▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործի են անցնում. Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Աննա Մարգարյանին մի քանի անգամ առաջարկել են ԲԴԽ թեկնածու լինել, սակայն վերջինս հրաժարվել է, եւ դատելով երեկվա հանդիպումից` նրան կարողացել են համոզել:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մինչ արդեն ընտրված Գրիգոր Բեքմեզյանին ԲԴԽ անդամ դառնալու առաջարկ անելը նման առաջարկ է արվել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանին, սակայն վերջինս եւս հրաժարվել է: Ի դեպ, 2013 թվականին Սերժ Սարգսյանը Գաբուզյանին շնորհել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

Եվ մինչ Ազգային ժողովը ընտրում է ԲԴԽ թեկնածուին, դատական համակարգում հուլիսի 11-ին կընտրեն դատավորների թեկնածուներին, իսկ այս օրերին ցուցակն են կազմում: Եվ դատավորներից ով չունի 10 տարվա աշխատանքային փորձ, այդ ցուցակում չի լինի»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ծննդյան տարեդարձը նշել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում: Ի դեպ, նախարարն իր ծննդյան տարեդարձը նշել է բարձր տեխնոլոգիաների եւ ռազմաարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Էդգար Առաքելյանի, Համազասպ Դանիելյանի եւ այլոց հետ:

Նշենք, որ իշխանության ներկայացուցիչները ծննդյան արարողությանը մասնակցել են ընտանիքներով: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը «Մարիոթ» հյուրանոցից հետաքրքրվեց, թե որքան արժե այնտեղ մեկ անձի սպասարկումը: Պարզվեց` հյուրանոցն առաջարկում է տարբեր գներ ունեցող փաթեթներ, որոնք սկսվում են 10 հազար դրամից. կան 12 հազար, 14 հազար, 16 հազար եւ 22 հազար դրամանոց փաթեթներ:

Ի դեպ, այս փաթեթներում ներառված չէ ալկոհոլային խմիչքը. դրանք առանձին գներ ունեն, ինչը գրեթե կրկնակի է դարձնում 1 հոգու համար սահմանված գինը»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հունիսի 26-ին, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նամակով դիմել է ՍԴ անդամներին եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական մարմիններին՝ ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված:

Նամակը թեեւ գաղտնի չէ, սակայն այն չի հրապարակվում: Մեր տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի անդամների շրջանում խուճապի հասնող տրամադրություններ կան. երեկ նրանք աշխատանքային ժամից հետո մնացել են մինչեւ ուշ երեկո՝ քննարկելու համար վերոնշյալ նամակը»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստին կարող է մասնակցեն նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Ղուկասյանն ու Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի՝ «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» հայտարարությունը վրդովել էր Գագիկ Ծառուկյանին, եւ Վարդան Ղուկասյանին տեղեկացրել էին, որ միառժամանակ «չերեւա» խորհրդարանում:

Իսկ, ահա, Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարել էր իր գործունեության դադարեցման մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը զիջումների է գնացել եւ կուսակիցների միջոցով վերջիններիս հորդորել գալ խորհրդարան:

Եվ չնայած Գագիկ Ծառուկյանը «ներել է» Ղուկասյանին, սակայն պատգամավորը շարունակում է պնդել իր դիրքորոշումը, ու անհասկանալի է, թե ինչ իրավիճակ կստեղծվի, եթե կրկին Ղուկասյանին հարց տան Քոչարյանի կալանավորման մասին»:

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ժամանակին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ «սրբազան պատերազմ» սկսած, համակարգից արտահոսքեր ապահովող, շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, որը ամենահարմարավետն ու փափուկն է տեղավորվել նոր իշխանությունների, հատկապես Նիկոլ Փաշինյանի կողքին, ըստ մեր աղբյուրների, շարունակում է իր «ինտենսիվ» գործունեությունը, եւ ըստ նույն աղբյուրի` նա է կանգնած Ղարաբաղյան «դավադրության տեսության» եւ ղարաբաղյան գեներալիտետի դեմ պայքարի ու դեմարշի հիմքերում. «Պարբերաբար Արցախում լինող Մոսինը «օպերատիվ» տվյալներ է «բերում» իր հետ Հայաստան, զեկուցում Փաշինյանին»:

Հիշենք, որ բանակի նյութական ապահովման հետ կապված Մովսես Հակոբյանն անչափ լուրջ խնդիրներ ուներ` խախտումների մասով, անգամ խոսվում էր պատասխանատվության կանչելու մասին:

Ընդ որում, վերջինիս անունը ոչ մի կերպ չի հնչում նաեւ մարտի մեկի մասով, երբ այդ օրերին ինքն էր Արցախի պաշտպանության նախարարը, եւ հարցաքննության կանչված իր տեղակալ Օգանովսկին` Սամվել Կարապետյանը, քննչական մարմնին ասել էր. «Ինչի՞ եք ինձ կանչել, ու ոչ բուն պատասխանատուին»:

«Մի մոռացեք, որ Մովսես Հակոբյանի նկատմամբ այդ հատուկ վերաբերմունքը ձեւավորում է վերջերս մեր թիմակից ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը. նա Մ. Հակոբյանի քրոջ որդին է»,- մանրամասնեց «Իմ քայլի» մեր աղբյուրը»:

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ջհանգիրյանը կարող է նշանակվել Արարատի մարզպետ: Ջհանգիրյանը Արարատի մարզի Արարատ գյուղից է, Վազգեն Սարգսյանի համագյուղացին:

Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր գործող մարզպետները չեն կարողանում տեղերում իրավիճակը պահել իրենց հսկողության տակ, եւ շատերը դա ընդունում են որպես անիշխանություն:  

Հիմա փորձ է արվում տեղերում նշանակել մարդկանց, որոնք կկարողանան մարզում լիակատար վերահսկողություն հաստատել»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քաղաքացիների կողմից հաճախ են դժգոհություններ եղել այն մասին, որ կառավարությանը, մարզպետներին եւ այլ պաշտոնյաներին ուղղված գրությունները, դիմում-բողոքները հաճախ չեն հասնում հենց իրենց, եւ ենթականերն էլ հաճախ չեն տեղեկացնում այդ մասին իրենց վերադասներին: Այս խնդրի մասին հաճախ խոստովանել են հենց իրենք, անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ պետք է մեխանիզմ լինի, որը կբացառի նման դեպքերը: 
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ որոշում է ստորագրել, որով ստեղծվելու է պետական կառավարման համակարգի մարմիններին եւ մարզպետարաններին ուղղվող դիմում-բողոքների ընթացակարգերին առնչվող խնդիրներն ուսումնասիրող եւ բարեփոխումների առաջարկություններ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ: Տեղեկացանք, որ կազմում ընդգրկված են լինելու այն աշխատակիցները, որոնք պատասխանատու են քաղաքացիների հետ աշխատանքում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին