▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտպանության նախարարի խորհրդականը՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ հանդիպմանը

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում միջգերատեսչական պայքար է հասունացել. Ջերմուկ եւ Նոյեմբերյան համայնքների ավագանիները դուրս են եկել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության դեմ: Պատճառը նախորդ տարվա ընթացքում երկու համայնքների ավագանիների կողմից մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին որոշումներն են, որոնք նախարարությունը պահանջում է անվավեր ճանաչել, քանի որ կարծում են՝ ավագանին նման որոշումներ կայացնելու իրավասություն չուներ:

«Ընդերքի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում քաղաքականություն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Բայց համայնքների ավագանու անդամները շարունակում են պնդել, որ իրենք ճիշտ որոշում են կայացրել, եւ հրաժարվում են անվավեր ճանաչել ընդունած որոշումը: Իսկ այս ամենի արդյունքում նախարարությանը մնում է դիմել դատարան` ընդդեմ ավագանու»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, օրենսդիր իշխանությունը յուրօրինակ միջոցառում է կազմակերպել։

Ավանդաբար, այդ օրը ԱԺ այգում երեխաների համար բաց դռների օր էր անցկացվում․ այսօր տարածքը կընդլայնվի, վաղ առավոտից կփակվի Բաղրամյան պողոտան, որտեղ իշխող ուժի պատգամավորները մանուկների համար հեքիաթ կկարդան։

Միջոցառմանը հրավիրված են նաև երեխաներ մարզերից, սահմանամերձ գյուղերից: Ի դեպ, այսօր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է, նա կարճատև արձակուրդում է»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի ընտրությունները «Իմ քայլի» համար դարձել են կյանքի ու մահվան խնդիր: Բանը հասել է այնտեղ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարգադրել է «Իմ քայլի» պատգամավորներին օգտագործել իրենց ունեցած անձնական կապերն ու ծանոթությունները ՔՊ թեկնածուի հաղթանակն ապահովելու համար:

ՔՊ-ում համարում են, որ ԲՀԿ-ական Վահագն Գեւորգյանի հաղթանակը կարող է վատ նախադեպ լինել եւ ցույց տալ, որ ՔՊ-ն ամենակարող չէ»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվելուց հետո հանդիպել է իր աջակիցների հետ: Այդ հանդիպման մասնակիցների թվում է եղել նաեւ Քոչարյանի ղեկավարման օրոք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը, որ Սերժ Սարգսյանի օրոք էլ աշխատել է ՊԵԿ փոխնախագահ, հետո ՀՀ ՊՆ խորհրդական:

Այդ միջոցառմանը Վահրամ Բարսեղյանի մասնակցությանն ուշադրություն չէինք դարձնի (ի վերջո, բնական է, որ նա պետք է աջակցի նախկին ղեկավարին), եթե չլիներ մեկ կարեւոր հանգամանք. նա նաեւ թավշյա հեղափոխությունից հետո շարունակել է պաշտոնավարել ՀՀ ՊՆ-ում՝ որպես նախարարի խորհրդական:

Ուստի, «Ժողովուրդ» օրաթերթը Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Բարսեղյանն այսօր է՞լ է շարունակում պաշտոնավարել: Ա. Հովհաննիսյանը նշեց, թե Վ. Բարսեղյանը նախկինում եղել է այդ հաստիքում նշանակված, սակայն հիմա այլեւս չի աշխատում:

Հարցին` մինչեւ երբ է Բարսեղյանը պաշտոնավարել, Հովհաննիսյանը հստակ պատասխան չտվեց` ասելով, որ գրավոր հարցում ուղարկենք: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ Բարսեղյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին»։

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սպասվող համագումարին ընդառաջ՝ նոր կանոնադրությունն ու ծրագիրն արդեն պատրաստ են։

Ի տարբերություն գործող կանոնադրության, նորով վարչության նախագահի ընտրությունը վերապահվում է ոչ թե վարչության անդամներին, այլ՝ համագումարին։ Արդյոք այս փոփոխությունը նշանակո՞ւմ է, որ ՔՊ-ական պատվիրակների համար վարչության նախագահի ամենաընդունելի թեկնածուն կլինի Նիկոլ Փաշինյանը՝ երեկ հարցրինք կանոնադրության նոր փաթեթի մշակման համակարգող, պատգամավոր Վահագն Հովակիմյանին։

«Ոչ, իրականում վարչապետը՝ ինքը, այս տարիների ընթացքում քանի անգամ ինքնաբացարկ է ներկայացրել, հանել է թեկնածությունը, երբ առաջադրել են»։ Այս անգա՞մ էլ կհանի։ «Այո, ինքը բազմիցս է խոսել իր մոտեցման մասին»։

Որոշ տեղեկություններով՝ վարչության նախագահի ամենահավանական թեկնածուները  Սուրեն Պապիկյանն ու Արայիկ Հարությունյանն են։ Վահագն Հովակիմյանը նշեց, որ վարչության նախագահի ընտրության կարգի տեխնիկական փոփոխությունը պայմանավորված է «Կուսակցությունների մասին» օրենքով․ «Կուսակցությունների մասին» օրենքն է նոր կարգավորումը տալիս, որ պարտադիր պետք է համագումարն ընտրի վարչության նախագահին»։

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցները հայտարարություն էին տարածել, որ մայիսի 29-ի գիշերը Սեւան-Մարտունի ճանապարհահատվածին կրակել են իրենց համակիրների մեքենայի ուղղությամբ, կրակողներն էլ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի մտերիմներն են, որոնք ավելի ուշ ձերբակալվել են:

Մինչ այս գործով նախաքննություն է ընթանում, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան: Դեպքից մեկ օր առաջ այդ նույն մեքենայով ՀՀ է եկել Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի որդին, որը, սակայն, ճանապարհին իջել է, իսկ մեքենան ուղեւորվել է Երեւան, հաջորդ օրը վերադարձել դեպի Արցախ: Կասկածներ կան, որ ճանապարհին հնչած կրակոցներն իրականում «ուղղված են» եղել Մարտակերտի քաղաքապետի որդուն, թեեւ ինքը չի եղել մեքենայի մեջ:

Արցախում տարածված լուրերի համաձայն` այս երկու թիմերի միջեւ դեռ հունվարին վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, անգամ հիմա դատավարություն է ընթանում: Չի բացառվում` Սեւան-Մարտունի ճանապարհին կատարվածը դրա հետեւանք է: Մեկնաբանությունների համար դիմեցինք Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին, սակայն նա նշեց, թե ոչինչ չի կարող ասել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին