▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը չի հանգստանա, մինչև չմանդատազրկի Ծառուկյանին. Մամուլ

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Գագիկ Ծառուկյանին ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում է հաջողվել խուսափել իշխանական հիերարխիայի «լինչից», մանդատը վայր դնելու պարտադրանքից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, օրվա իշխողը չի հանգստանալու, եւ ինչպես մնացած «ձեռնարկները», այս մեկը եւս փուլ առ փուլ իր լրումին է հասցնելու եւ մանդատազրկելու է Ծառուկյանին: «Այս պահին էլ Ծառուկյանի տասնյակից ավելի օբյեկտներում ստուգումները, «որոնումները» շարունակվում են»,- տեղեկացրեց մեր աղբյուրը: Ի դեպ, Ծառուկյանի մանդատի խնդիրը «Իմ քայլի» վերնախավում քննարկվելու ժամանակ իշխանական էլիտայի որոշ ներկայացուցիչներ, մի շարք պատճառաբանություններով, իրենց կատեգորիկ անհամաձայնությունն են հայտնել մանդատը վայր դնելու առիթով։ Նրանք շատ վախեցած են եղել, որ դրա արդյունքում պառլամենտը կարող է ցրվել, որովհետեւ «Քոչարյանից չպրծած` Գագոյի քեյսը բացելն իմաստ չունի, մանավանդ որ նա կարող է կրիտիկական զանգված հանել փողոց` ի անհրաժեշտություն, եւ այս անգամ ջուր ուղարկել ոչ թե մեզ, այլ Քոչարյանին»:

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցելությունն ԱՄՆ չափազանց անհաջող է եղել: Նրան, չնայած ՀՀ ԱԳՆ-ի եւ դեսպանության բոլոր ջանքերին, չի հաջողվել որեւէ լուրջ մակարդակի հանդիպման արժանանալ: Ավելին, նրան հրաժարվել է ընդունել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նույն այն Բոլթոնը, ով Երեւանում հրաժարվել էր Գրիգորյանի հետ տետ ա տետ հանդիպումից: Գրիգորյանը ստիպված է եղել հանդիպել Բոլթոնի գրասենյակի ներկայացուցչի եւ համայնքային կառույցների հետ: Ի դեպ, նրան սկսել են «Հրանուշ Հակոբյանի տիեզերագնաց» անվանել, քանի որ ԱՄՆ-ում հանդիպել է Բրազիլիայի տիեզերական գործակալության ղեկավար Կարլոս դե Մոուրայի հետ»:

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, հրաժարվել է ՔՊ վարչության անդամի թեկնածությունից եւ ինքնաբացարկ ներկայացրել: Մինչ այդ նկատենք, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում երեկոյան ժամին սկսելու է վարչության անդամի թեկնածուների քարոզարշավը, որին, փաստորեն, Հ. Հակոբյանը չի մասնակցելու: Երեկ Հակոբյանը մեզ հետ զրույցում իր ինքնաբացարկը բացատրեց այսպես. «Որպես վարչության անդամ` կուսակցական գործունեությամբ զբաղվելու, անկեղծ ասած, ժամանակ չունեմ, ինչի համար էլ նաեւ իմ որոշումը կայացրեցի: Որեւէ այլ բան չի եղել իմ որոշման պատճառը: Հավատացե՛ք, խորհրդարանում աշխատանքները շատ են ու ամենօրյա ռեժիմով, այնպես որ, պետք է զբաղվեմ այդ աշխատանքով»:

«Իրատես» թերթը գրում է. «Հենց Նիկոլ Փաշինյանը մի քանի շաբաթ աչքաթող է անում «Իմ քայլը» խմբակցության աշխատանքները, այնտեղ իսկական քաոս է սկսվում։ Ամեն մեկը գիտեցածի չափով փորձում է ինքնադրսեւորվել` ՍԴ-ն ցրել, ԲԴԽ-ն լուծարել, քանդուքարափ անել ձեռքի տակն ընկածը, անգամ սեփական կառավարությունը հարվածի տակ դնել։ Զավեշտն այն է, որ այս խմբակցության անդամները դեռ չեն հասկացել, թե իրենց դերակատարումը որն է։ Պահանջում են, որ կառավարությունը փոփոխություններ անի, օրենքներ ներկայացնի, սակայն մոռանում են, որ օրենքները ծնվում են ԱԺ-ում, այդ կառույցի հիմնական դերակատարումը հենց օրենքներ մշակելն է, ոչ թե աջ ու ձախ անհարկի ու անտեղյակ հայտարարություններ անելը։ Աբսուրդն այնտեղ է հասել, որ խորհրդարանական երկրում բացարձակ մեծամասնություն ունեցող ուժը սեփական նախաձեռնությամբ ոչինչ անելու ունակ չէ, միշտ ու ամենուր Նիկոլ Փաշինյանի հրահանգն է պետք, առանց դրա չեն կարող անգամ կես քայլ անել։ Այս ամենին գումարվում է նաեւ խմբակցությունում առկա տարբեր թեւերի շահերի բախումը։ Մեր տեղեկություններով, խմբակցության ներսում արդեն դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանից, սակայն առայժմ միայն վստահելիների շրջապատում են այդ մասին բարձրաձայնում։ Նույն աղբյուրի պնդմամբ, հեռու չէ այն օրը, երբ խմբակցությունում տրոհումն ակնառու կլինի։ Որքան Փաշինյանի վարկանիշն ընկնում է, այնքան նավից հեռացողների, նրանից «պոկվող» թեւերի բանակն ստվարանում է։ Եվ սրանում տարօրինակ ոչինչ չկա, առանց գաղափարական հենքի իրար գլխի հավաքված մարդիկ, որոնք ընդամենը մեկ ընդհանրություն ունեն՝ միասին խաչմերուկ ու փողոց են փակել, չեն կարող քաղաքական ճանապարհ անցնել ու համատեղ ազգային հարցեր լուծել»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորների վեթինգի գործընթացն սկսելուց առաջ «Իմ քայլում» ցանկանում են էս գլխից կանխել արտահոսքերի հնարավորությունները եւ քննարկումներն իրականացնել նեղ կազմով: Հատ-հատ աշխատում են լրագրողների վրա` հասկանալու համար, թե ով է թիմից արտահոսք կազմակերպում։ Գայթակղիչ առաջարկներ են անում, միայն թե ասեն` ումից են ինֆորմացիա ստանում: Նախորդ օրը իրենց փակ նիստից «արտահոսքի» թեման քննարկվել է խմբի «չատում», եզրակացությունը մեկն է եղել՝ «արտահոսքը թիկունքից հարված է, դավաճանություն», բայց կարծիք է հնչել, որ ԱԺ 334-րդ սենյակում «ժուչոկ» է դրված՝ այդքան մանրամասն հնարավոր չէ փոխանցել: Այդ իսկ պատճառով «Իմ քայլը» ֆրակցիան մյուս փակ նիստն անցկացրել է Սայաթ-Նովայի «անժուչոկ» գրասենյակում։ Նրանց հետ հանդիպել է կառավարությունից «գործուղված» կոորդինատոր-մասնագետը, որն իմքայլականներին հրահանգել է խոսել, կարծիքներ հայտնել, նախահարձակ լինել ու ո՛չ երբեք պաշտպանվել։ Օրակարգ ձեւավորել, թելադրել. «Մեզ ասվեց` ոչինչ, կարող եք նաեւ սխալվել, ձեր սխալների վրա սովորել, սակայն այս փուլում եղեք ակտիվ, հայտնեք ձեր մոտեցումները, կարծիքը, մի թողեք դաշտը ընդդիմադիրները լցնեն իրենցով»: Ի դեպ, դրան անմիջապես հաջորդել է Լենա Նազարյանի կոչը` դատավորների հետ կապված «գործ» տալու մասին»:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պնդում են, որ առաջիկայում հնարավոր է, որ իրենք էլ հանրահավաք կազմակերպեն: Դրա միակ նպատակը լինելու է ցույց տալ, որ գործող իշխանությունը շարունակում է վայելել հասարակության աջակցությունը եւ ունի հանրային հենարան: Նման հանրահավաքի անցկացման խիստ անհրաժեշտություն առաջացավ դատարանները շրջափակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո, երբ դատարանների մոտ հավաքվել էր 20-30 մարդ, ինչը առիթ տվեց մտածելու, որ վարչապետ Փաշինյանը այլեւս կորցրել է հանրային աջակցությունը»:

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։ Նախկինում այդ պաշտոնն զբաղեցնում էր Լյովա Երանոսյանը, որն այժմ մեղադրվում է 2018-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, Վահե Ղազարյանը, նախքան այս պաշտոնում նշանակվելը, Տավուշի մարզային վարչության պետն էր: «Փաստ» թերթի տեղեկություններով, Ղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համադասարանցին է: Փաստացի, վարչապետը շարունակում է վերադիրքավորումներն ու պատասխանատու մի շարք պաշտոններ իր մտերիմներով համալրումը, ինչպես խոսում են կուլիսներում, ամեն կերպ ապահովագրվելով հնարավոր ցանկացած անցանկալի իրադարձություններից»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է դատաիրավական ոլորտում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին: «Վստահ եմ՝ մինչեւ իշխանության հստակ քայլերն ու հաստատակամությունը չերեւա, որեւէ դատավոր հրաժարական չի տալու: Հատկապես վերջին տարում մեր երկրում խոսքը ոչ միշտ է գործի վերածվում: Տեսնենք՝ առաջիկա օրերին ինչ զարգացումներ կլինեն: Իրավիճակը լավագույններից չէ, ինչպես ասում են, բայց անլուծելի խնդիր չկա: Աշխատել է պետք»,-ասել է նա: Միաժամանակ, Մանուկյանի համար արդեն ծիծաղելի է հեղափոխություն, հակահեղափոխություն արտահայտություններն օգտագործելը: «Ի՞նչ ասել է հեղափոխական, գործադի՞րն է հեղափոխական, որտեղ 99 տոկոսով նախկին համակարգից եկած կադրերն են աշխատում, թե՞ օրենսդիրը, որն իր աշխատաոճով, պրոֆեսիոնալիզմով ու տեմպերով զիջում է նաույնիսկ ՀՀԿ-ի խորհրդարանին»,-ասել է նա»:

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի դիմումը անակնկալ է եղել ոչ միայն աշխատակազմի, այլ անգամ ընտանիքի համար: Ճիշտ է, Սիմոնյանը երկար ժամանակ բողոքում էր, որ իր բոլոր քայլերը խոչընդոտվում են, որ իրեն թույլ չեն տալիս աշխատել, բայց նա որոշել էր դիմադրել: Սիմոնյանի դիմադրությունը, ամենայն հավանականությամբ, հնարավոր է եղել կոտրել այն ժամանակ, երբ նա տեղեկացել է, որ իշխանությունները որոշել են հոգաբարձուների նոր խորհուրդ ձեւավորել, եւ Սիմոնյանը վճռել է ինքնակամ հեռանալ, քան պարտադրաբար հեռացվել»:

 

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում մշակույթի փոխնախարարի պաշտոնի համար քննարկվում է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարինե Թուխիկյանի թեկնածությունը: Մշակույթի ոլորտում պետք է լինի 2 փոխնախարար։ Պատգամավորը մեր տեղեկությունը չհերքեց․ «Թեթեւ քննարկում է եղել, բայց պատասխան եւ վերջնական որոշում դեռ չկա ո՛չ իմ կողմից, ո՛չ կառավարության»: Բայց գործադիր տեղափոխվելուց առաջ Ն․Թուխիկյանը «որոշ հարցեր» պետք է ճշտի, որից էլ կախված, կորոշի՝ տեղափոխվե՞լ, թե՞ ոչ․ «Աշխատանքի հետ կապված հարցեր են, անշուշտ»։ Մտածում եք, որ գործադիրում աշխատանքն ավելի՞ ծանրաբեռնված է։ «Ոչ։ Իհարկե, ավելի ծանր է, ավելի քիչ է վարձատրվում, հարցը դա չէ, այլ աշխատանքի, լիազորությունների մասին է, ես երբեք ծանրությունից չեմ վախեցել»։ Իսկ գուցե պետք է ճշտեք՝ լինելու եք «տեղապահ» փոխնախարա՞ր, թե՞ ոլորտի քաղաքականություն մշակող։ «Ես կպատասխանեմ այսպես, որ եթե իմ պատկերացումները եւ կառավարության կամ նախարարի պատկերացումները նույն ուղղության են, մեր տեսլականը մեծ հաշվով նույնն է, այդ դեպքում չի բացառվում։ Այդ հարցերը դեռ բաց են, դրա համար եմ ասում, որ վերջնական չէ»։

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, առաջիկա ամռան ընթացքում գործադիր իշխանության մի շարք պաշտոնյաներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Խոսքը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատումների մասին չէ: Բան այն է, որ, մեր աղբյուրների պնդմամբ, քիչ չեն այնպիսի պաշտոնյաները, որոնք, լինելով պրոֆեսիոնալներ, իշխանափոխությունից հետո համաձայնել են աշխատել (կամ մնալ աշխատելու) վարչապետի աշխատակազմում եւ նախարարություններում, սակայն ժամանակի ընթացքում պարզապես հիասթափվել են՝ համաձայն չլինելով նոր իշխանությունների գործելաոճի ու մոտեցումների հետ: Եվ քանի որ, որպես կանոն, իշխանության ղեկավար կազմի շատ ներկայացուցիչներ չունեն հակառակ տեսակետ լսելու ունակություն եւ ցանկություն («ճիշտը մենք ենք»), ուստի այդ մարդիկ չեն ցանկանում լինել կամակատար եւ անիմաստ են համարում իրենց հետագա պաշտոնավարումը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին