▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ քայլը» հարցաքննելու է մարզպետներին. սպասվում են պաշտոնանկություններ

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը կրկին խոսել է Լեո 35 տան մասին:  Նիստում նա նշեց. «Պարոն քաղաքապետ, դուք մեկ անգամ ասացիք՝ սրտաճմլիկ բաներ եք ասում, մեր քաղաքում շատ մարդիկ բնակֆոնդի կարիք ունեն: Ես մեկ փաստ կարող եմ արձանագրել, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը եղել է այնտեղ, բայց, ցավոք, իր ֆիզիկական կառուցվածքի պատճառով չի կարողացել ներս մտնել: Որովհետեւ դա մի հյուղակ է»:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հաստատեց, որ ինքը եղել է այնտեղ, նաեւ Կենտրոնի վարչական շրջանի աշխատակիցները, ապա դիմելով Հայկ Մարությանին ասաց՝ վիճակը շատ ծանր է. «Մի քանի անգամ ենք եղել այնտեղ, մենք բանակցում ենք իրենց հետ, էնտեղ կան հարակից բնակիչներ, որոնք դեմ են, որ ծառը կտրվի: Դուք ճիշտ եք, վիճակը շատ ծանր է, ծառը իրենց պապն է տնկել, հետո հարեւանները չեն թողել ծառը կտրվի, դա բերել է շենքի եւ տանիքի դեֆորմացիայի: Մեր պարգեւավճարներից ֆոնդ էինք առանձնացել, քար էինք գնել, եւ արդեն պետք է մոտենայինք այն հարցով, թե ով կարող էր մեզ օգնել կառուցապատման հարցում, բայց մի քիչ երկարեց, որովհետեւ հարակից փակ շուկայի սեփականատերը սկսել է գնել  բոլոր տները, եթե չեմ սխալվում երկու հազար քառակուսի մետր գնել է արդեն: Մենք առաջարկել ենք՝ գուցե այդ տունը գնի, սպասում ենք իրենց պատասխանին, դրա համար է այս պահին բանակցությունները կանգ են առել»:

Նշենք, որ Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» սեփականատերը համարվում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 4-ից Արցախում մեկնարկած ստորագրահավաքին արդեն միացել է 15 հազար քաղաքացի: Ինչպես հայտնի է, այն սկսվել է Սահմանադրության 48-րդ հոդվածը փոփոխելու համար, որը նախաձեռնել են Արցախի հերոս Սամվել Բաբայանի կողմնակիցները, որպեսզի վերջինս հնարավորություն ստանա առաջադրվելու որպես Արցախի նախագահի թեկնածու:

Սակայն այդքան ստորագրությունները բավարար չեն հարցը հանրաքվեի դնելու համար, եւ այն պետք է դեռ քննարկվի խորհրդարանում, ընդունվի պատգամավորների ձայների 2/3-րդով. ստացվում է՝ պատգամավորների ձայներն են որոշիչ լինելու:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Բաղունցի հետ, որը դեմ արտահայտվեց Սահմանադրությունում այն դրույթի ավելացմանը, որը հնարավորություն կտա նաեւ ՀՀ քաղաքացիներին առաջադրվել որպես Արցախի նախագահի կամ պատգամավորի թեկնածու: «Իհարկե դեմ եմ: Կան երկու հայկական հանրապետություններ, եւ Արցախն առանձին պետություն է», - նշեց նա»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Նրանք, այսպես կոչված, գորգի վրա կպատասխանեն իշխող խմբակցության ներկայացուցիչների հարցերին։

Ըստ նախնական լուրերի՝ բոլոր 10 մարզպետներն էլ ներկայանալու են ԱԺ։ Մեր տեղեկություններով՝ առաջիկայում որոշ մարզպետներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։ Նիկոլ Փաշինյանը նոր մարզպետացուների փնտրտուքների մեջ է՝ իշխանությունում հասկացել են, որ այս կոնտինգենտն առաջինը պետք է «վեթինգի» ենթարկվի, որովհետեւ մարզերից եւ մարզպետարաններից խայտառակ լուրեր են հասնում մայրաքաղաք»:

 

 

 

 

 

 

 

 

«Փաստ» թերթը գրում է. «Լրագրողների ուշադրությունից չի վրիպում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վերջերս ԱԺ լիագումար նիստերին չի մասնակցում: Ասում են՝ բավականին նեղացած ու զայրացած է:

 Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Աբովյանում Միքայելյանը չպաշտպանեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի թեկնածուին, վերջինիս մամուլի քարտուղարն էլ մեր հետ զրույցում չէր հերքել, որ այդ հարցը կքննարկվի ՔՊԿ-ում:

Այնուհետ Սասուն Միքայելյանը բավականին անակնկալ կերպով չընտրվեց ՔՊ նոր վարչության կազմում՝ չնայած մինչեւ ԵԿՄ նախագահ ընտրվելը այդ կուսակցության վարչության գործող նախագահն էր:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նա նեղ շրջապատում հայտնել է, որ առաջիկայում իր պատգամավորական մանդատը «շպրտելու է դեմքներին»: Երեկ ողջ օրը պատգամավորի հետ կապ հաստատել չհաջողվեց. նրա հեռախոսահամարն անհասանելի էր:

Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել իրավասու անձանց հետ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ ընդունարանից ասացին, որ զբաղված է (հանդիպման է): Մինչեւ թերթի՝ տպարան ուղարկելը այդպես էլ արձագանք չստացանք: Խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն էլ էր զբաղված:

ՔՊԿ վարչության կազմից հնարավոր եղավ կապ հաստատել միայն ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ, ով մասնավորաբար ասաց. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել, չնայած կարծում եմ, որ անհեթեթություն է: Հարցին հստակ պատասխան կարող է տալ միայն պարոն Միքայելյանը»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում կադրային վերադասավորումները կշարունակվեն։ Մեր տեղեկություններով՝ առաջիկայում եւս մեկ նշանակում կլինի․ Քննչական կոմիտեի ղեկավար կնշանակվի Իգոր Գրիգորյանը, ով նախկինում եղել է ոստիկանության քննչական վարչության պետը, ոստիկանապետ։

Հիշեցնենք, որ երեկ Բակո Սահակյանի հրամանագրով Արշավիր Ղարամյանը նշանակվեց ԱԱԽ քարտուղար, իսկ մի քանի օր առաջ էլ Լեւոն Մնացականյանը՝ ոստիկանապետ։ Նշված երեք անուններն էլ Բակո Սահակյանի ամենամտերիմ զինակիցներն են։

Օրերս նաեւ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ է նշանակվել Միքայել Արզումանյանը, որին մեկ տարի առաջ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ազատել էր Նիկոլ Փաշինյանը:

Այս նշանակումները ոմանք մեկնաբանում են նրանով, որ Արցախի իշխանությունները դիրքավորվում են, քանի որ լուրեր կան, որ վճռական պահին հնարավոր է ՀՀ իշխանություններն Արցախում խժդժություններ սկսեն, ուստի առանցքային պաշտոններում վստահելի մարդկանց են նշանակում։

Չի բացառվում, որ Սահմանադրությունը փոխելու հանրաքվեի մերժումից հետո Սամվել Բաբայանն իր կողմնակիցներին հանի փողոց»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը ԵՊՀ-ում տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, օրակարգում 2018 թ․ բյուջեի կատարողականը, աուդիտի եզրակացությունը, գիտխորհրդի որոշումներին եւ կառուցվածքին վերաբերող հարցեր են:

Ամենաինտրիգայինը կառուցվածքի հարցն է: 3 «կարեւոր» փոփոխություն կլինի` ԵՊՀ հաշվեկշռի վրա «կնստի» Բյուրականի ուսումնաարտադրական բազան, որը հետո կմասնավորեցվի: Բազայի տնօրեն Արտակ Կարապետյանից հետաքրքրվեցինք` ճի՞շտ են լուրերը։ «Տեղյակ չեմ, գարնանը` դեռ ձյուն էր, եկան պետգույքից, նայեցին, չափեցին, նկարեցին, գնացին, հետո ո՛չ ձեն, ո՛չ ձուն։ Եթե ինձ հարցնեք, ես շահագրգիռ եմ, որ չմասնավորեցվի»:

Հաջորդ փոփոխությունը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարումն է, որը ղեկավարում է ՀՀԿ-ական Վահագն Վարագյանը, որն էլ իր «կոնտրոլի» տակ էր պահում ուսխորհրդի 25 տոկոսը։ Կենտրոնը կմիացնեն ԵՊՀ շրջանավարտների կենտրոնին, նոր ղեկավար հնարավոր է դառնա «Ռեստարտի» Դավիթ Պետրոսյանը:

Երրորդ փոփոխությունն էլ պակաս ինտրիգային չէ. պրոռեկտորների հաստիքների անվանափոխում կիրականացվի։ «Նպատակն է` ազատվել նախկին պրոռեկտորներից. նրանք ծանուցում կստանան, ապա կդադարեն պաշտոնավարել, պրոռեկտորներ կդառնան նրանք, ովքեր կապահովեն Հովհաննես Հովհաննիսյանի հաղթական մուտքը ռեկտորի պաշտոնում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին