▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ քայլում» միակարծիք են Ծառուկյանի հարցում. նա չպետք է լինի ԱԺ-ում. կա մի բան, որ նրանց նյարդայնացնում է

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունում շատ քիչ հարցերի շուրջ են բոլորը միակարծիք։ Նման հարցերից է Գագիկ Ծառուկյանի հանդեպ վերաբերմունքը։ Ոմանք ավելի խիստ են տրամադրված, մի մասը կարծում է, որ դա մեղմորեն է պետք անել։ Բայց միակարծիք են՝ Ծառուկյանը չպետք է լինի խորհրդարանում։ Նրանք նաեւ նյարդայնանում են, որ Ծառուկյանը զանգում, հանդիպում է Նիկոլ Փաշինյանին։ Մի քննարկման ժամանակ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ասել է․ «Մենք պիտի հասնենք նրան, որ Ծառուկյանը զանգի միայն Լիլիթ Մակունցին, չհամարձակվի կապվել վարչապետի հետ»։ Շատերը համաձայնել են նրա ասածին»:


 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս աշխատանքից ազատվել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի եղբայրը՝ Մհեր Անանյանը, որը զբաղեցնում էր Ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհրդի ղեկավարի պաշտոնը: Չի բացառվում, որ Մհեր Անանյանը «զոհ է գնացել» Դավիթ Անանյան-Ատոմ Ջանջուղազյան առկա հակասությանը, կամ էլ այս աշխատանքից ազատվել է ավելի լավ պաշտոն զբաղեցնելու ակնկալիքով»:



 

«Հրապարակ» թերթը գրում է. ««Վարչապետը վերադարձել է և ակտիվ աշխատում է»,- ասաց վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Իսկ ե՞րբ եք մեկնելու Սանկտ Պետերբուրգ` միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու։ «Հունիսի 6-ին»: Նույն օ՞րն է տեղի ունենալու Պուտին-Փաշինյան հանդիպումը։ «Երբ պաշտոնապես հաստատվի, կհաղորդենք այդ մասին»: Հաստատ տեղի ունենալու է, այնպես չէ՞։ «Կհաստատվի, կասենք»: Ի դեպ, վարչապետն իր կարճատև հանգիստն անցկացրել է Ենոքավանում գտնվող «Ապագա ռեզորտ» համալիրում, որը պատկանում է ՔՈ կուսակցության ռեյտինգային թեկնածու, «Ապագա տուր» ՍՊԸ տնօրեն Արտակ Չիբուխչյանին: Ինչո՞վ բացատրել այդ նախընտրությունը՝ հարցրինք պարոն Կարապետյանին։ «Դա վարչապետի ցանկությունն էր, ինքն էր որոշել այնտեղ հանգստանալ»: Ի դեպ, հիշենք, որ արմատներով Նիկոլ Փաշինյանը ևս Ենոքավանից է: Նրա ծննդյան օրը բավականին էկզոտիկ, շենշող է կազմակերպվել, հատուկ վրաններ են եղել, այլ և այլ «պրելեստներ»։ Ենոքավանում կառուցվում է աշխարհում ամենաերկար` 2680 մ Զիփլայնը»։


«Իրավունք» թերթը գրում է. «Կարծես թե սկսում է հաստատվել ավելի վաղ արված մեր այն ենթադրությունը, որ հայկական պաշտոնական դիվանագիտությունը փորձում է վերադառնալ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածություններով սահմանված՝ շփման գծում հրադադարի խախտումների մեխանիզմների ներդրման գաղափարին, որը փաստացի թաղվել էր Դուշանբեի՝ Ալիեւ-Փաշինյան «վերելակային» պայմանավորվածությունների արդյունքում: Հիշեցնենք՝ նման ազդակ էր օրերս ԱԳՆ-ի հնչեցրած հայտարարությունը, որտեղ այս միտքն էր ընդգծված. «Վերջին միջադեպն ընդգծում է հնարավորինս սեղմ ժամկետներում հրադադարի խախտումների ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմի ներդրման վերջնականացման եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հրատապությունը՝ համաձայն Ադրբեջանի՝ 2016թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունների»:ԱԳՆ-ի հիշատակած հայտարարությունից հետո, իշխանական (եւ ոչ միայն) քաղաքական մեկնաբաններն ու վերլուծաբանները սկսեցին ակտիվորեն միանալ այդ գաղափարին, թե պետք է օր առաջ կյանքի կոչել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Ու դրան զուգահեռ էլ, զգացվում է, որ հատկապես արեւմտյան ուղղվածություն ունեցող մեր տեղական քարոզչամեքենան եւս փորձում է ակտիվորեն առաջ տանել այդ նույն մոտեցումը: Բնականաբար, նույն տեսլականին արագորեն միացավ նաեւ Ստեփանակերտը. Արցախի ԱԳ նախարարության հայտարարության համաձայն. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմը վերահսկող միջազգային մեխանիզմների ներդրումն անհետաձգելի է»: Իհարկե, կարելի է հասկանալ Արցախի այդ պաշտոնական մոտեցումը. Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման պահանջներից Ստեփանակերտը երբեւէ հետ չէր էլ կանգնել, հիմա խոսում են նույն բանից, ինչը պնդել են մշտապես»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօրվանից ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկելու է ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, իշխանության ներսում խնդիր է դրված, որ բյուջեի կատարողականն ԱԺ-ում ներկայացնեն միայն գործադիր իշխանության առաջին դեմքերը` նախարարները, վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ասվել է, որ այս հարցում բացառություններ չպետք է լինեն: Անգամ նշվել է, որ եթե կան գործադիրի անդամներ, որոնք գործուղման են, պետք է այնպես անեն, որ հասցնեն ներկայանալ իրենց ոլորտի վերաբերյալ քննարկումներին: Ի դեպ, մեր տեղեկություններով` եղել են նախարարներ, որոնք ցանկացել են խուսափել այդ քննարկումներին ներկա գտնվելուց, սակայն ապարդյուն: Թե առաջադրված պահանջը որքանով կիրականացվի, պարզ կդառնա արդեն այսօրվանից: Մինչ այդ նկատենք՝ ԱԺ ներկայանալու պահանջը պատահական չէ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, մշտապես քննադատել է այդ ժամանակվա իշխանություններին բյուջեի կատարողականները ներկայացնելու նպատակով տեղակալներին ԱԺ գործուղելու համար: Հավանաբար նաեւ այդ պատճառով է, որ իշխանությունները որոշել են այս անգամ ԱԺ ներկայանալ առաջին դեմքով»:


 «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը օրերս տեղեկացրել էր, որ այժմ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդական, նախկինում նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանն օրերս մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքին: Բարսեղյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր ու Քոչարյանի հարաբերությունները քաղաքական չեն, եւ ինքը հանդիպմանը եղել է, որպեսզի Քոչարյանին փոխանցի Սանկտ Պետերբուրգի նահանգապետի նվերը` զինվորական պրոֆեսիոնալ ծովային հեռադիտակ: «Խնդրում եմ այդ հանդիպումը չքաղաքականացնել: Այդ հանդիպմանը գնացել եմ Ռոբերտ Քոչարյանի որպիսությունը իմանալու եւ, առիթը օգտագործելով, Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կողմից փոխանցված նվերը անձամբ նրան հանձնելու,- ասել է նա՝ հավելելով.- պարոն Տոնոյանի հետ խոսել եմ այս մասին: Իրար հետ կիսվել ենք, իրար ամբողջովին հասկացել ենք»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունների գործելաոճը, հատկապես կադրային քաղաքականության առումով, ոչնչով չի զիջում նախորդ իշխանության՝ ՀՀԿ-ականների գործելաոճին, որոնք ամեն կերպ համակարգը լցնում էին իրենց խնամի, ծանոթ, բարեկամներով: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աները՝ Զոնիկ Մարգարյանը, նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի տեղակալ: Հայտնի է, որ Ալեն Սիմոնյանն ու Վիկտոր Մնացականյանը ջերմ հարաբերություններ ունեն: Զոնիկ Մարգարյանը նախկինում եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը և այդ պաշտոնից ազատվել է 2010 թվականին»:

«Փաստ» թերթը գրում է. «Հաշվի առնելով, որ թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ տասը տարվա մշտական բնակության հետ կապված խնդիրներ կան, Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ նախատեսում է Ղարաբաղում այս տարվա մարտից ստորագրահավաք սկսել։ Գործընթացը ձգձգվեց: Երեկ Բաբայանն արդեն սկսել է այդ ստորագրահավաքը, որպեսզի Սահմանադրության մեջ կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա ՀՀ-ում հաշվառված քաղաքացիներին Արցախում առաջադրվել նախագահական ու խորհրդարանական ընտրություններին: Բացի նրանից, որ հայաստանյան իշխանությունները բավականին վատ են վերաբերվում Սամվել Բաբայանի քաղաքական ակտիվացմանը, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս մասով էլ մտահոգություն ունեն, քանի որ անհանգստանում են, թե դրանով հիմքեր կստեղծվեն ոչ միայն Սամվել Բաբայանի, այլեւ ընդհանրապես ՀՀ-ից այլ առաջադրումների առումով»:

«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկայում մարզային իշխանություններում լուրջ փոփոխություններ են նախատեսվում, մասնավորապես, «Փաստ» թերթի տեղեկություններով, իրենց պաշտոններին հրաժեշտ կտան ոչ միայն մի քանի փոխմարզպետներ, այլեւ որոշ մարզպետներ: Մասնավորապես ակտիվորեն խոսվում է Լոռու, Կոտայքի, Արագածոտնի մարզպետների մասին: Այս ցուցակը կարող է եւ վերջնական չլինել: Ընդհանուր առմամբ՝ իրականում ՏԻՄ համակարգում առկա է լուրջ դժգոհություւն՝ կապված ՏԻՄ օրենքում նախատեսված փոփոխությունների հետ: Բանն այն է, որ իշխանություններն իրենց առաջ նպատակ են դրել ազատվել փոխմարզպետների ինստիտուտից: Սա «Քաղպայմանագրի» թիմում դժգոհություններ է առաջացրել՝ «քայլել ենք, որ ազատե՞ք»: Բանն այն է, որ եթե մարզպետների փոփոխության դեպքում, ըստ լուրերի, նրանց անպաշտոն չեն թողնի, ապա փոխմարզպետների դեպքում դժվար կլինի բոլորին «տեղավորել»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը այս պահին պաշտոնական արձակուրդում է: Ըստ մարզպետի մերձավոր շրջապատի՝ նա արձակուրդից չի վերադառնա մարզպետարան, քանի որ կլինի այն մարզպետների շարքում, որոնք նշանակվելու են այլ աշխատանքի, որը անհամեմատ ավելի պակաս պատասխանատվություն է ենթադրում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում խոստովանել, որ իր կադրային քաղաքականությունը ձախողվել է, ուստի ձախողված կադրերին ոչ թե հեռացնում է իշխանությունից, այլ ինչ-որ անշառ գործ է տալիս»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանին իր կամքին հակառակ են տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։ «Նման հիվանդին պահելու, պատշաճ բուժօգնություն տրամադրելու հնարավորություն այդ հիվանդանոցը չունի, անգամ ավելի թեթեւ հիվանդությամբ տառապողներին են այդ հիվանդանոցից ուղղորդում քաղաքացիական հիվանդանոցներ»,- ասաց Մ. Գրիգորյանի բժիշկ Արտակ Մանուկյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ Մ. Գրիգորյանը կտրուկ հրաժարվել է բուժումներից, այդ թվում եւ ինսուլինից, որն ստանում է մեծ չափաքանակով: Բա ի՞նչ է լինելու։ «Հնարավոր է ընկնի կոմայի մեջ»: Ե՞վ: «Եվ-ի պատասխանը ե՛ս չպետք է տամ»: Իսկ ճի՞շտ է, որ պահանջ է դրված՝ եթե նա որոշակի գումարներ «մուծվի», ինչպես մնացյալք, կալանքից կազատվի, ավելին` պատկան մարմինների կողմից դեռ «փնտրվում» է շատ մեծ ոսկին, ինչի մասին խոսվում էր գեներալի կալանավորման օրերին։ «Նման հարցերով` իրավապահներին, մենք միայն բուժում ենք»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանություններն արգելում են գործող համայնքապետերին առաջադրվել: Նրանց կանչում են մարզպետարաններ եւ մարզպետի կամ փոխմարզպետի մակարդակով հայտնում, որ եթե որոշեն առաջադրել իրենց թեկնածությունը, ապա խնդիր կունենան իշխանության հետ: Համայնքապետերն էլ հնազանդորեն ենթարկվում են վերեւից իջեցված հրահանգին, որովհետեւ ոչ մեկը չի ուզում խնդիր ունենալ: Նոր իշխանությունը չի վստահում ՀՀԿ-ական համայնքապետերին ու դպրոցի տնօրեններին, եւ նրանց փոխարինելով յուրայիններով՝ ուզում է իր համար տեղերում հենարան ստեղծել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին