւ նրա ղեկավարած քաղաքական ուժի «անկեղծության պահն» են հասունացնում: ՀԱՕԿ-ի՝ ապրիլի 29-ին տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ կոմիտեն փաստորեն հայտարարում է Լեռնատուրի նախկին տնօրենի՝ տարիներ շարունակ թույլ տված խաբեության եւ չարաշահումների մասին, մասնավորապես ՀԱՕԿ-ի հանդեպ:

Այլ կերպ ասած, ՀԱՕԿ-ն անուղղակի ընդունում է դատախազության հայտարարությունը, բայց պատասխանատվության սլաքն ուղղում Լեռնատուրի նախկին տնօրենին: Միաժամանակ հայտարարվում է, որ ՀԱՕԿ-ն օրինական միջոցներով վերականգնելու է իրեն պատճառած վնասը:

 

 

 

 

 

 

 

 

Այլ կերպ ասած՝ Գագիկ Ծառուկյանը, փաստորեն, ինչ-որ մեկին զգուշացնում է, որ՝ կա՛մ պետք է պատասխանատվությունը ստանձնել եւ փոխհատուցել պետությանը չվճարած հարկերի ծավալը, որը, ըստ դատախազության, ավելի քան 476 միլիոն դրամ է, կա՛մ կբացահայտվեն ավելի մանրամասներ, որոնք քրեական պատասխանատվությունը կտեղափոխեն հենց Լեռնատուր ընկերության նախկին տնօրենի կամ նրա հետեւում կանգնած որեւէ ուժի վրա:

Եվ այստեղ էական է, թե ո՞վ է եղել Լեռնատուրի մյուս 50 տոկոսի բաժնետերը, ո՞ւմ հետ է ՀԱՕԿ-ը կնքել ճոպանուղու կառավարման պայմանագիրը եւ փաստացի 50 տոկոս փայ մտել, եւ այդ ո՞վ է եղել «առյուծի սիրտ կերած» նախկին պաշտոնյան, որ, այսպես ասած, չվախենալով Գագիկ Ծառուկյանի «առյուծների հետ հանդիպումից», եթե խոսենք մի փոքր ժողովրդական տարածված լեզվով, տարիներ շարունակ փաստորեն խաբել է նրան ճոպանուղու շահույթի հարցում եւ ցույց տվել քիչ եկամուտներ:

Կան հիմքեր եզրակացնելու, որ այդպիսի վարքագիծ դրսեւորողը չէր կարող լինել պատահական մարդ, առավել եւս՝ պատահական մարդու հետ հազիվ թե ՀԱՕԿ-ը այդպիսի պայմանավորվածության գար՝ 50/50 սկզբունքով»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց ձորում ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի եւ փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի միջեւ ընդհարումը, «վկաներից» մեկի պատմելով, սկսվել է «բիչոկից», որը Քաղաքացու օրվա միջոցառման մասնակից երիտասարդներից մեկը գետնին է նետել, իսկ երիտասարդ փոխմարզպետն էլ ցուցադրաբար հորդորել է նրան առվի միջից վերցնել «բիչոկը»՝ խոցելով տղայի ինքնասիրությունը։

Վերջինս անցել է հակագրոհի․ «Քեզ պետք է՝ դու վերցրու»: Դա լեզվակռվի պատճառ է դարձել, որին միացել են մյուսները, այդ թվում՝ Բագրատյանը։ Պատգամավորը հանդիմանել է փոխմարզպետին․ «Ի՞նչ տոնով ես խոսում, քեզ ո՞վ ա իրավունք տվել ջահել տղուն նվաստացնես»։

Փոխմարզպետը դիտողությունը ծանր է տարել։ Մանրամասներ պատմող մեր զրուցակիցն ասաց, որ իր համար անակնկալ է եղել, որ վեճն այդքան կթեժանար, եւ իմքայլականներն այդպիսի աղմուկ կբարձրացնեին, ու անգամ քրեական գործ կհարուցվեր․ «Որովհետեւ ամեն ինչ անցել էր, բոլորը գինովցած՝ գուցե տաքացել էին, բայց Բագրատյանից բացի, ուրիշներին էլ պետք է մեղադրել փոխմարզպետին «վիրավորելու» հարցում»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին