▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտոնյալ պաշտոնյաները. նրանց թվում է Արմեն Աշոտյանի բաջանաղը

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունում սպասվող կադրային փոփոխությունները կարող են առնչվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Գրիգորյանը պետք էր այնքան ժամանակ, քանի դեռ նա համարում էր, որ Գրիգորյանը տնտեսության մեծ գիտակ է: Մինչդեռ Գրիգորյանն այդպես էլ որեւէ տնտեսական հրաշք չգործեց, բացի իր անձնական հարցերը լուծելուց: Նա այդպես էլ չդարձավ թիմի անդամ, քանի որ կառավարություն էր եկել «Արդշինբանկից», որը կապվում էՌոբերտ Քոչարյանի հետ: Ըստ մեր աղբյուրի՝ Գրիգորյանին կարող է փոխարինել ուժային կառույցներից մեկի ղեկավարը, ամենայն հավանականությամբ՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը»:


 

 

 

 

 

 

 

 

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանության առաջին դեմքի մակարդակով շատ ծանր են տարել «Գելափի» հարցումը, ըստ որի` երկու ուժայինները` Տոնոյանն ու Վանեցյանը, անչափ բարձր ռեյտինգ ունեն: Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, այդ «ցուցանիշներից» առաջ էլ իշխանության առաջին դեմքի մակարդակով փորձ էր արվում Դավիթ Սանասարյանի գործը այնպիսի նրբությամբ «գործարկել», որ համ ոչխարները կենդանի մնան, համ գայլերը` կուշտ։ Ասել է` Ռուսաստանը բավարարված զգա իրեն` Պուտինին «ֆուկ» անող Սանասարյանին գործից հանելու, անկյուն քշելու նոմինացիայով, համ էլ Վանեցյանին` ռեյտինգով Նիկոլին հավասարվելու, մնացյալ սորոսականներին անկյուն չքշելու առումով: Նույն աղբյուրների փոխանցմամբ դատախազությունում Սանասարյանի գործն «արագ տեմպերով յուրօրինակ «ստուկ» է տվել` Քոչարյանի դատին վազքով մասնակցող գլխավոր դատախազի թեթեւ ձեռքով, դրա համար էր Վանեցյանը պահանջում է իրականացնել համակարգային վեթինգ` դատարանների, դատախազների եւ մնացյալների նկատմամբ»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինըզանգահարելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան ծննդյան տոնի առթիվ շնորհավորելու համար: Չնայած լարված հարաբերություններին, ռուսական կողմը պահպանում է քաղաքավարության բոլոր նորմերը»:

 

«Իրատես» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայապետյանն ու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն օրեր առաջ Արցախում են եղել ու հանդիպումներ ունեցել նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի եւ այլ պաշտոնյաների հետ: «Հանդիպումները հիմնականում փակ են եղել, օրակարգում՝ հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականությունը: Երկուստեք դժգոհել են նոր կառավարիչների քայլերից: Հատկապես դժգոհ ու վրդովված է եղել Ռուբեն Հայրապետյանը,- ասաց «Իրատեսի» աղբյուրը։ Արցախի իշխանություններն էլ իրենց հերթին են դժգոհել, մանավանդ վերջին զարգացումներից եւ Ազատության հրապարակում հնչած կոչերից: Ընդգծել են նաեւ, որ երկրի նորօրյա պատմության մեջ առաջին անգամ Արցախը պաշտոնապես չի մասնակցել ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառմանը՝ Հայաստանի առաջին հանրապետության տոնին»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունում հունիսի կեսերին սպասվող կադրային փոփոխությունների շրջանակում սպասվում են մի շարք մարզպետների պաշտոնանկություններ: Բայց որպեսզի նրանց շատ չնեղացնեն, նրանք աշխատանք կստանան կառավարությունում՝ փոխնախարարների կարգավիճակով: Իշխանությունը շատ դժվարությամբ է գնալու կադրային կտրուկ փոփոխությունների, քանի որ դա կնշանակի ընդունել կադրային քաղաքականության տապալման փաստը, ինչը հանրային քննարկումների թեմա է»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանինհարցրինք` տեղեկություններ կան, որ ոչ այնքան փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, որքան «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ղեկավար տիկին Աննա Հակոբյանի հետ են Ձեր տարաձայնությունները՝ ծխախոտի «ինդուստրիայի», բարեգործական գումարներ «կորզելու» անթույլատրելի պրակտիկայի շուրջ․ Դուք ասել էիք, որ «համաշխարհային շատ մեծ հակաքաղցկեղային միությունները նշում են, որ որեւէ կերպ չի կարելի համագործակցել ծխախոտային ինդուստրիայի հետ եւ ակնկալել որեւէ գումար, որպեսզի չբարձրացվի դրանց դրական վարկանիշը»: Հիմնադրամում, եթե մեղմ ասենք, «չեն հասկացել», արդյունքում հարաբերությունները բավականին լարված են։ «Իմ հարաբերությունները բոլորի հետ շատ լավ են` շատ»: Կարծո՞ւմ եք. քննարկումներ չե՞ն ընթանում «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանին առողջապահության նախարար նշանակելու ուղղությամբ։ «Ե՞վ»: Եվ` Դուք պատրաստվո՞ւմ եք լքել Ձեր պաշտոնը։ «Որեւէ խնդիր, կարծում եմ, չկա, ամեն բան շատ հարթ ընթանում է»:



 

«Իրավունք» թերթը գրում է. «Դեղերի փորձագիտական կենտրոնի» եւ «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի» աշխատակիցները շուրջ մեկ ամիս շարունակ չեն կարողանում տալ «Avastin» դեղամիջոցի փորձագիտական եզրակացության պատասխանը: Հիշեցնենք, որ դեղամիջոցի կիրառման արդյունքում ութ մարդ հասել է կուրության շեմին: Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ փորձաքննության արդյունքները 15-օրյա ժամկետում պատրաստ կլինեն: Դա էլ է շատ երկար ժամանակ՝ հաշվի առնելով, որ փորձաքննության ամեն մի օրվա ուշացումը, այսինքն մարդկանց հետ կատարվածի պատճառները չպարզելը կարող է բազում այլ մարդկանց համար խնդիր դառնալ: Բայց ահա ամիսը լրացավ, բայց նախարարությունից, ի պատասխան մեր հերթական հարցման, կրկին ստացանք հետեւյալ պատասխանը. «Արդեն ասել ենք. երբ պատրաստ լինի, կհրապարակենք»: Ուրիշ ոչինչ: Ստացվում է, որ 8 քաղաքացու կյանքը, որոնք կանգնել էին տեսողությունը կորցնելու վտանռի առջեւ՝ նրանց համար հեչ էլ կարեւոր չի: Չնայած, երեւում է, դեղը ներկրող Սամվել Ալեքսանյանին առողջապահության նախարարն ու նրա շեֆն այնքան են սկսել բարձր գնահատել, որ հրատապ փորձաքննությունը փորձում են ամեն կերպ ձգել: Չնայած, ի վերջո, ստիպված կլինեն մի օր արդյունքները հրապարակել, թաքցնելն անհնար է»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է հարցին, որ որպես թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում իրեն սատարելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գիտեք, էթիկապես ճիշտ չեմ համարում այդ մասին հիմա խոսել: Կարող եմ մի բան հստակ ասել` Արցախի ներկա եւ ապագա բոլոր իշխանությունները պետք է շատ ջերմ եւ փոխհամաձայնեցված հարաբերություններ ունենան ՀՀ իշխանությունների հետ: Մենք երկու պետություն ենք, մեկ՝ հայրենիք: Այս սկզբունքով պետք է առաջնորդվի յուրաքանչյուր պետական բարձրաստիճան հայ պաշտոնյա: Դա իմ խորին համոզմունքն է»,- պնդել է Հարությունյանը: Ինչ վերաբերում է իր հաղթանակին, Հարությունյանն ասել է. «Բազմիցս հայտարարել եմ, որ ընտրապայքարը պետք է ծավալվի ծրագրերի միջեւ: Ինչքանով կապահովվի իմ հաղթանակը, միանշանակ կախված կլինի, թե որքանով ընդունելի կլինեն այն ծրագրերը, որը կներկայացնեմ Արցախի ժողովրդին»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի մասով հարուցված քրեական գործի շրջանակներում երկուշաբթի օրը քննչական մարմինները խուզարկություն են կատարել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Բեգլարյանի տանը կից տարածքում գտնվող ավտոտնակում։ Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը՝ պարզաբանելով․ ««Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, այդ թվում՝ ձեր նշված անձին պատկանող տարածքում»: Մենք տեղեկություն ունենք նաեւ, որ Բեգլարյանը սույն գործի շրջանակներում առաջիկայում մեղադրյալի կարգավիճակ կստանա, թեեւ ինքը՝ Բեգլարյանը, դա հերքում է։ Անցած ամիս նա վկայի կարգավիճակում հարցաքննության է կանչվել»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը, որը որոշել է «Սանիթեքին» դուրս մղել աղբահանության եւ սանմաքրման ասպարեզից ու այդ նպատակով 5 հատ «ԿամԱԶ» աղբահավաք մեքենա է ձեռք բերել, որ համայնքային կառավարման հիմնարկի միջոցով իրականացնի աղբահանությունը, այժմ հաջորդ խմբաքանակի «ԿամԱԶ»-ների «գինն» է որոշել գանձել «Սանիթեքից»։ Մոտավորապես այսպիսի մեխանիզմ է գործում․ քաղաքապետարանը «Սանիթեքին» է ուղարկում «համապատասխանության ծանուցում»՝ նշում են այն հասցեն, որտեղ կա աղբահանության խնդիր, եւ «Սանիթեքը» պետք է աղբը վերացնի ու լուսանկարներ ուղարկի քաղաքապետարան, որ տարածքը մաքրված է։ Եթե լուսանկարներ չեն ուղարկվում, «ձախողման ակտ» է կազմվում, որի հիման վրա «Սանիթեքը» տուգանվում է։ Ընդ որում՝ տուգանքի չափը պրոգրեսիվ սկզբունքով աճում է՝ նախորդ անգամները տուգանել են 13, ապա՝ 26 միլիոն դրամ, հաջորդը, հավանաբար, ավելի մեծ թիվ կլինի։ Լավատեղյակ աղբյուրը պնդում է, որ այս տուգանքներով փորձում են «Սանիթեքից» ստանալ «ԿամԱԶ»-ների գումարը։ Իսկ «Սանիթեքը» վերջին տարիներին հարյուրավոր նամակներ է գրել քաղաքապետարանին՝ հիմնավորելով, որ անհրաժեշտ է գոնե 10 տոկոսով բարձրացնել աղբահանության գումարը, քանի որ իրենց պայմանագիրը կնքելու պահից հետո մեծապես աճել է աղբի քանակը, իսկ իրենց տրամադրվող գումարները մնացել են նույնը, ինչը պայմանագրի պայմանների խախտում է»:

 

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության իրավապահներն օրերս ուշագրավ դեպք են բացահայտել ՊԲ զորամասերից մեկում: Մասնավորապես իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը և բաքի մեջ ջուր լցրել: Ավելին՝ իրավապահները պարզել են, որ այդ ամենի հետևանքով 11 մարտական մեքենաներ տեխնիկական խնդիրների առաջ են կանգնել, և որոշում է կայացվել դրանք չշահագործել: Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեից հաստատեցին կատարվածի մասին մեր տեղեկությունները՝ հայտնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ գողության հատկանիշներով: Քննությունը շարունակվում է»:

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում, պարզվում է, դեռ կան արտոնյալ պաշտոնյաներ, որոնք, չնայած երկրում կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարին, իրենց ունեցվածքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագիր չեն ներկայացրել: Նրանց թվում են առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն ու իր տեղակալներից Սամվել Սողոմոնյանը՝ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի բաջանաղը:

Այս կառույցից հայտարարագիր ներկայացրել է միակ բարեխիղճ պաշտոնյան` Էմին Ավետիսյանը, այն էլ, ըստ Էդգար Խուրշուդյանի, սխալվել է: «Մեզանից չի պահանջվում, դրա համար չենք ներկայացրել, օրենքի խախտում ա, խախտում չէ, էդ կինոները հետո թող մնան»,-«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ասաց նա: Պարզվում է` տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը համապատասխան «կոդ» չունի, որպեսզի հայտարարագիրը ներկայացնի:

«Մինչեւ դա չլինի, մենք չենք կարող դա ներկայացնել: Այն տեսչական մարմինների ղեկավար անձինք ունեցել են այդ կոդը եւ հայտարարագիր են ներկայացրել, բայց մեր տեսչական մարմինը չունի»,- արդարացավ իրավաբան ներկայացած Եսթեր Զադոյանը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին