▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի փչացրու հարաբերությունները. Վիտալի Բալասանյանը զայրացրել է Բակո Սահակյանին

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում արտախորհրդարանական ուժերը փնտրում են առավել ադեկվատ անձի, որի հետ գոնե կարող են քննարկել երկրի համար կարեւորագույն հարցեր, որտեղ իշխանություն-ընդդիմություն խաղալը երկրորդական է։ Եվ, մեր տեղեկություններով, կարծես գտել են մեկին, ով բաց է քննարկման համար եւ «հարայ-հրոցով» չի խոսում նրանց հետ։ Խոսքը ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի մասին է, որին, ըստ նույն տեղեկությունների, փորձում են հասկացնել, որ անհնար է առաջ շարժվել աջուձախ բոլորին «փռելով ու ծեփելով», որ արտաքին լուրջ մարտահրավերներ ունեցող այս երկրում բացի անձնական շահից, կա երկիր պահելու խնդիր։ Ասում են, հեշտ չի ստացվում նրան եւս դուրս բերել անընդհատ նախկինների հետ համեմատվելու գծից, բայց կարծես հնարավոր է բան հասկացնել։ Ի դեպ, օրերս նաեւ Արմեն Աշոտյանն էր հանդիպել Արարատ Միրզոյանի հետ, սակայն նա միակը չէ արտախորհրդարանական ուժերից, որի հետ Միրզոյանը քննարկում է քաղաքական հարցեր»:


«Իրատես» թերթը գրում է. «ասում են, թե «Իմ քայլում», կապված Դավիթ Սանասարյանի«գործի» եւ ՔՊ վարչության անդամության հետ, ենթաբաժանումները նոր թափ են հավաքել: Եվ չնայած հանգամանքին, որ կուսակցության սպասվող համագումարում գաղափարական գծի ուղենշումները կատարում է Լենա Նազարյանը, այնուհանդերձ, վերջինս նեղ շրջապատում ասել է, թե Նիկոլ Փաշինյանի ոչ բոլոր տեսակետների հետ է ինքը համաձայն: Լենան իրեն առանձնապես հարմարավետ չի զգում ոչ միայն խորրհրդարանում, ուր «ասողը» Փաշինյանների «տան աղջիկ» Լիլիթ Մակունցն է, այլեւ կուսակցությունում. ուր գաղափարական «առաջնորդ» Լենան հրաժարվեց վարչության անդամակցությունից. պարզունակ պատճառաբանությունն այն էր, թե նրա կադաստրի պետ ամուսինը «կստանձնի» վարչության անդամի առաքելությունը։ Այնուհանդերձ, դժգոհությունը միմյանց նկատմամբ «Իմ քայլում» ջինի արագությամբ շշից դուրս է գալիս, ու ինչպես ՀՀԿ-ի` «թեւեր, ոտքեր, կճղակների» օրերում էր, սկսել են միմյանց նկատմամբ լրատվական արտահոսքեր կազմակերպել. «փեշակը» անցել է իմքայլականներին»:



 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատախազական համակարգում շատերը տարակուսած են այն փաստից, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պայքարում է կոռուպցիայի դեմ, բայց չի տեսնում համակարգում աշխատողների քայլերը: Մասնավորապես, համակարգում տարածված լուրերի համաձայն` ՀՀ գլխավոր դատախազի օգնական Արթուր Բաղդասարյանը, որը մշտապես ուղեկցում է նրան եւ դեռ օրերս նրան ուղեկցում էր ԱԺ-ում, վերջերս միանգամից 10 հատ մեքենա է գնել եւ վարձույթով է տվել: Միգուցե մեքենաները իր անունով չեն, բայց համակարգում լուրեր կան, որ իրեն են պատկանում: Տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Հերթական սուտն է: Եթե խոսքը վերաբերում է Արթուր Բաղդասարյանին, ապա նա 10 ավտոմեքենա չունի, որեւէ նման տիպի ու, առհասարակ, որեւէ ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում. եթե վերջինիս հետ կապված ունեք փաստեր, առանց վարանելու կարող եք հրապարակել»:



 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետի ռազմավարական ծրագրերից մեկը մետրոյի նոր կայարանի կառուցումն է։ Որքանո՞վ է իրատեսական ծրագրի մեկնարկը 2020-ին՝ հարցրինք Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին։ «Ունեմ մտավախություն, որ այդ ծրագիրը, ինչպես Հայկ Մարությանի մնացած «ռազմավարական» հռչակումները, կտորպեդահարվի, որովհետեւ ցայս որեւէ հրապարակային հայտարարություն՝ ներդրումների մասով, չկա»: Իսկ «ռազմավարական» «ԿամԱԶ»-ներն ի՞նչ վիճակում են, հրատապության կարգով գնվեցին․ ճի՞շտ է, որ մեկ աղբյուրից արագ գնումը պայմանավորված էր «ԿամԱԶ-Արմենիայի» տնօրենի` Մարությանի հետ ունեցած կապերով։ «Չանդրադառնամ դրան, ասեմ լոկ, որ «ԿամԱԶ»-ները, այո, գնվեցին հակամրցակցային պայմաններով եւ այժմ պարապուրդի են մատնված»: Իսկ Դուք ինչո՞ւ չեք կատարում ընդդիմադիրի Ձեր ֆունկցիան։ «Մեզ ասում են` շահագործողը դեռ չկա, շահագործողը պետք է լիներ համայնքային հիմնարկը, որը դեռեւս չի իրականացնում իր ֆունկցիան»: Ինչո՞ւ: «Բազմաթիվ աշխատանքներ պետք է տարվեին, որոնք առայսօր արված չեն»: Փաստորեն, ձախողում է, ո՞վ պետք է պատասխան տա։ «Վարչապետ Փաշինյանը եւ քաղաքապետ Մարությանը»: Փաշինյանը գոհ է քաղաքապետի աշխատանքից։ «Մարությանը շատ կարճ ժամանակ ունի իրավիճակը շտկելու, շուտով լրանում է նրա պաշտոնավարման 1 տարին, Աստված չտա՝ այն ամփոփելիս արձանագրենք լիակատար ձախողում»: Ե՞վ։ «Կարծում եմ` հետաքրքիր զարգացումներ կլինեն»: Նոր ընտրություննե՞ր։ «Հարցը թող մնա առկախված… այնուհանդերձ, հիշեք` աշխատավարձերի նկատմամբ վերջին մոտեցումը «Իմ քայլը» խմբակցությունը չհաստատեց, նշանակում է, որ ավագանու մեծամասնությունում եւս վերապահումներ կան»:



 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վերջին քննադատություններն Արցախում բուռն քննարկումների առարկա են դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախի նախագահ Բակո Սահակյանը օրերս շատ խիստ բարկացել է Վիտալի Բալասանյանի վրա: Սահակյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց փոխհարաբերությունները շատ լավ են, իրենք միմյանց հետ «հաց են կիսում», իսկ Բալասանյանն իր պահվածքով պարզապես փչացնում է այդ հարաբերությունները, ավելին՝ բացասաբար ազդում ՀՀ-Արցախ հարաբերությունների վրա: Այլ կերպ ասած` Վիտալի Բալասանյանի վերջին քայլերն ինքնագործունեության հետեւանք են, այլ ոչ թե Ղարաբաղի իշխանությունների վերաբերմունքի արտացոլում: Բալասանյանն Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվելու հայտ է ներկայացրել, եւ համառ տեսակետ կա, որ նա իրականում նախընտրական քարոզարշավ է անում այսպես: Պատահական չէ, որ օրերս Արցախի խորհրդարանից եկած պատվիրակության հետ համատեղ ասուլիսում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե տեսախցիկների առաջ արված հայտարարությունները պետք է համապատասխանեն առանց տեսախցիկների արվող հայտարարություններին: Ինչեւէ, տեղեկությունը փորձեցինք ճշտել Բալասանյանից, սակայն վերջինս մեր զանգերը թողեց անպատասխան: Իսկ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց Բակո Սահակյան-Վիտալի Բալասանյան զրույցը` խուսափելով հստակ պատասխանել այդ հարցին, սակայն ընդգծեց, որ իրենք մշտապես կողմ են եղել հարաբերությունները չսրող հայտարարությունների»:

 


«Ժամանակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան»» կուսակցության ԱԺ խմբակցությունն առաջարկում է քրեականացնել անչափահասների շրջանում «ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը»: Խորհրդարանական խմբակցությունը «Քրեական օրենսգրքում» առաջարկում է համապատասխան փոփոխություն կատարել ու նման քարոզի համար պատիժ սահմանել 200 հազար դրամ տուգանք կամ 1 տարի ազատազրկում: Միայն թե ով պետք է որոշի՝ որն է քարոզ, որը տեղեկատվության տարածում»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին մենք գրել էինք, որ ՊԵԿ Արաբկիրի հարկայինի պետ Տիգրան Մարտիրոսյանը, ով երգչուհի Լանա Խաչատրյանի ամուսինն է եւ Լեւոն Քոչարյանի ու Սիրուշոյի սանիկը, «գործուղվել» է «Նաիրի Ինշուրանս»՝ որպես տնօրենների խորհրդի նախագահ։ Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Տիգրան Մարտիրոսյանի փոխարեն Արաբկիրի հարկայինի պետ է նշանակվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանիբարեկամը՝ Հրայր Կարապետյանը, ով մինչ այդ Էրեբունու հարկայինի պետն էր։ Ուշագրավն այն է, որ ընդամենը օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի կողմից ինչ-որ դեստրուկտիվ քայլերի, 270 միլիոն դոլարի եւ այլնի մասին, սակայն դրան զուգահեռ զարմանալիորեն Կարապետյանի բարեկամները ՊԵԿ-ում առաջխաղացում են արձանագրում»։

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովին պետբյուջեով հատկացված գումարը չի բավարարում: Դեռևս մայիս ամիսն է, 6-7 ամիս կա մինչև տարեվերջ, բայց խորհրդարանում արդեն 892 մլն 628 900 դրամի պակասուրդ է առաջացել: Պարզվում է, որ այդ, այսպես կոչված, «պակասուրդն» առաջացել է ԱԺ պատգամավորների և մշտական հանձնաժողովների թվի ավելացման պատճառով: Փաստացի, այսօր խորհրդարանում ավելացել է 59 նոր հաստիք: Բնականաբար, անընդհատ օպտիմալացումից և բյուջետային ծախսերից խոսող վարչապետն ու կառավարությունը տվյալ պահանջը բավարարել են և որոշել տրամադրել համապատասխան գումարը: Հասկանալի է, հակառակ դեպքում անհասկանալի վիճակ կստեղծվեր խորհրդարանում: Սակայն այս երևույթն ինքնին բավականին ցցուն է երևում հատկապես այն ֆոնին, երբ կառավարության կառուցվածքային փոփոխությունների և օպտիմալացման արդյունքում կրճատվեցին նախարարություններ, և բազմաթիվ քաղաքացիներ դարձան ու առաջիկայում կդառնան գործազուրկ: Ստացվում է, որ մեր կառավարությունը մի յուրահատուկ երկակի (որոշ դեպքերում՝ բազմակի) ստանդարտների քաղաքականություն է վարում»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկվանից Հայաստանի մայր բուհը՝ Երեւանի պետական համալսարանը, նշում է իր հիմնադրման 100-ամյակը: Այս հոբելյանական միջոցառման շրջանակում կազմակերպվելու է հանդիսավոր միջոցառում, որին հրավիրատոմսեր են ուղարկվել բազմաթիվ հասարակական եւ քաղաքական գործիչների, այդ թվում՝ արտասահմանից: Միակ մարդը, ով հրավիրված չի լինելու միջոցառմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Սա էլ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պատասխանն է վարչապետ Փաշինյանին, ով այցելելով ԵՊՀ՝ հայտարարել էր, թե ցանկություն չունի տեսնել բուհի ռեկտորին»:



 

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն իր գործողություններով մենաշնորհ է հաստատում տնտեսության եւս մեկ ոլորտում՝ ապրուստի տարրական միջոցից զրկելով բազմաթիվ մանր ձեռներեցների: Հարկային վարչարարության խստացման արդյունքում փակվում են գունավոր մետաղների ընդունման կետերը, եւ դա արվում է մեկ կոնկրետ մարդու համար: Ընդ որում՝ մենաշնորհի հաստատման արդյունքում ընկել է ընդունվող մետաղի գինը: Եթե ընդամենը մեկ ամիս առաջ պղնձի կիլոգրամն արժեր 2 հազար դրամ, հիմա արդեն 1600 դրամ է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին